Պարոն Օկամպո, հիմա հայերը ցեղասպանված ժողովո՞ւրդ են, թե՞ օկուպանտ. ինչո՞ւ լռեց 90-ականներից հանրահայտ Կասյա Աբգարյանը
Շուրջ 10 օր առաջ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ում (Թվիթթեր) ZOOM-առցանց ձևաչափով վեբինարի էր մասնակցել, որի ժամանակ սկանդալային քաղաքական հայտարարություն էր արել, ինչը տարօրինակ կերպով դուրս մնաց հայկական փորձագիտական ու լրագրողական քննարկումների տիրույթից. մի տեսակ աննկատ անցավ:
Վեբինարը վարողի հարցին՝ լեգիտի՞մ էր արդյոք Արցախի Հանրապետությունը, որը համարում էր, որ վերահսկում է տարածքներ, որոնք եղել են մեծապես ադրբեջանցիներով բնակեցված, ՄՔԴ նախկին դատախազը տարօրինակ պատասխան է տալիս, համենայն դեպս տարօրինակ նրա վերջին շրջանի գործունեության համատեքստում:
«Կային տարածքներ, որոնք գտնվում էին Հայաստանի վերահսկողության ներքո, որոնք ադրբեջանական տարածքներ էին։ Ճիշտ է։ Այսպիսով, Հայաստանը օկուպացրել էր Ադրբեջանին պատկանող տարածքները։ Դա ճիշտ է»,- ասում է Լուիս-Մորենո Օկամպոն:
Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին գլխավոր դատախազ Լուիս-Մորենո Օկամպոն, ով հայ ժողովրդի համար հիմա խիստ սիրելի է դարձել, որովհետև վերջին ժամանակներում անդադար խոսում է հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությունից, Ադրբեջանի նախագահ Ալիևին համարում է հանցագործ, հանկարծ նույն այդ հայ ժողովրդին անվանում է օկուպանտ, այնինչ Օկամպոյի խնդիրը չէ մտնել քաղաքական հարցերի մեջ, քննարկել հարցեր, որոնք իր իրավասության տիրույթում չեն: Կարճ ասած՝ իր քննարկելիք հարցը չէ:
Եթե ՄՔԴ նախկին գլխավոր դատախազի ներգրավվածությունը մեզ հուզող հարցերին ունի ազնիվ նպատակներ և համապատասխանում է նրան, ինչ հայտարարված է, ապա նրա խնդիրը հարցին բացառապես մարդու իրավունքների տեսանկյունից մոտենալն է, գերիների ու Ադրբեջանում պահվող հայ պատանդների՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության իրավունքների, մասնավորապես՝ նրանց վերադարձի հարցով զբաղվելը ու ցույց տալը, որ մարդու իրավունքների խախտումներն այն աստիճան ծանր են, որ հանգեցնում են միջազգային քրեական իրավունքով պատժվող հանցագործությունների, ինչը, ի դեպ, այս պարագայում լրիվ տեղավորվում է իր մասնագիտական գործունեության շրջանակներում:
Խոսքը մարդկության դեմ կատարված հանցագործությունների, ցեղասպանության մասին է, ինչի բաղադրիչ է զանգվածային տեղահանությունը:
Հատկանշական է, որ վերջերս իր՝ Հայաստան կատարած այցի ընթացքում ունեցած տարբեր հանդիպումների ժամանակ նույն Օկամպոն պնդում էր, որ Արցախից հայ բնիկ բնակչության տեղահանումը էթնիկ զտում կոչելը սխալ է, ինչի հետ թերևս կարելի է համաձայնել, որովհետև էթնիկ զտումը քաղաքական տերմին է, քաղաքական գործիչների համար շատ հարմար, ու դա օգտագործում են՝ «ցեղասպանություն» եզրույթից խուսափելու համար, մինչդեռ էթնիկ զտումը ցեղասպանության հանցագործության տրամաբանության մեջ տեղավորվող հանցագործություն է, նրա բաղադրիչներից մեկը:
