Ռեգիոնում Իսրայելի և Արևմուտքի հարցում կա կոնսենսուս, որը կարևոր է նաև ՀՀ ապագայի համար․ վերլուծաբան

Հոկտեմբերի 26-ի գիշերն Իսրայելի օդային ուժերը հրթիռային հարված հասցրին Իրանի ռազմական օբյեկտներին:

«Մենք նպատակաուղղված և ճշգրիտ հարձակումներ ենք իրականացրել Իրանի ռազմական օբյեկտների վրա և կանխել ենք Իսրայելի պետության անմիջական սպառնալիքները»,- հայտարարել է ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչ Դանիել Հագարին: Ժամեր անց Իսրայելի բանակը հաղորդեց հարձակումների ավարտի մասին:

The Jerusalem Post-ի տվյալներով, հարձակմանը մասնակցել է ավելի քան 100 ինքնաթիռ, այդ թվում՝ նորագույն F-35-ներ: Հարձակումը տևել է մի քանի ժամ:

The Washington Post-ն էլ հաղորդեց, որ հարձակումների ենթարկված ռազմական օբյեկտների մեջ էին նաև ՀՕՊ համակարգերն ու հրթիռների արտադրության գործարանները: Թեհրանում լսվել են պայթյուններ, հաղորդում են իրանական լրատվամիջոցները, իսկ իշխանությունները հայտնում են, որ ՀՕՊ համակարգերն ակտիվացել են առնվազն երկու անգամ, հարվածները «սահմանափակ վնաս» են պատճառել որոշ տարածքներում:

Կարդացեք նաև

Իսրայելի ռազմական աղբյուրը CNN-ին հայտնել է, որ հարվածներն Իրանի էներգետիկ ենթակառուցվածքի ուղղությամբ չեն եղել:

Աղբյուրի տվյալներով, հարձակումը «100%-ով իրականացվել է Իսրայելի կողմից», բայց ՑԱԽԱԼ-ը շարունակել է սերտ համագործակցությունն ԱՄՆ-ի հետ, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության ոլորտում:

Լրատվամիջոցն ընդգծել է, որ իսրայելական պաշտոնյաները, ներառյալ՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուն, համոզել են ԱՄՆ-ին, որ Իրանի հասցված պատասխան հարվածը կսահմանափակվի ռազմական նպատակներով, այլ ոչ թե նավթային կամ միջուկային օբյեկտներով: Իսրայելի հարձակումը տեղի ունեցավ ի պատասխան Իրանի՝ 200 բալիստիկ հրթիռների արձակման Իսրայելի ուղղությամբ՝ հոկտեմբերի 1-ին, երբ Իսրայելի իշխանությունները բազմիցս խոստացել էին պատասխան տալ:

Ներկայումս էլ ԻԻՀ ԱԳՆ-ն հայտարարում է, որ Իրանը, հիմնվելով ՄԱԿ-ի կանոնադրության վրա, իրեն պարտավորված է համարում արձագանքել Իսրայելի հարձակմանը։ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Իրանի ռազմական կենտրոնների դեմ հարձակումը և դրանք դիտարկել միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության ակնհայտ խախտում։

168.am-ի հետ զրույցում իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարն ասաց, որ Իսրայելի պատասխանն ուշացավ, քանի որ, չնայած իր ռազմատենչ հայտարարություններին ու արկածախնդիր քաղաքականությանը, Իսրայելը չցանկացավ անել այնպիսի քայլեր, որոնք կապակայունացնեն ռեգիոնալ դրությունն էականորեն։

Ըստ նրա, այս պատասխանը ցույց տվեց Իսրայելի ու Արևմուտքի զգուշավորությունը։

«Ի վերջո, այն, ինչ տեղի է ունենում Իրանի ու Իսրայելի միջև, ավելի բարդ հարաբերությունների սիստեմ է, քան պարզապես պատերազմը։ Կողմերը նախապատերազմական իրավիճակում են և դեռ հակված են պահպանել այն, քանի որ պատերազմը կարող է ծանր հետևանքներ ունենալ ոչ միայն ռեգիոնի, այլև Արևմուտքի համար։ Հենց սա է պատճառը, որ արևմտյան մամուլում այս շաբաթների ընթացքում ամեն օր կարելի էր գտնել հրապարակումներ այն մասին, որ հարվածներ քաղաքացիական օբյեկտներին չեն լինելու, կամ շատ եղան հրապարակումներ, որ սիոնիստական ռեժիմը հարվածի համար համաձայնություն չի ստանում ԱՄՆ-ից։ Կարծում եմ, համաձայնություն եղել է միայն փոքր գործողության շուրջ։ ԱՄՆ-ը ընտրություններին ընդառաջ նոր խնդիրներ չի ցանկանում իր համար»,- ասաց փորձագետը։

Նա գտնում է, որ Իրանի զգուշավոր, երկարաժամկետ խնդիրների լուծմանը միտված քաղաքականությունը տալիս է իր պտուղները, և Իսրայելի, հետևաբար՝ Արևմուտքի գործողությունների դեմ միջազգային կոնսենսուս է ձևավորվում, ինչի ցուցիչը նաև օրերս Կազանում կայացած ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը դարձավ։

«Կարծում եմ՝ այդ կոնսենսուսը կարևոր է նաև Հայաստանի ապագայի ու ՀՀ-ի շուրջ ձևավորվելիք աշխարհաքաղաքականության համար, քանի որ նշածս կոնսենսուսը վերաբերում է նաև Հարավային Կովկասում ԵՄ-ի ու ԱՄՆ-ի քաղաքականությանն ու ցանկությանը՝ մեծացնել ազդեցությունը։ Ըստ իս, ինչպես ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը Կազանում, այնպես էլ «3+3» ռեգիոնալ պլատֆորմի հանդիպումը Ստամբուլում՝ ցույց տվեց, որ ռեգիոնում ձևավորված է կոնսենսուս այս և ՀՀ-Արևմուտք հարաբերությումների վերաբերյալ»,- ասաց Բարզեգարը։

Սա, նրա խոսքով, նշանակում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ՀՀ-Ադրբեջան գործընթացն ավարտին հասցնելու նախաձեռնությունը քիչ հավանական է, որ պսակվի հաջողությամբ, քանի որ հնարավոր չէ հակամարտության կարգավորման համար համագործակցել միայն մեկ երկրի՝ ՀՀ-ի հետ։

«Իսկ Ադրբեջանը, դատելով վերջին զարգացումներից, առավելապես աշխատում է ռեգիոնալ ուղղությունում և հակված է հարցեր լուծել այս կողմում։ Ուստի ստացվում է, որ սա մի պրոցես է, որտեղ ԱՄՆ-ին այլ գործընկերներ ու դաշնակիցներ են հարկավոր, որոնք ռեգիոնում չկան։ Վրաստանում այսօր ընթացող ընտրությունների արդյունքները ևս կապ ունեն այս ամենի հետ, և դրանց արդյունքները անդրադառնալու են ռեգիոնի ապագա աշխարհաքաղաքական պատկերի վրա»,- ասաց վերլուծաբանը։

Տեսանյութեր

Լրահոս