Աննա Վարդապետյանի ինքնախոստովանությունը՝ հովանավորչությունը կոռուպցիա է
Նոյեմբերի 14-ին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդունել էր Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի «Դատաիրավական լրագրություն» դասընթացի ուսանողներին:
«Հովանավորչությունը կոռուպցիոն երևույթ է: Դատախազությունում բոլորը գիտեն, որ որևէ մեկի համար խնդրել չի կարելի: Նաև գիտեն, որ անթույլատրելի է որևէ մեկին, ով ներկայանում է՝ որպես գլխավոր դատախազի բարեկամ, կուրսընկեր, դասընկեր և այլն, առավելություն տալը»,- ընդգծել էր Աննա Վարդապետյանը և ուսանողների հետ քննարկել մասնագիտական, աշխատանքային, էթիկական, աշխարհայացքային հարցեր, դրանց շուրջ ծավալել երկխոսություն:
Աննա Վարդապետյանը ճիշտ է ասում՝ հովանավորչությունը կոռուպցիոն երևույթ է, միայն թե դժվար է հավատալ, որ նա այդ մասին իմացել է միայն գլխավոր դատախազ դառնալուց հետո: Կամ էլ, իհարկե, գիտեր, բայց երբ, օրինակ, որպես Նիկոլ Փաշինյանի իրավական հարցերով օգնական կամ խորհրդական՝ հովանավորում էր կոնկրետ քրեական գործեր, իսկ ավելի ստույգ՝ կուրացիա էր անում դրանք, հովանավորչությունը կոռուպցիա չէր դիտարկում:
Կամ, երբ լինելով պետական բարձրաստիճան պաշտոնյա, ով իրավական խորհուրդներ էր տալիս Նիկոլ Փաշինյանին, այցելում էր Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ), ու դրանց մասին որևէ տեղեկատվություն չէր տրվում, նույնպես չէր մտածում, որ հովանավորչությունը կոռուպցիոն երևույթ է և չի կարելի միջամտել դատական իշխանության գործունեությանը ճիշտ այնպես, ինչպես չի կարելի քննիչի համար մեղադրանք գրել կոնկրետ անձի վերաբերյալ, հետո գրեթե մեկ տարի փախչել լրատվամիջոցներից, ապա հայտարարել, որ «Դա եղել է ուղղակի խնդրանքի հիման վրա»:
Հիշեցնենք, որ կառավարությունում աշխատող Աննա Վարդապետյանը հաճախ էր լինում ԲԴԽ-ում, երբ Խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը Գագիկ Ջհանգիրյանն էր: Ռաֆիկ Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը գրավոր հարցմամբ դիմել էր ԲԴԽ ու ստացել պատասխան, որ առնվազն երկու անգամ Նիկոլ Փաշինյանի օգնականը եղել է ԲԴԽ-ում, իսկ թե ինչ հարցեր նա կարող էր քննարկել ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի հետ, դժվար չէ կռահել:
Իսկ խնդրանքով մեղադրանք գրելու փաստը բոլորին է հայտնի: Խոսքը գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը միջամտելուն, կազմված գործերի գրավոր նյութերի մեջ ուղղումներ կատարելուն է վերաբերում… Ի դեպ, Track Changes ծրագրով: Ինքը՝ գլխավոր դատախազը, վստահաբար շատ լավ իմանալով, որ չունի դրա իրավունքը, ասել էր՝ ընդամենը մասնագիտական կարծիք է հայտնել:
«Իմ ամբողջ գործունեության ընթացքում, ես 15 տարի աշխատում եմ իրավական համակարգում, բոլոր իմ ընկերները, այդ թվում՝ փաստաբաններ, քննիչներ, դատախազներ, դատավորներ, մասնագիտական խորհրդատվության հետ կապված հարցեր ինձ հետ ունեցել են և շարունակում են ունենալ։ Իմ կարծիքը որևէ մեկի համար պարտադիր չէ, ես որևէ կերպ որևէ ազդեցություն չեմ ունենում որևէ հարցի վերաբերյալ, դա ինձ համար նաև մասնագիտական էթիկայի խնդիր է, և այդ շահարկումները երևի նպատակներ էին հետապնդում, որոնք ինձ համար հասկանալի չեն»։
Լրագրողի դիտարկմանը, որ ինքը ոչ թե մասնավոր ընկերությունում է աշխատում, այլ վարչապետի խորհրդականն է, և, որ դա թույլ է տալիս պնդել, որ իր արարքն ուղիղ միջամտություն է արդարադատությանը, Վարդապետյանը զավեշտալի պատասխան էր տվել՝ «Ի պաշտոնե չի իրականացվել լիազորությունը, դա եղել է ուղղակի խնդրանքի հիման վրա, որը եկել է պաշտոնատար անձից՝ զուտ մասնագիտական կարծիք հարցնելու․․․»։
Երևի նույն ընկերական սկզբունքով էլ Աննա Վարդապետյանին հասանելի էին դառնում մարդկանց բանկային գաղտնիքները, նրանց ընկերությունների հաշիվների վերաբերյալ տեղեկությունները:
Կամ, երբ նույն Աննա Վարդապետյանը պարբերական այցեր էր կատարում Քննչական կոմիտե (ՔԿ)՝ ինստրուկտաժ անելու քննիչների տարբեր գործերով, և այդ այցի մասին նախապես նրանց զգուշացվում էր ու խստիվ հրահանգվում չուշանալ, երևի նույնպես ընկերական խնդրանքները բավարարելուն էին միտված:
Աննա Վարդապետյանի համար, իհարկե, տհաճ է կրկին վերհիշել իր կենսագրության այս, բավականին խնդրահարույց հատվածի մանրամասները ևս մեկ անգամ: Բայց դրանք հիշեցվելու են առնվազն յուրաքանչյուր պատեհ առիթով, հատկապես, երբ այդ առիթը տա ինքը՝ գլխավոր դատախազը:
Իսկ մինչ իր ընկերական խնդրանքների կատարման քրեաիրավական գնահատական տալու ժամանակը գա, Աննա Վարդապետյանը լավ կանի հատկապես իր հրապարակային խոսքի նկատմամբ ուշադիր լինի, ու մանավանդ, երբ ցանկություն ունի, որ դա հանրայնացվի: Այլապես միշտ էլ գտնվելու են մարդիկ, ովքեր նրան հիշեցնելու են, որ ինքն առնվազն անկեղծ չէ ուսանողների հետ: