Բաժիններ՝

Արգենտինայում գնաճը տարեսկզբից հասել է 107 %-ի

Արգենտինայում հոկտեմբերին գնաճը կազմել է 2,7 %, իսկ տարեսկզբից՝ 107 %: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով հանրապետության Վիճակագրության և մարդահամարի ինստիտուտի հրապարակած տվյալները։

«Սպառողական գների ինդեքսի ընդհանուր մակարդակը 2024 թվականի հոկտեմբերին աճել է 2,7 տոկոսով, տարեսկզբից՝ 107 տոկոսով: Անցյալ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճը կազմել է 193 տոկոս», – ասված է զեկույցում։

Հոկտեմբերի ցուցանիշը դարձել է ամենացածրը 2021 թվականի նոյեմբերից ի վեր՝ հաստատելով գնաճի տեմպերի դանդաղման միտումը։ Հոկտեմբերին ինդեքսի վրա ամենից ուժեղ ազդել է կոմունալ ծառայությունների (+5,4 %), հագուստի (+4,4 %), ինչպես նաև հյուրանոցային և ռեստորանային բիզնեսի ծառայությունների (+4,3 %) գների աճը։

Արգենտինան արդեն մի քանի տարի ամենաբարձր գնաճ ունեցող երկրների թվում է։ 2023 թվականի արդյունքներով՝ գների աճը երկրում կազմել է 211,4 %, 2022 թվականին՝ 94,8 %, 2021 թվականին՝ 50,9 %։ Գների աճը զգալիորեն արագացել է 2023 թվականի նոյեմբերի 19-ին Խավիեր Միլեյի նախագահ ընտրվելուց հետո:

Նրա կառավարության առաջին միջոցներից մեկը դոլարի պաշտոնական փոխարժեքի բարձրացումն էր 366 պեսոյից մինչև 800 պեսո։Միլեյը պետության ղեկավարի պաշտոնում իր առաջին ելույթում հայտարարել էր տնտեսության մեջ շոկային միջոցների անհրաժեշտության մասին։ Վիճակագրության և մարդահամարի ինստիտուտի տվյալներով՝ այս տարվա առաջին կիսամյակում երկրում աղքատության մակարդակը 41,7 %-ից հասել է 52,9 %-ի, իսկ ՀՆԱ-ն նույն ժամանակահատվածում նվազել է 3,4 %-ով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս