Որոշակի զարգացումներ կարող են լինել 2025թ. ապրիլի կեսերից հետո մինչև մայիսի վերջ կամ հունիսի կեսեր. ԳՇ նախկին պետը՝ էսկալացիայի հավանականության մասին
Հոկտեմբերի 28-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ԶՈւ ԳՇ պետ-ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն անդրադարձել է էսկալացիայի հավանականությանը կամ պատերազմի հնարավորությանը և հայտարարել՝ «այս պահին էսկալացիայի վտանգ չկա»:
Անդրադառնալով Արտաքին գործերի նախարարության գնահատականին, որ Ադրբեջանն ամեն ինչ անելու է վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը՝ «2024թ. նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 գագաթնաժողովից հետո Հայաստանի Հանրապետության նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար», Էդվարդ Ասրյանն ասել է, որ նման կանխատեսում արվել է ռազմաքաղաքական իրավիճակի հիման վրա, և, որ «COP29 գագաթնաժողովից հետո» ասվածը կարող է ենթադրել 6 ամսից 1 տարի, այսինքն, ԳՇ պետը դիտարկում է էսկալացիայի համար ողջամիտ այս ժամկետը:
168.am-ի հետ զրույցում էլ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, մասնավորապես, նշել է.
«Ողջամիտ» բառը տեղին չէ, ի՞նչ է նշանակում՝ ողջամիտ ժամկետում հնարավոր է էսկալացիա կամ պատերազմ: Ողջամիտ ժամկետում հնարավոր է ինչ-որ բանի պատրաստվել, հակազդել, ինչ-որ բան կանխարգելել: ԳՇ պետը երևի ցանկացել է ասել, որ կարճաժամկետ կտրվածքով կամ մոտ ապագայում հնարավոր չէ էսկալացիա, որի հետ ինչ-որ չափով ես էլ եմ համաձայն: Բայց հեռահար առումով էսկալացիան միշտ էլ հնարավոր է, և իմ կարծիքով՝ կլինի»:
Մեզ հետ զրույցում Սեյրան Օհանյանը խոսել է նաև էսկալացիան խթանող և զսպող գործոններից և ՀՀ զինված ուժերի սահմանադրական պարտականություններից և Գլխավոր շտաբի անելիքներից:
168.am-ը փորձել է լսել նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի մասնագիտական կարծիքը՝ ինչպե՞ս է գնահատում էսկալացիայի հնարավորությունը, ո՞ր դեպքում է դա հնարավոր, ի՞նչ գործոններ կան, և, առհասարակ, նման գնահատական կամ եզրակացություն մշակելու համար ՀՀ պաշտպանության նախարարությունը կամ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբն ի՞նչ գործոններ է հաշվի առնում:
– Ես կարող եմ եզրակացություն անել բացարձակապես միայն բաց տվյալներից ելնելով: Եվ դրանց հիման վրա իմ գնահատականն այս պահի դրությամբ հետևյալն է՝ տարածաշրջանում իրավիճակը բավականին կամ շատ լարված է, եթե ընդհանուր վերցնենք: Եվ սա հատկապես կապված է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակով, ինչի ազդեցությունը կզգացվի նաև Հայաստանի վրա: Բավականին խնդրահարույց է նաև Վրաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները: Բայց, իմ գնահատմամբ, մինչև Ադրբեջանում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության գագաթնաժողովը (COP 29) լուրջ դեպքերը քիչ հավանական են, դրանից հետո սարերում կամ լեռնային տեղանքում եղանակային պայմաններից ելնելով՝ որևէ գործողություն իրականացնելը բավականին դժվար կլինի: Ուստի կարող եմ կանխատեսել, որ որոշակի զարգացումներ կլինեն 2025 թվականի ապրիլի կեսերից հետո (կախված նաև եղանակային պայմաններից) մինչև մայիսի վերջ կամ հունիսի կեսեր:
Սա պայմանավորված կլինի ոչ միայն եղանակային պայմաններով, այլև մեր երկրում ներքաղաքական վիճակով: Եվ այդ ընթացքում որևէ փաստաթուղթ կստորագրվի՞, թե՞ ոչ, դա նույնպես ազդեցություն կունենա էսկալացիա լինել-չլինելու վրա: Կրկնում եմ՝ եթե զարգացումներ ընթանան տարածաշրջանում, համապատասխան իրավիճակ ստեղծվի, 2025 թվականի գարուն-ամռան սկիզբ էսկալացիա հնարավոր է, կանխատեսելի է:
– Դուք եղել եք Գլխավոր շտաբի պետ, պատերազմ, էսկալացիա լինել-չլինելու գնահատական ինչի՞ հիման վրա եք տվել, ի՞նչ գործոններ եք հաշվի առել:
– Գործոնները բազմազան են, բայց սովորաբար նման գնահատական մշակվում է՝ առաջին հերթին հաշվի առնելով տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակը և նրա զարգացման միտումները:
Ընդ որում, ինչպես արդեն նշեցի, կարևոր են ոչ միայն ՀՀ-ում, այլև հարևան երկրներում տիրող ներքաղաքական իրավիճակը և նրանց շուրջ զարգացումները՝ Իրան, Վրաստան: Իհարկե, եթե Ադրբեջանում և Թուրքիայում զարգացումներ լինեն, դրանք ևս կազդեն տարածաշրջանի անվտանգային իրավիճակի վրա: Այս իրավիճակի վերլուծությունը պետք է կատարվի և կատարվում է:
Երկրորդ՝ ԳՇ-ն իր գնահատականում հաշվի է առնում բաց աղբյուրներից ստացվող տվյալները, որոնք փորձում է համադրել վերլուծություն անելիս, և երրորդ, էսկալացիա լինել-չլինելու գնահատականը հիմնվում է հետախուզական տվյալների հիման վրա՝ դա կլինի անմիջապես ստացվող ԳՇ հետախուզական մարմիններից, դա կլինի ՀՀ անվտանգային մյուս կառույցներից ձեռք բերված, մասնավորապես՝ ԱԱԾ-ից, կամ այլ մարմիններից: Եվ այս ամենի համադրումն իրականացվում է Գլխավոր շտաբում, որի հիման վրա կանխատեսումներ են իրականացվում և ներկայացվում առաջարկություններ:
– Այս համատեքստում ևս մեկ հարց. անընդհատ խոսում ենք Սյունիքի կարևորության մասին, որը, իհարկե, աշխարհաքաղաքական գործոն է նաև, բայց Նախիջևանն էլ իր կարևորությունն ունի, և հատկապես Ադրբեջանի և Թուրքիայի համար, ինչից ևս պետք է հետևություններ անել:
– Սյունիքը, իհարկե, մեզ համար շատ կարևոր է, բայց պետք է ասեմ, որ նախիջևանյան թևը կամ ուղղությունը մեզ համար ևս շատ կարևոր նշանակություն ունի: Ինչ վերաբերում է Թուրքիային և Ադրբեջանին, ապա նրանց համար հնարավորություն է դիտվում, որ այդ հատվածով ուղիղ կապ հաստատեն իրար հետ: Սա է առաջնահերթը:
Առհասարակ, Թուրքիայի և Ադրբեջանի համար գլխավոր խնդիրն է՝ ցամաքային կապ ունենալ իրար հետ, դա կլինի Սյունիքով, Նախիջևանով դեպի Թուրքիա, թե ՀՀ այլ տարածքով, թեկուզ առանց Նախիջևանի, իրենց համար նույնպես նախընտրելի է, միայն թե այդ կապը լինի: Իսկ Սյունիքը, կրկնում եմ, մեզ համար խիստ կարևոր է՝ հատկապես հաշվի առնելով մեր կապը հզոր և բարեկամ Իրանի հետ: Այս պահին՝ այսքանը: