Դեկտեմբերից վերաձևավորվելու է Երևան-Բաքու բանակցային օրակարգը․ ռուս վերլուծաբան

Ադրբեջանում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի COP29 միջազգային համաժողովին զուգահեռ՝ Ադրբեջանի իշխանությունները փորձում են կառուցողական դիրքավորվել միջազգային հանրության աչքում՝ խոստանալով Երևանի հետ ակտիվ բանակցային գործընթաց սկսել դեկտեմբերին։

Մինչ Ալիևը քննադատում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին, մասնավորապես՝ Ֆրանսիային, Միացյալ Նահանգներին, Արևմուտքին, հպարտանում իր քաղաքականության հաջողություններով, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն դեկտեմբերին կվերսկսեն խաղաղության պայմանագրի տեքստի քննարկումը։ «Մինչև նոյեմբերի վերջ Ադրբեջանի օրակարգի հիմնական թեման COP29-ն է։ Դեկտեմբերից սկսած՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր գործընթաց կսկսվի խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների վերաբերյալ»,- ասել է Հաջիևը։ Նա նաև հավելել է, որ փաստաթղթի տեքստը որոշակի հարցեր է պարունակում, ուստի փորձագիտական ​​մակարդակով քննարկումներն ու բանակցությունները շարունակվում են, և դեկտեմբերից նոր գործընթաց կսկսվի։

Միևնույն ժամանակ Երևանից հայտարարում են՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում Հայաստանն ու Ադրբեջանը կարող են ունենալ փոխադարձ ընդունելի լուծում։ Այսօր խորհրդարանի ամբիոնից Փաշինյանը, մանրամասներ ներկայացնելով մոտ 20 օր առաջ Կազանում տեղի ունեցած բանակցություններից, ասաց, որ այդ առաջարկը գրավոր ձևով փոխանցել են Ադրբեջանին։ Իր հերթին՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասել էր, թե Հայաստանն ու Ադրբեջանն ինտենսիվ բանակցում են երկաթգծի գործարկման շուրջ։

Փաշինյանը, ով դեռ չի իրագործել իր «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, Ադրբեջանի հետ խաղաղ ապրելու համար մի նոր գաղափար էլ ունի՝ այդ երկրի հետ կնքել ռազմավարական գործարք: Նախօրեին նա մանրամասներ է հայտնել ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակում իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից՝ նշելով, որ նման երկար խոսակցություն վաղուց կամ ընդհանրապես չեն ունեցել։

Կարդացեք նաև

«Ամենակարևոր հատվածը, իմ կարծիքով, որ միտք է հնչել. Հայաստանը և Ադրբեջանն ունեն ոչ միայն խաղաղ համակեցության և խաղաղ գոյության համար խաղաղության պայմանագրի և տարբեր պայմանագրերի կարիք, այլ նաև, իմ կարծիքով, ունեն ռազմավարական գործարք կնքելու կարիք այն մասին, թե ինչ բանաձևերի շրջանակում ենք մենք առաջիկա հարյուրամյակներում, որպես անկախ պետություն՝ պատրաստվում կողք կողքի ապրելու, որովհետև,կարծում եմ, որ սա ամենակարևոր և ֆունդամենտալ հարցն է»,- ընդգծել է Փաշինյանը։

Նա նաև նշել է, որ որոշակի պատկերացումներ ունի այդ ռազմավարական գործարքի վերաբերյալ։

«Մեծ հաշվով կարող եմ ասել, որ մենք ունենք պատկերացումներ այդ ռազմավարական գործարքի վերաբերյալ։ Ռազմավարական գործարքի մասին մեր պատկերացումը հենվում է «Իրական Հայաստանի» հայեցակարգի վրա։ Եվ այդ խոսակցությունը շատ կարևոր եմ համարում՝ չնայած այդ խոսակցությունը պետք է քաղաքական դրսևորումներ ունենա»,- ասել է Փաշինյանը։

Ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ տրամաբանական է, որ նման մասշտաբային միջազգային համաժողովից հետո, որը բավականին շատ ռեսուրս պահանջող միջոցառում է, Ադրբեջանը կկենտրոնանա Երևանի հետ բանակցությունների վրա։

Նրա խոսքով, մի իրավիճակում, երբ կողմերը համաձայնեցրել են համաձայնագրի մեծ մասը, անտրամաբանական է թվում ուժի գործոնը դիտարկելը։

Սակայն, ըստ վերլուծաբանի, այս հարաբերություններում ամեն բան միանշանակ չէ։

«Եթե կողմերը դեռ չեն ավարտել համաձայնագրի վրա աշխատանքը ու կարող էին այն ստորագրել նույնիսկ ամիսներ առաջ, ինչո՞ւ են հիմա որոշում օրակարգում ավելացնել ինչ-որ նոր բան՝ ռազմավարական գործարք, ի՞նչ է դա իրենից ներկայացնելու, բարդ է հասկանալ, թե ինչո՞ւ է առաջացել դրա անհրաժեշտությունը, ևս պարզ չէ, ի՞նչ խնդիր է այն լուծելու․․․ հարցերը չափազանց շատ են։ Ինչո՞ւ է այս թեման բացվում, երբ կողմերը դեռ չեն ավարտել խաղաղության համաձայնագրի համաձայնեցումը և չեն ստորագրել այն։

Սա նշանակում է, որ իսկապես դեկտեմբերից բանակցային օրակարգը վերաձևավորվելու է, եթե հայկական կողմը խոսում է նոր գործարքի անհրաժեշտության մասին, իսկ Ադրբեջանն էլ հայտարարում է դեկտեմբերից նոր գործընթացի մասին։ Սակայն անորոշությունը շատ է, թե ինչու է սա արվում, միգուցե՞ սա պայմանավորված է աշխարհաքաղաքական իրավիճակով՝ կրկին միտված է երկարաձգել իրավիճակը մինչ նոր ստատուս-քվոյի ձևավորումը։

Չի բացառվում նաև, որ կողմերը փորձեն ժամանակ շահել, մինչ Թրամփի վարչակազմի աշխատանքի մեկնարկը և Հարավային Կովկասում ԱՄՆ վեկտորների ուրվագծումը։ Չի բացառվում նաև, որ սրանով ավարտվում է Բայդենի վարչակազմի ներդրած ջանքերի արդյունք փաստաթղթի շուրջ աշխատանքը՝ հիմքեր գցելով նոր իրավիճակում նոր պայմանավորվածությունների համար»,- նման կարծիք հայտնեց Խրամչիխինը։

Նրա կարծիքով, որքան երկարաձգվում են բանակցությունները, այնքան ռեգիոնալ կայունության համար սպառնալիքները շարունակվում են։ Բայց մյուս կողմից՝ վերլուծաբանը գտնում է, որ չկային պատրանքներ, որ մի համաձայնագրի ստորագրմամբ կողմերի միջև առկա  հարցերն ամբողջությամբ լուծվելու են։

«Ակնհայտ էր թվում, որ բանակցությունները տարբեր ուղղություններով շարունակվելու են, ոչ միայն բանակցությունները, այլև կողմերի միջև տարաձայնություններն ու խնդիրները։ Եթե չկա կոնսենսուս, ապա լարման վտանգը պահպանվում է մշտապես, հատկապես այն դեպքում, երբ Ադրբեջանը հենց այդ միջոցով է իր ռազմավարական խնդիրը լուծել, որը չի թաքցնում իր հայտարարություններում։

Ներկայումս, սակայն, ամենակարևորն այն է, որ կողմերը վերաձևավորում են օրակարգը, ամենայն հավանականությամբ, ներառելով բանակցության ենթակա նոր հարցեր։ Այս ֆոնին ներկայումս բանակցվող համաձայնագիրը երկրորդ պլան է մղվում, եթե, իհարկե, իսկապես կողմերը շարունակեն այն, ինչ հայտարարում են։ Միգուցե միջնորդի հարցում ևս անակնկալներ լինեն»,- նկատեց Խրամչիխինը։

Տեսանյութեր

Լրահոս