Հանցագործի սրտաճմլիկ ելույթը զոհի հոգեհանգստին
Երեկ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի 28-ամյակին նվիրված միջոցառմանը և, սովորության համաձայն, բոցաշունչ ելույթ է ունեցել Տեղական ինքնակառավարման (ՏԻՄ) համակարգի կարևորության ու դրա կայացման գործում իր իշխանության հետևողականության մասին:
Նիկոլ Փաշինյանի այդ ելույթը, սակայն, իրականում պետք է հրապարակվեր՝ ոչ թե որպես պաշտոնական խոսք, այլ՝ որպես առնվազն տրագիկոմիկ ժանրի սատիրայի արտահայտություն։
Խնդիրն այն է, որ փաշինյանական իշխանությունը համակարգային առումով ամենամեծ հարվածներից մեկը հասցրել է հենց տեղական ինքնակառավարման մարմիններին, դրանց առաջնային քաղաքական մանդատ ունեցող իշխանությունից վերածելով կառավարության հպատակների ու բյուջետային միջոցներ ծախսող գրասենյակների։
ՏԻՄ համակարգում տեղի ունեցած բազմաթիվ խայտառակ ոտնձգություններ ցանկացած ժողովրդավարական, իրավական պետությունում կհանգեցնեին ընդհուպ ամբողջական իշխանության հրաժարականին։ Բայց քանի որ Հայաստանը ո՛չ ժողովրդավարական է, ո՛չ էլ իրավական, այդ իրադարձությունները հանգեցրել են համայնքների ընտրված ղեկավարների հրաժարականին կամ ազատազրկմանը։
Օրինակները մեկը մյուսից ցցուն են ու հակաիրավական՝ Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի դեմ սանձազերծված քաղաքական հետապնդումից՝ մինչև օրեր առաջ Գյումրիի ընտրված քաղաքապետի ու ավագանու՝ իշխանությունների ճնշման տակ ներկայացված հրաժարական, Բերդի քաղաքապետի հրաժարականից՝ մինչև կրկին վերջերս Սիսիանում ամենաբռի մեթոդներով ՏԻՄ ղեկավարության փոփոխություն։
Եվ առնվազն ցինիզմ է, երբ այդ ամենի հեղինակ իշխանության ղեկավարն իր ելույթում ասում է․ «Այս համատեքստում շատ է խոսվում ապակենտրոնացման մասին, մեծ հաշվով՝ խոսքը լիազորությունների և իշխանության ապակենտրոնացման մասին է: Եվ քաղաքական իմաստով պետք է արձանագրենք, որ մենք այդ որոշումը՝ ամենակարևոր որոշումներից մեկը, որն իմիջիայլոց դե ֆակտո որոշում է, կայացրել ենք, և այդ որոշումը հետևյալն է, որ առաջինը՝ դե յուրե որոշումը, որ համամասնական ընտրակարգով է տեղի ունենում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, և երկրորդը՝ դե ֆակտո ընտրությունները չեն կեղծվում, և քաղաքացիները ոչ միայն դե յուրե, այլև դե ֆակտո ընտրում են իրենց համայնքը, իրենց ավագանուն»։
Փաշինյանը չի ասել, բայց նրա ղեկավարման տարիները ցույց են տվել, որ ՏԻՄ-երում իշխանության բռնազավթումը տեղի է ունենում հակառակ հերթականությամբ՝ ընտրություններն անցկացվում են, և եթե ընտրվում է իշխանություններին ոչ հաճո համայնքապետ, նրանից իշխանությունը խլվում է քաղաքական հետապնդումների, շինծու քրեական գործերի միջոցով։
Իրականում Նիկոլ Փաշինյանը մեթոդաբար, հետևողականորեն սպանել է ՏԻՄ համակարգը Հայաստանում, և նրա ելույթը նվիրված այդ միջոցառմանը նույնն է, որ մարդասպանը բարձրագոչ մահախոսական կարդա զոհի հոգեհանգստին։
Հարություն Ավետիսյան