«Լուրերը, որոնք մենք ենք ստանում գերիների վերաբերյալ, բնավ հուսադրող չեն. Իշխանությունը COP29-ին մասնակցելու հրահանգ դեռ չի ստացել». Մետաքսե Հակոբյան
Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի կարծիքով՝ COP29-ից առաջ, հնարավոր է, Ադրբեջանը Բաքվում պահվող գերիներից 2-3 հոգու բաց թողնի, և դա՝ շնորհիվ ոչ թե ՀՀ իշխանությունների, այլ այն կառույցների ու անհատների, որոնք այս ամբողջ ընթացքում գերիների վերադարձի համար ակտիվ աշխատանքներ են տարել։
«Այս ամենը ևս մեկ անգամ փաստում է, որ այս իշխանություններն առհասարակ որևէ բանի ունակ չեն, նույնիսկ հումանիտար խնդիրներ լուծելու համար։ Սրանք միայն քաղաքական լուծումների են գնում ի շահ Ադրբեջանի՝ չկարողանալով ու չցանկանալով լուծել նույնիսկ գերիների, պատանդների հարցերը։ Ամեն օր ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ այս իշխանություններն ընթացող գործընթացներից առհասարակ տեղյակ չեն»,- 168.am–ի հետ զրույցում նշեց Մետաքսե Հակոբյանը՝ խոսելով COP29-ին ընդառաջ մի քանի գերիների հնարավոր վերադարձի, իշխանությունների լռության՝ համաժողովին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ, ինչպես նաև հայկական կողմի անելիքների մասին՝ պատանդների, գերիների հարցով։
Պատգամավորը վստահ է՝ ՀՀ իշխանություններն անում է այն, ինչ հրահանգում են իրենց տերերը, ինչից հետո կայացած փաստը հանրությանը ներկայացնում են՝ որպես իրենց աշխատանքի արդյունք, ինչը համարում են նաև իրենց հաղթանակը, բայց դա հայ ժողովրդի համար պարտություն է։
«Այս ամենը հաշվի առնելով՝ ՀՀ իշխանությունը դեռ չի ասում՝ կմասնակցե՞ն COP29-ին, թե՞ ոչ, որովհետև դեռևս չգիտեն, հրահանգ չեն ստացել։ Եթե մասնակցելու հրահանգ ստանան՝ կմասնակցեն, որպեսզի 2-3 գերիների վերադարձը վերագրեն իրենց։
Սակայն այս ամենը չի վերաբերում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, նրանց բաց չեն թողնում։ Մեր ցանկությունն է, որպեսզի բոլոր գերիները, պատանդները վերադառնան։
Այն լուրերը, որոնք մենք ենք ստանում գերիների, պատանդների վերաբերյալ, բնավ հուսադրող չեն։
Ավելին ասեմ՝ այս իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձ տեղի չունենա»,- հավելեց Մետաքսե Հակոբյանը։
Ըստ մեր զրուցակցի, եթե ՀՀ իշխանությունը լռեր, չխանգարեր, գոնե այն մարդիկ, որոնք այսօր ակտիվ աշխատանք են տանում գերիների, պատանդների համար, կարող էին հուսալ, որ դրական արդյունք կապահովեն։ Բայց երբ իշխանություններն ամեն բան անում են, որպեսզի դա տեղի չունենա, իրատեսական չէ, որ ռազմաքաղաքական ղեկավարներից որևէ մեկը կարող է այս պահին վերադառնալ հայրենիք։
Հիշեցնենք՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ՝ COP29 համաժողովը տեղի կունենա Բաքվում նոյեմբերի 11-22-ը։ ՀՀ իշխանությունը դեռևս չի հաստատել՝ մասնակցելո՞ւ է համաժողովին, թե՞ ոչ։ Նախորդ շաբաթ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում ասաց, որ դեռևս որոշում չունեն։
Ի դեպ, COP29-ը Բաքվում անցկացնելու համար Հայաստանը հանել էր իր թեկնածությունը՝ հօգուտ Ադրբեջանի։