Ցեղասպանությունն է ուղեկցվում զանգվածային տեղահանություններով, ինչի օրինակը մենք տեսել ենք 1915թ., ու հենց էթնոսի, բնիկ ազգաբնակչության ոչնչացումն է ընկած Ցեղասպանության նպատակների հիմքում, ընդ որում՝ ցանկացած եղանակով, օրինակ՝ սպանելով այդ ժողովրդի ներկայացուցիչներին թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս, սպառնալով նրանց:
Վերջին թարմ դեպքը տեղի ունեցավ երեկ, երբ Բելգիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը Բրյուսելում Թուրքիայի դեսպանատան կազմակերպած ընդունելության ժամանակ սպառնալիքներ էր ստացել Բելգիայում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովից։ Հենց դրա համար են ադրբեջանցիները հայերին թիրախավորում դրսում, որովհետև նրանց նպատակը տվյալ տարածքը հայերից մաքրելն է:
Սա է այն կռվանը, որ բնիկ ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք: Եզդիներն ու ասորիները՝ Հայաստանում, թալիշները՝ Ադրբեջանում, հայերը՝ Գլենդելում ազգային փոքրամասնություն են, և նրանք չեն կարող ունենալ նույն իրավունքները, ինչ Արցախի հայերը, որովհետև վերջիններս բնիկ են, հետևաբար՝ ունեն ինքնորոշման իրավունք:
Ու հիմա Լուիս-Մորենո Օկամպոն, բնականաբար, շատ լավ իմանալով ու հասկանալով այս իրողությունները, խոսում է Ադրբեջանի տարածքների օկուպացիայի մասին՝ մոռանալով, որ Ադրբեջանը հայերի նկատմամբ վարում է ցեղասպան քաղաքականություն, ինչը, օրինակ, չի անում ԱՄՆ-ը Գլենդելի հայերի վերաբերյալ:
Մի նկատառում ևս. անգամ եթե ոչ թե Իրաքը, այլ Հայաստանը լիներ եզդիների հայրենիքը, միևնույն է, Հայաստանի եզդիական համայնքը, մեր եզդի քույրերն ու եղբայրները չէին կարող ինքնորոշման իրավունքի հարց բարձրացնել, քանի որ Հայաստանը նրանց նկատմամբ չի վարում ցեղասպան քաղաքականություն, ինչը, շեշտում ենք, անում է Ադրբեջանը:
Սա մենք Օկամպոյի համար չենք գրում. այս մանրամասներն ու մասնագիտական մանրուքները նա վստահաբար շատ լավ գիտի: Սա շատ ավելի կարևոր է Օկամպոյի հայ հովանավորների գործունեության նպատակների տեսանկյունից: Մնում է զարմանալ՝ ինչո՞ւ նրանց կողմից ևս որևէ արձագանք չեղավ Օկամպոյի այս սկանդալային հայտարարության վերաբերյալ… Իսկ միգուցե իրե՞նք էլ համաձայն են նրա արտահայտած տեսակետի հետ:
Ի դեպ, օրեր անց Լոս Անջելեսում Օկամպոն հերթական մրցանակը կստանա հայերի կողմից՝ որպես հայերի իրավունքների համար պայքարող ՄՔԴ նախկին դատախազ:
Ադրբեջանական տարածքների՝ իբր հայկական օկուպացիայի հարցերը բարձրացնելով՝ Ադրբեջանն իրականում «ցրում է» ցեղասպանության թեման, և առնվազն շատ տարօրինակ է, որ Օկամպոն ևս թելում է այդ թելը՝ ըստ էության փակելով Արցախի բնիկ ժողովրդի վերադարձի իրավունքի հարցը:
Գործ ունենք երկակի իրավիճակի հետ, երբ մի կողմից ՄՔԴ նախկին գլխավոր դատախազը խոսում է հայերի իրավունքներից՝ միգուցե թոշակառու դատախազի համար հանրահռչակում, մեծարում ու անձնական բարեկեցություն ապահովելու համար, բայց մյուս կողմից նրա իրական համոզումն այն է, որ հայերը օկուպացրել էին Հայաստանի տարածքները:
