ԱՄՆ ընտրությունների հետ կապված՝ որոշակի դադար կլինի Հայաստան-Ադրբեջան պրոցեսներում․ քաղաքագետ
ՄԱԿ-ի կլիմայի փոփոխությունների՝ COP29 գագաթնաժողովը մեկնարկեց առանց հայկական կողմի ներկայության, բայց Ալիևն իր ելույթներում հիշեց Հայաստանի ու զավթված Արցախի մասին՝ նոր ագրեսիվ հռետորաբանությամբ։
Ադրբեջանի նախագահը մեղադրեց նաև արևմտյան որոշ երկրների, բնապահպան և հասարակական կազմակերպությունների COP29-ը Բաքվում անցկացնելը խափանելու փորձերի համար, քանի որ մինչ այս հնչում էին կոչեր՝ չգնալ մարդու իրավունքները ոտնահարող, բնապահպանական բազմաթիվ խախտումներով նավթ արդյունահանող Ադրբեջան։
Ի դեպ, այս օրերին զուգահեռաբար Ադրբեջանը չմոռացավ խոսել նաև «Խաղաղության պայմանագիր» կոչված փաստաթղթի մասին․ նախ Իլհամ Ալիևը վստահեցրեց, թե Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության պայմանագրի վերջնական համաձայնությանը, ապա նրա օգնականը տեղեկացրեց, որ Ադրբեջանն ու Հայաստանը հաջորդ ամիս կվերադառնան խաղաղության պայմանագրի տեքստի քննարկմանը։
Թե ինչո՞ւ արևմտյան տարբեր շրջանակների կողմից միայն փորձերի մակարդակում մնաց Ադրբեջանում COP29 գագաթնաժողովի անցկացման դեմ բոյկոտը՝ հարցի պատասխանը քաղաքագետ Դավիթ Հարությունովը պարզաբանում է Արևմուտքի կողմից արդեն դրսևորված բաց քաղաքականությամբ, որով մի կողմից՝ քննադատում է Ադրբեջանին, մյուս կողմից՝ գործակցում։
Արևմուտքի քննադատությունը միշտ մնում է քննադատության մակարդակի
«Քննադատությունը միշտ մնում է քննադատության մակարդակի, այսինքն՝ ինչ-որ լուրջ ճնշում, որը կարող է բերել քաղաքականության փոփոխության, մենք ոչ մի փուլում չենք տեսել՝ ոչ այժմ, ոչ Արցախի հետ կապված իրավիճակում։
Պետք է հաշվի առնել, որ այդ քննադատության հետ մեկտեղ՝ Արևմուտքը մշտապես նշում է Ադրբեջանի նշանակությունը Եվրամիության էներգետիկ անվտանգության տեսակետից,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց Դավիթ Հարությունովը՝ նկատելով նաև, որ Արևմուտքը միասնական չէ առհասարակ՝ ինչպես այլ հարցերում, այնպես էլ՝ այս,- Կան երկրներ, որոնց հետ Ադրբեջանը շատ ակտիվ աշխատում է, երկրներ, որոնք կախված են էներգակիրների գործող կամ հնարավոր մատակարարումներից, երկրներ, որոնք նաև աջակցում են Ադրբեջանին։ Այս գործոնները բավարար էին, որ СOP29-ի հետ լուրջ ակնկալիքներ չկապվեին»։
Ադրբեջանը մաքսիմումը կարող է իմիջային կորուստներ ունենալ, սակայն դա գործնականում ոչինչ չի փոխի
Ունենալով նախադեպեր, պետք չէ՞ նաև հույսեր կապել Արդարադատության միջազգային դատարանի` 2024 թվականի նոյեմբերի 12-ի վճիռների հետ՝ հետաքրքրվեցինք քաղաքագետից։ Նա, ի պատասխան, նշեց, որ կառույցը կարող է որոշումներ ընդունել, սակայն այդ ամենը կիրարկելու լծակներ չունի, ինչի ականատեսը եղանք նաև Արցախի շրջափակման օրերին։
«Այդտեղ Ադրբեջանը կարող է մաքսիսումը իմիջային կորուստներ ունենալ, սակայն դա գործնականում ոչինչ չի փոխի»,- շեշտեց Դավիթ Հարությունովը։
Ի դեպ, որպես վերջին օրինակ՝ մասնագետը խոսեց Պաղեստինի շուրջ կատարվողի մասին՝ շեշտելով, որ կան դատարանի որոշումներ, սակայն դրանք չեն ազդում Գազայում իրավիճակի վրա։
Պետք է շատ կտրուկ քաղաքական փոփոխություններ լինեն, կոշտ ճնշումներ, որ Բաքուն գնա այդ քայլին
СOP29-ի հետ վերջին շրջանում կապվում էր նաև Բաքվում պահվող հայ գերիների խնդիրը․ այդ հարցում, սակայն, քաղաքագետն Ադրբեջանից լուրջ զիջումների սպասումներ չունի։ Մասնավորապես, ըստ նրա, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն առնչվող որոշումներում քիչ է հավանական, թե ինչ-որ բան կփոխվի։
Դավիթ Հարությունովն արձանագրեց՝ Ադրբեջանի իշխանությունները քարոզչական նպատակներով ներսում այնպիսի հռետորաբանություն են զարգացրել, որ արդեն շատ դժվար կլինի նախ իրենց հասարակությանը համոզել, թե ինչու են ազատ արձակում, եթե անգամ դրա հնարավորություն լինի։
«Պետք է շատ կտրուկ քաղաքական փոփոխություններ լինեն, կոշտ ճնշումներ, որ Բաքուն գնա այդ քայլին,- ասաց նա, ապա խոսելով մյուս գերիների ու պահվող անձանց խնդրի մասին՝ հավելեց,- Փորձը ցույց տվեց, որ այս հարցում իրենք ինչ-ինչ կոմպրոմիսների գնում են, բայց դարձյալ պետք է լծակներ լինեն։ ՄԱԿ-ի միջոցառումը Բաքվում անցկացնելու որոշումը կայացվեց Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական լայնածավալ հարձակումից և Արցախի հայաթափումից ընդամենը երեք ամիս անց՝ 2023 թվականի դեկտեմբերին։ Որոշումն ընդունվեց նաև պաշտոնական Երևանի աջակցության շնորհիվ, ինչի դիմաց Բաքուն համաձայնեց արձակել 32 հայ ռազմագերիների»։
Ադրբեջանն առանձնապես շահագրգռված չէ կնքել այդ պայմանագիրը
Քաղաքագետը քիչ հավանական համարեց նաև «Խաղաղության պայմանագրի» մոտալուտ կնքման մասին հայտարարությունները՝ ոչ միայն բովանդակային, այլև տեխնիկական հնարավորությունների տեսանկյունից։
Նախ, մասնագետի դիտարկմամբ՝ Ադրբեջանն առանձնապես շահագրգռված չէ կնքել այդ պայմանագիրը, և հետո՝ պահանջները, որ Բաքուն ներկայացնում է Հայաստանին՝ ՀՀ Սահմանադրությունը փոխելու, ապառազմականացման մասին, ինչպես նաև՝ ադրբեջանցի փորձագետի գաղտնազերծած պայմանները՝ եվրոպացի դիտորդներին հայ-ադրբեջանական սահմանից դուրս բերելու և Ադրբեջանի ու Հայաստանի միջև միջազգային իրավական վեճերի բացառման առնչությամբ, նրա համոզմամբ՝ տեխնիկապես բարդ իրագործելի են, եթե անգամ Հայաստանը համաձայնի։
«Եթե անգամ ՀՀ իշխանություները որոշեն Սահմանադրությունը փոխել, չեն կարող 1 ամսում փոխել, ու բաց է մնում հարցը՝ կստացվի՞ այդ հանրաքվեն անցկացնել, և արդյո՞ք այն կավարտվի այնպես, ինչպես պետք է ՀՀ իշխանություններին»,- ընդգծեց նա։
Ի՞նչ է սպասվում Երևանին ու Բաքվին COP29-ից հետո
Մեր հաջորդ հարցին ի պատասխան, թե ի՞նչ է սպասվում Երևանին ու Բաքվին COP29-ից հետո, Դավիթ Հարությունովը հետևյալ դիտարկումներն արեց․
«Ադրբեջանի ձեռքերը, ռազմական ճնշման առումով, որոշ չափով կապված են, այսինքն՝ միջոցառման ֆոնին իրենք չեն սկսի կոնֆլիկտային իրավիճակ Հայաստանի հետ, բայց չի բացառվում, որ համաժողովի ավարտից հետո Բաքուն ուժեղացնի ռազմական ճնշումը սահմանին։
Բացի դրանից՝ կա նաև այլ խնդիր, որը կապված է ԱՄՆ ընտրությունների հետ․ այս առումով ևս որոշակի դադար կլինի պրոցեսներում՝ կապված հանգամանքի հետ, որ երկու կողմերը սպասելու են, թե նոր աշխատակազմն ինչ քաղաքականություն է իրականացնելու, որովհետև գործոններից մեկը, որը ճնշում էր կողմերին՝ շարունակել պրոցեսը և գալ խաղաղության պայմանագրին, Բայդենի աշխատակազմի դիրքորոշումն էր։ Այլ հարց է, թե ինչքանով էր էֆեկտիվ այդ ճնշումը»։