«Ողջամիտ» բառը տեղին չէ, բայց ԳՇ պետի հետ ինչ-որ չափով համաձայն եմ, որ մոտ ապագայում հնարավոր չէ էսկալացիա, հեռահար ժամկետում՝ կլինի. Սեյրան Օհանյան

Հոկտեմբերի 28-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ԶՈւ ԳՇ պետ-ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն անդրադարձել է էսկալացիայի հավանականությանը կամ պատերազմի հնարավորությանը և հայտարարել՝ «այս պահին էսկալացիայի վտանգ չկա»:

Իսկ երբ լրագրողները հիշեցրել են հունիս ամսին ներկայացված Արտաքին գործերի նախարարության գնահատականը, որ՝ «Ադրբեջանն ամեն ինչ անելու է վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը, 2024թ. նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 գագաթնաժողովից հետո Հայաստանի Հանրապետության նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար», Էդվարդ Ասրյանն ասել է, որ նման կանխատեսում արվել է ռազմաքաղաքական իրավիճակի հիման վրա, և, որ «COP29 գագաթնաժողովից հետո» ասվածը կարող է ենթադրել 6 ամսից 1 տարի:

Այսինքն, ներկա փուլում ռազմական էսկալացիայի վտանգ ու սպառնալիք չկա, սակայն ինչ-որ փուլում կարող է և լինել:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն ինքն էլ մի առիթով հայտարարել է. «Եթե որևէ մեկն էսկալացիայի, խաղաղության գործընթացը վիժեցնելու պատրվակ է փնտրում, միշտ էլ կգտնի, թեկուզ լրատվամիջոցների հրապարակումների տեսքով, ցավոք, մենք շարունակաբար այս գործելակերպն ենք տեսնում Ադրբեջանի կողմից»:

Կարդացեք նաև

168.am-ն այս թեմայի շուրջ զրուցել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ՝ հասկանալու, թե նա ինչպես է գնահատում էսկալացիայի հնարավորությունը, ո՞ր դեպքում է դա հնարավոր, ի՞նչ գործոններ կան, և, առհասարակ, նման գնահատական կամ եզրակացություն մշակելու համար ՀՀ պաշտպանության նախարարությունը կամ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբն ի՞նչ գործոններ է հաշվի առնում:

Պատերազմական հնարավոր նման զարգացումների մասին եզրակացության հիմք է հանդիսանում ռազմաքաղաքական իրավիճակի գնահատումը, որը պետք է իրականացնի պետությունը՝ հանձինս Պաշտպանության նախարարության, Գլխավոր շտաբի և Անվտանգության խորհրդի: Մեր իրականության մեջ էսկալացիայի վտանգը և մարտական գործողությունների հնարավորությունները միշտ էլ կան: Էսկալացիային նպաստում են նաև աշխարհաքաղաքական զարգացումները, քաղաքական գործընթացները, որոնք կարող են և՛ խթանել, և՛ զսպիչ դեր ունենալ, օրինակ, ընտրությունները՝ ԱՄՆ-ի կայանալիք ընտրությունները, Բաքվում կայանալիք COP29 գագաթնաժողովը: Վերջինը ժամանակի առումով զսպիչ գործոն է, որ Ադրբեջանը չգնա էսկալացիայի:

Իսկ էսկալացիային նպաստում է այն, որ մեր տարածաշրջանը գտնվում է ուժային կենտրոնների շահերի բախման կենտրոնում, այստեղ չմոռանանք Վրաստանի ընտրությունների համատեքստում հնարավոր ներքին լարվածության հանգամանքը:

Իսկ տարածաշրջանային նման իրադարձությունները և ցանկացած այլ զարգացում մեզ համար վտանգավոր են, հատկապես, երբ Թուրքիան իր դերակատարությունն ավելացրել է, գերիշխող դիրք ունի նաև Ադրբեջանը, որը պարտադրող և ճնշող գործողություններ է իրականացնում Հայաստանի նկատմամբ իր հեռահար նպատակների համար. Խաղաղության հաստատումը և սահմանազատման ու սահմանագծման գործընթացը նա միայն իր շահերից է պահանջում, որ իրականացվի: Եթե գլոբալ առումով վերցնենք, ապա Ադրբեջանը և Թուրքիան նպատակ ունեն Հայաստանը ոչնչացնել՝ որպես պետություն, կամ դերակատարությունն այնպիսին դարձնելու, որ Հայաստանը որևէ գործոն չլինի: Եվ հենց դրա համար էլ Հայաստանի սահմանների առումով են ճնշումներ գործադրվում, դրանից առաջ հայաթափվեց Արցախը, միջանցքի հարցում են ճնշումներ՝ «Մեծ Թուրանի» ծրագրի համատեքստում, որ Հայաստանը «Մեծ Թուրանի» ծրագրի իրականացման համար ճանապարհ հանդիսանա: Եվ այս թուրք-ադրբեջանական տանդեմի համատեղ նպատակներում կլինեն տնտեսական, ժողովրդագրական ճնշումներ, ինչը գաղտնի և բաց հավելվածներով ամրագրված է Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական գործընկերության Շուշիի հռչակագրի համատեքստում:

