Բորելը հաստատել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային թույլատրել է մինչև 300 կմ հեռահարությամբ հարվածներ հասցնել Ռուսաստանին
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հաստատել է, որ Սպիտակ տունը հանել է Ուկրաինայի կողմից ամերիկյան զենքերով Ռուսաստանի տարածքի խորքերը հարվածելու սահմանափակումները։ Այս մասին նա հայտնել է նոյեմբերի 18-ին ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Նախագահ Բայդենի վարչակազմը թույլատրել է ամերիկյան զենքերի կիրառումը Ռուսաստանի տարածքում՝ մինչև 300 կմ հեռավորության վրա», – ասել է Բորելը։ Խոսքը գնում է ամերիկյան ATACMS հրթիռների մասին, որոնց հեռահարությունը 306 կմ է։
«Դա շատ մեծ հեռավորություն չէ, դա չի գնում երկրի խորքերը, բայց սա Բայդենի վարչակազմի որոշումն է։ Ինչո՞ւ է այս որոշումն ընդունվել հիմա և ոչ թե ընտրություններից առաջ՝ չգիտեմ», – հավելել է նա։
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը չի բացահայտել իր աղբյուրները. ԱՄՆ պաշտոնյաները դեռ չեն հաստատել, որ Ուկրաինային թույլատրվել է ամերիկյան հեռահար զենք օգտագործել Ռուսաստանի դեմ։
Ամերիկյան բազմաթիվ լրատվամիջոցներ, վկայակոչելով իրենց աղբյուրներին, հայտնել են, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արտոնել է ուկրաինացի զինվորականների կողմից ATACMS հրթիռների կիրառումը Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու համար:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ամերիկյան զենքով Ռուսաստանի խորքերը հարվածելու թույլտվությունը Կիևին, եթե նման բան իրոք եղել է, կնշանավորի լարվածության որակապես նոր շրջափուլ և Վաշինգտոնի ներգրավվածության նոր մակարդակ Ուկրաինայում ընթացող հակամարտության մեջ։