Լուիս-Մորենո Օկամպոն չի կարող չհասկանալ, որ Հայաստանին օկուպանտ անվանելով՝ նա նախ Ադրբեջանի դեմ Հայաստանի նկատմամբ ագրեսիա սանձազերծելու հիմքեր է նախապատրաստում, և բացի դրանից, մաքրում է ցեղասպանի խարանը հիրավի ցեղասպան պետության ու նրա ավտորիտար առաջնորդի վրայից, որովհետև, եթե Հայաստանն օկուպանտ է, ուրեմն Ադրբեջանն էլ ինքն իր պետությունն է պաշտպանել, վերականգնել իր տարածքային ամբողջականությունը: Չի՞ հասկանում Օկամպոն, որ իր արած հայտարարությունը չափազանց վտանգավոր է… Իհարկե, հասկանում է: Ուրեմն ցանկացած հայ մարդ իրավունք ունի առնվազն ողջամիտ կասկածներ ունենալ, որ Լուիս-Մորենո Օկամպոն սպասարկում է թուրք-ադրբեջանական շահը՝ թաքնվելով հայերի իրավունքների պաշտպանի դիմակի տակ:
Ի դեպ, շատ ուշագրավ է Օկամպոյի հովանավոր, գործընկեր, Կալիֆոռնիա նահանգի Գերագույն դատարանի դատավոր Կասյա Աբգարյանի գործունեությունն առհասարակ, ու խիստ կասկածելի է, որ լինելով ԱՄՆ-ի գործող դաշնային դատավոր, այս կինը զբաղվում է տարբեր երեկոներ կազմակերպելու միջոցով գումար հավաքելով, որ այլ երկրի գործող նախագահին միջազգային քրեական պատասխանատվության ենթարկեն, ազատազրկեն, ու դրա համար նրան ԱՄՆ-ում ոչ միայն չեն պատժում, չեն մեղադրում փողերի լվացման ու հազար ու մի այլ հանցանքների մեջ, այլև թույլ են տալիս, որ նա շարունակի համատեղել դատավորի ու վերոնշյալ հասարակական աշխատանքը: Ու նկատենք, որ ԱՄՆ դաշնային գործող դատավորը դա անում է ԱՄՆ մերձավոր դաշնակից Թուրքիայի կրտսեր եղբայր Ադրբեջանի նախագահի նկատմամբ:
Հիշեցնենք, որ ծնունդով լիբանանահայ, ԱՄՆ-ում կրթություն ստացած Կասյա Աբգարյանը՝ իր կազմակերպությամբ՝ «Ճշմարտության և արդարության կենտրոնով» (Centre for Truth and Justice), որի հայաստանյան մասնաճյուղի ղեկավարը «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ, քրեական արդարադատության հոգեբան Արշակ Գասպարյանն է, դիմել է Միջազգային քրեական դատարան՝ Ալիևին դատելու պահանջով:
Կասյա Աբգարյանը 1998-1999թթ. եղել է հասարակայնության հետ կապերի գծով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խորհրդականը, մինչ այդ աշխատել է նաև կառավարությունում:
Ի դեպ, Միջազգային քրեական դատարանը միակ դատարանն է, որի տիրույթում կարող ենք անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար դիմել: Ավելին, Միջազգային քրեական դատարանն ունի իր նախնական կալանքի (detention centre) վայրը: Մյուս դատարանները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ), Արդարադատության միջազգային դատարանը, անհատներին պատժող դատարաններ չեն, այնտեղ քննվում են պետությունների դեմ քննվող հայցեր:
Չքննարկելով ներկայացված հայցի որակը, որի վերաբերյալ մասնագետները վերապահումներ ունեն, ևս մեկ անգամ շեշտենք՝ այն ներկայացված է ԱՄՆ ֆեդերալ դատարանի գործող դատավորի կողմից, իսկ դրա PR ֆոնը փաստորեն ապահովում է Լուիս-Մորենո Օկամպոն, ով այդ գործունեությունից ազատ ժամանակ Հայաստանն անվանում է օկուպանտ պետություն:
Ի դեպ, 168.am-ի տեղեկություններով՝ Կասյա Աբգարյանն ու Լուիս-Մորենո Օկամպոն են նաև ապահովում Թուրքիայում բնակվող անհասկանալի գործիչ Կարո Փայլանի և նրա ազգականի՝ Շիլա Փայլանի խիստ կասկածելի գործունեության առաջմղումը: Այս թեմայի մասին առաջիկայում ուշագրավ մանրամասներ կներկայացնենք: