Կալանքի սպառնալիքով ՔԿ-ՊԵԿ պայմանավորված ռեկետի մասին խոստովանություն՝ ԱԺ-ում, և դիտորդի կարգավիճակում գլխավոր դատախազ

Ազգային ժողովում (ԱԺ) պատգամավորների նախաձեռնությամբ և, ինչպես հայտնի դարձավ ԱԺ կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հարցազրույցից, Նիկոլ Փաշինյանի գիտությամբ` ՀՀ գլխավոր դատախազի, ՀՀ ներքին գործերի նախարարի (ՆԳՆ), ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի, ՀՀ քննչական կոմիտեի (ՔԿ) նախագահի հետ կազմակերպված հանդիպումը «մեծարգո վարչապետի»՝ վերջին ժամանակներս դատաիրավական մարմինների հետ պաշտոնական հանդիպումներում և դրանց առնչվող քննարկումներում առաջ քաշած ժողովրդի հետ պայմանավորված արդարության և ինստիտուցիոնալ արդարադատության կոնցեպտների առաջին քննությունն էր ուղիղ եթերով:

Ուղիղ եթերով մարդիկ տեսան, թե ովքեր և ինչ են պայմանավորվում արդարության վերաբերյալ և ամենակարևորը` ով է հաստատում այդ պայմանավորվածությունը՝ ինստիտուցիոնալ արդարադատության շրջանակներում: Ի դեպ, ժողովուրդը կարծես թե չի մասնակցել այդ պայմանավորվածությունների կայացմանը:

Շոուն ամբողջական լինելու համար պակասում էր համակարգի մյուս «անկախ» մարմնի` Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի ներկայությունը, որպեսզի հետո կինո նկարվեր լավ ու վատ դատավորների մասին:

168.am-ը ժամանակին անդրադարձել էր տնտեսական քաղաքականության վրա կործանարար ազդեցություն թողնող Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) և Քննչական կոմիտեի` մեղմ ասած, ոչ այնքան օրինական համագործակցությանը, երբ ՊԵԿ-ի գործառույթները փաստացի իրականացվում էին Քննչական կոմիտեի կողմից` հենց այդ նպատակով հարուցված քրեական գործերով, և կալանքի սպառնալիքի տակ գործարարների հետ պայմանավորվածություններ էին ձեռք բերվում պետական բյուջե վճարման ենթակա գումարի չափի և ժամկետների մասին:

Կարդացեք նաև

Ենթադրվում է, որ այդ գործելակերպի մասին պետք է տեղյակ լիներ նաև գլխավոր դատախազը, ում գլխավորած կառույցը հսկողություն է իրականացնում նախաքննության նկատմամբ և ապահովում կալանքների որոշման անխափան ստացումը քրեական գործեր քննող դատավորների կողմից:

Հետևաբար՝ հարց է առաջանում՝ արդյո՞ք գլխավոր դատախազը տեղյակ է եղել, որ ավտոներմուծողների վերաբերյալ մամուլով թմբկահարված քրեական գործերի հարուցման առիթը ՊԵԿ նախագահ Բադասյան Ռուստամ և Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյան պայմանավորվածություններն են:

Արդյո՞ք տեղակ է եղել, թե հարուցված վարույթներն ինչ դեպքերով են կարճվել և չեն շարունակվել, և ինչու են մյուս վարույթները շարունակվում և ինչ ակնկալիքով:

Բոլոր դեպքերում գլխավոր դատախազի անգործությունը ոչ թե քաղաքական, այլ քրեաիրավական գնահատական հայցող արարք է դառնում, որովհետև անկախ երկու համախոհ ընկերների պայմանավորվածությունից` քրեական դատավարության օրենսգիրքը պայմանավորվածությունների հիման վրա քրեական վարույթ հարուցելու հիմք չի նախատեսել (կամ էլ պայմանավորվածությունն այնպիսի մակարդակում է կայացվել, որ ավելի լավ է չնկատելու տալ և անձամբ դատվել, քան քրեական վարույթ հարուցել, չնայած մեզ մոտ դատախազները չեն դատվում.- Գ.Ս.):

Ակնհայտ է, որ ՀՀ հարկային օրենսգիրքը, ինչպես նաև «Հարկային ծառայության մասին» օրենքը պայմանավորվածության հիման վրա հարկեր գանձելու հնարավորություն չեն նախատեսում: Ընդհակառակը, նման պայմանավորվածությունը կոռուպցիոն հանցագործություն է, անկախ այն հանգամանքից, թե դա հարկային տեսուչի՞, թե՞ քննչական կոմիտեի քննիչի կողմից է կատարվել:

ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցադրումը թեև ակնհայտ ընտանեկան նախանձախնդրություն ուներ, բայց խորքային առումով վերաբերում էր ոչ միայն իր տղայի բիզնես գործունեությանը, այլև նույն հիմքով հարուցված բազմաթիվ քրեական գործերի: Ընդ որում, խոսվում էր կալանքի սպառնալիքով գործարարի հետ հարկային հարաբերությունների վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերելու մասին, որը պետք է դիտվի՝ որպես կոռուպցիոն հանցագործություն: Իշխող կուսակցության ներկայացուցիչներն արդեն սկսել են ջանասիրաբար քողարկել կատարված խայտառակ խոստովանությունները:

Նշենք, որ հանցավոր երևույթի բացահայտումները վաղուց էին կատարվել, ուղղակի գլխավոր դատախազը զբաղված էր քրեական իրավունքի և դատավարության վերաբերյալ անիմաստ ու անտեղի դասախոսություններ կարդալով՝ չտեսնելու տալով այն հանգամանքը, որ ո՛չ Քննչական կոմիտեն, ո՛չ էլ նախարարությունը դրա կարիքը չունեն, քանի որ «ինստիտուցիոնալ արդարադատության» վերաբերյալ շատ լուրջ համաձայնություն ունեն, որի դեմ անզոր է նաև գլխավոր դատախազը:

Ազգային ժողովի պատգամավորի կողմից հստակ հարցադրում է արվել ՔԿ-ի կողմից, մեղմ ասած, ապօրինի հարուցված և շարունակվող քրեական վարույթի մասին, որի շրջանակներում կալանքի սպառնալիքի տակ գործարարներին ստիպում են հրաժարվել իրենց հասանելիք 10 միլիարդ դրամ գումարից: Ենթադրվում է, որ օրինական գործելակերպի շրջանակներում Հարկային օրենսգրքին համապատասխան` ՊԵԿ-ի կամ ֆինանսների նախարարության կողմից պետք է կազմվեին համապատասխան վարչական ակտեր գործարարներին այդ գումարները վերադարձնելու կամ մերժելու մասին, սակայն հարցի լուծումն ինչ-որ պայմանավորվածության շրջանակում տրվել է Քյարամյանին, ում վրդովեցրել է այս հարցով պատգամավորի տղայի համար իրեն երկու հոգու կողմից զանգելու հանգամանքը, սակայն այդ կապակցությամբ քրեական վարույթ չի հարուցվում, երևի լավության կարգով: Հովանավորչությունը կարծես թե նույնպես քրեորեն պատժելի արարք է:

Ուշադրություն է պետք դարձնել այն հանգամանքին, որ ապօրինի քրեական վարույթի վերաբերյալ պատգամավորը հարցն ուղղում է ոչ թե գլխավոր դատախազին, այլ Քննչական կոմիտեի նախագահին: Իշխանական պատգամավորից լավ ո՞վ գիտի, թե պայմանավորված «արդարության» շրջանակում որն է արդար, իսկ ինստիտուցիոնալ արդարադատության շրջանակում՝ ով է թելադրողը:

Պետք է ցավով նկատել, որ ինստիտուցիոնալ արդարադատության շրջանակում ձեռք բերվող համաձայնություններում գլխավոր դատախազին և դատական համակարգին վերապահված է դրանք անվերապահ կատարելու դերակատարումը, և բոլորն էլ այն աստիճան են համակերպվել այդ երևույթի հետ, որ հարցերի լուծումը փնտրում են ոչ թե օրենքի ու օրինականության հարթությունում, այլ համապատասխան զանգող գտնելու միջոցով:

Ի դեպ, գլխավոր դատախազն անելիք ունի նաև այս հայտարարության հետ կապված, որովհետև Արմեն Աշոտյանի՝ քաղաքական բանտարկյալ լինելու մասին պատգամավոր Թագուհի Թովմասյանի հայտարարությունը դիտվել էր որպես ապօրինի միջամտություն արդարադատությանը, իսկ այս դեպքում Քննչական կոմիտեի նախագահն ինքն է խոսում մեկ այլ պետական մարմնի ղեկավարի հետ քրեական վարույթ հարուցելու պայմանավորվածության և դրա հետ կապված զանգերի մասին:

Քանի որ Քննչական կոմիտեն քրեական վարույթ չի նախաձեռնել, ապա գլխավոր դատախազը պետք է այդ գործն իր վրա վերցնի՝ պարզելու համար, թե ո՞վ է փորձել ապօրինի միջամտել նախաքննությանը՝ իհարկե, չմոռանալով նաև քրեաիրավական գնահատական տալ ՊԵԿ գործող նախագահ Ռուստամ Բադասյանի գործողություններին, ով ևս ապօրինի պայմանավորվածություն է ձեռք բերել իր անմիջական գործառույթներն այլ պետական մարմնի միջոցով իրականացնելու համար:

Գլխավոր դատախազը թերևս ուրախ կլինի գործողություն նախաձեռնել թե՛ Արգիշտի Քյարամյանի կողմից ղեկավարվող Քննչական կոմիտեի, և թե՛ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի վերաբերյալ, ում հետ կապված՝ շատ «ջերմ» հիշողություններ ունի դեռ վերջինիս ղեկավարությամբ արդարադատության փոխնախարար աշխատելու ժամանակներից, ու եթե մինչև հիմա դա չի արել, ուրեմն չունի համապատասխան թույլտվություն:

Ի դեպ, Հրայր Թովմասյանի դատաքննությունից հետո պարզ դարձավ, որ մի մեծ դժվարություն չի այս երկու պաշտոնյաներին էլ քրեական պատասխանատվության ենթարկելը, հատկապես, որ դրանք կարող են քննվել հակակոռուպցիոն դատարանում:

Դիտորդի կարգավիճակում Ազգային ժողովի լսումների ընթացքում ամբիոնում հայտնված գլխավոր դատախազը դիտորդի կարգավիճակում է ընդհանրապես, որովհետև դատախազ նշանակվելիս թեև հայտարարում էր, որ գիտակցում է, թե ինչ պատասխանատվություն է ստանձնում, բայց այդպես էլ չի հասկացել, որ ինքն այլևս Նիկոլ Փաշինյանի օգնականը չի և իր գործառույթն էլ բնավ իրավական թեմաներով ոչ ճշգրիտ տեղեկություններ հաղորդելն ու «կռուտիտ» լինելը չէ, կամ էլ քրեական գործերին ապօրինի միջամտություն կատարելն ու ցուցումներ տալը կամ մեղադրական գրելը, այլ երկրում օրինականության պահպանումը, իսկ պետական բյուջեի համալրումը և գույքի բռնագանձումը չի արդարացնում որևէ պետական կամ մասնավոր անձի անօրինական արարքները, հատկապես որ, պետական բյուջեի համալրման պատրվակով երբեմն նաև սեփականության վերաբաշխում են իրականացնում:

 Հիշեցնենք, 2021թ. 168.am-ն իր էլեկտրոնային հասցեին սկանդալային տեսանյութեր էր ստացել, որոնցում հստակ երևում էր, որ Նիկոլ Փաշինյանի` այդ ժամանակ իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանը միջամտում է գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը՝ ուղղումներ կատարելով գործերի նյութերի մեջ, և ըստ էության հրահանգավորում է հիմնական դերակատարներին։

Բոլոր դեպքերում չպետք է անտեսենք նաև այն հանգամանքը, թե ինչ խնդիր է դրել Փաշինյանն իր օգնականին դատախազի պաշտոնին դնելուց առաջ: Սակայն գլխավոր դատախազի պահվածքը թույլ է տալիս կարծելու, որ դատախազական հսկողությունը «նախկին» շեֆն է իրականացնում, երևի թե ուժային կառույցների ղեկավարներին աչքի առաջ պահելու նպատակով:

Իհարկե, չենք ուզում հոռետես լինել, բայց անհանգստություն ունենք, որ կարծես թե դատախազն էլ է տեղյակ կամ գուցե նաև մասնակցել է բյուջեի պաշտպանության մասին ՊԵԿ նախագահ Բադասյան-Քննչական կոմիտեի նախագահ Քյարամյան համաձայնությանը: Եվ քանի որ առնվազն պաշտոնանկություններ չեղան, ապա պետք է կարծել, որ Նիկոլ Փաշինյանն էլ անմասն չէ բյուջե փող բերելու ավազակային մեթոդների կիրառման նախահեղափոխական ժամանակներից արված ներդրումից:

 

Տեսանյութեր

Լրահոս