Օրինակ, մեր Անկախության հռչակագրում շեշտվում է Հայոց ցեղասպանության դատապարտման կարևորությունը՝ «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին», և Արցախի հարցը: 1915 թվականին Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանության հետևանքով հայերը սփռվել են ամբողջ աշխարհով մեկ, տարածաշրջանով, հայկական գաղթօջախներ են ձևավորվել, և այսօր գուցե աշխարհի մակարդակով այնքան էլ նկատելի չեն, բայց Թուրքիան փորձում է ոչնչացնել բոլոր հայկական գաղթօջախները, որ հայերը հեռու լինեն առհասարակ այս տարածաշրջանից: Այսօրինակ գործողություններ իրականացվել են Սիրիայում, Լիբանանում, Արցախում, Թուրքիայի ներսում: Այսինքն, Թուրքիան հեռահար ռազմավարական նպատակ ունի՝ Հայոց ցեղասպանությունից հետո վերացնել նաև հայկական գաղթօջախները, և այս նպատակի մեջ է մտնում Հայաստանի՝ որպես պետություն, վերացումը:

Այն, ինչ ասացիք, միանգամայն այդպես է: Բայց վերադառնանք ԳՇ պետի գնահատականին, որ ողջամիտ ժամկետում էսկալացիա հնարավոր է, այս փուլում նման վտանգ չկա: Գլխավոր շտաբի պետն ասում է՝ Արտաքին գործերի նախարարությունը ռազմաքաղաքական իրավիճակի հիման վրա է գնահատում, որ COP29 գագաթնաժողովից հետո Հայաստանի Հանրապետության նկատմամբ նոր ագրեսիա կարող է Ադրբեջանը ձեռնարկել, Գլխավոր շտաբն ինչի՞ հիման վրա է իր եզրակացությունն անում:

– Այստեղ «ողջամիտ» բառը տեղին չէ, ի՞նչ է նշանակում՝ ողջամիտ ժամկետում հնարավոր է էսկալացիա կամ պատերազմ: Ողջամիտ ժամկետում հնարավոր է ինչ-որ բանի պատրաստվել, հակազդել, ինչ-որ բան կանխարգելել: ԳՇ պետը երևի ցանկացել է ասել, որ կարճաժամկետ կտրվածքով կամ մոտ ապագայում հնարավոր չէ էսկալացիա, որի հետ ինչ-որ չափով ես էլ եմ համաձայն: Բայց հեռահար առումով էսկալացիան միշտ էլ հնարավոր է, և իմ կարծիքով՝ կլինի: Եվ Պաշտպանության նախարարությունը, Գլխավոր շտաբը՝ նաև սահմանադրորեն ամրագրված, պատասխանատու են պաշտպանության, անվտանգության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության համար: Եվ Գլխավոր շտաբի պետը պատասխանատու է ոչ թե զենքով ադրբեջանական զորքին ՀՀ ինքնիշխան տարածքից հանելու համար, այլև զինված ուժերի զարգացման համար:

Իսկ զինված ուժերի զարգացման կարևոր գործոններից է նրա մարտական կարողությունների կատարելագործումը՝ ի հաշիվ կազմ-հաստիքային, կառուցվածքային փոփոխությունների, ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման և ընդհանուր զորքերի մարտական պատրաստության: Սա ենթադրում է անհատական զինվորի պատրաստությունից մինչև զորամիավորների մասնագիտական պատրաստություն, հրամանատարների, շտաբների՝ ժամանակակից պատերազմների նախապատրաստում, զորքերի ներդաշնակում՝ օպերատիվ-մարտավարական, մարտավարական, կամ հրամանատարաշտաբային զորավարժությունների միջոցով, որն այսօր չգիտեմ՝ իրականացնո՞ւմ են, թե՞ չեն իրականացնում, բայց, մեծ հաշվով, դա մենք չենք տեսնում, հանրության մոտ այդ մտահոգությունները կան:

– Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, ի դեպ, ասաց, որ միայն ինքը չէ պատասխանատու սահմանների անվտանգության համար: Բացի ԳՇ պետից, ո՞վ է պատասխանատու:

– Եթե խոսում ենք առհասարակ սահմանների անձեռնմխելիության մասին, ապա դրա մեջ նաև ԱԱԾ սահմանապահներն են մտնում: Մյուս կողմից, ԳՇ պետը պետք է հասկանա, որ երկրի անվտանգության, պաշտպանության, տարածքային ամբողջականության համար կա բանակ, որը ԶՈւ կիրառման պլանով պետք է այդ ամենն իրականացնի: Ընդ որում, ԶՈՒ կիրառման պլանի համաձայն, երբ պաշտպանողական, հարձակողական կամ հակահարձակողական գործողություններ են, դրա մեջ մտնում են նաև «այլ զորքերը կամ ուժերը», որտեղ սահմանապահն իր խնդիրն է կատարում, մնացածը՝ իրենցը:

Մեր ժամանակ նաև ոստիկանական զորքերն էին դրա մեջ և խնդիր ունեին կատարելու: Եվ այս վերջում մենք դեմ քվեարկեցինք ազգային գվարդիայի ստեղծման ժամանակ, որովհետև մենք առաջարկել էինք, որ գվարդիան պատերազմի ժամանակ խնդիր կատարի զինված ուժերի հետ, հատկապես, երբ ԶՈւ համալրման խնդիրն առաջնային է՝ 44-օրյա պատերազմից հետո, ինչն ամրագրված չէր համապատասխան օրինագծի մեջ:

 

Տեսանյութեր

Լրահոս