Դու չգիտե՞ս, որ դա քո տեղը չէր, Աննա. ո՞վ է ասել, որ դու պիտի վերևում նստեիր. Փաշինյանը զայրացել է թիմի վրա

Հոկտեմբերի 15-ին Ազգային ժողովում Քննչական կոմիտեի (ՔԿ) նախագահ Արգիշտի Քյարամյանի, ՔՊ-ական պատգամավորներ Հովիկ Աղազարյանի ու Անդրանիկ Քոչարյանի մասնակցությամբ տեղի ունեցած խայտառակությունից հետո Նիկոլ Փաշինյանը «փոթորիկ» է արել՝ ենթականերին ցույց տալով՝ ով է այստեղ շեֆը:

168.am-ի տեղեկություններով՝ մասնավորապես, երեկ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո իր մոտ է կանչել ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին, նրան ասել՝ «Դու քեզ սխալ ես պահել», ինչին ի պատասխան՝ վերջինս պատասխանել է՝ «Սխալ չեմ պահել, ես ինձ ճիշտ եմ պահել»:

Այն, որ Քյարամյանը չի ընդունել իր ասածը, հունից հանել է Փաշինյանին, և վերջինս հրահանգել է Արգիշտի Քյարամյանի նկատմամբ ծառայողական քննություն նշանակել: Թե ո՞վ կամ ո՞ր մարմինն է իրականացնելու այդ քննությունը, դեռևս չկարողացանք պարզել:

Կարդացեք նաև

Բայց Արգիշտի Քյարամյանը միակը չէ. մի ծառայողական քննություն էլ Փաշինյանն Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանին և «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին հանձնարարել է իրականացնել Հովիկ Աղազարյանի նկատմամբ, որպեսզի քննեն թե՛ մամուլում նրա կողմից հովանավորչություն կատարելու վերաբերյալ եղած տեղեկությունները (200-300.000 դոլարով հովանավորչություն անելու համար), թե՛ նաև էթիկական հարցերը:

Նիկոլ Փաշինյանի ցասումից զերծ չի մնացել նաև Հայկ Կոնջորյանը, ում հետ նույնպես Փաշինյանը կոշտ զրույց է ունեցել, նրան մեղադրել այն բանում, որ որպես խմբակցության ղեկավար՝ չի ապահովել ՔՊ-ական պատգամավորների ներկայությունը խորհրդարանական լսումներին ուժային բլոկի ղեկավարների մասնակցությամբ:

«Ինչո՞ւ չէին եկել, վեր ընկել այդտեղ»,- սա ամենամեղմ ձևակերպումն է, որ տեղ է գտել այդ զրույցում:

Այստեղ Փաշինյանին հուշենք՝ մի ծառայողական քննություն էլ թող անցկացնեն Ալեն Սիմոնյանի և նրա մերձավորների բիզնեսների, մեկն էլ՝ Հայկ Կոնջորյանի եղբոր շինարարական բիզնեսների վերաբերյալ:

Առհասարակ թե՛ ԱԺ լսումները նախաձեռնած Անդրանիկ Քոչարյանին, թե՛ Կոնջորյանին, և թե՛ Ալեն Սիմոնյանին Փաշինյանն ասել էր՝ լսումներից դժգոհ է, դրանք կազմակերպված էին բացարձակ փնթի կերպով: Ալեն Սիմոնյանն արդարացել է, թե ինքը կազմակերպչական աշխատանքների հետ առնչություն չի ունեցել, գործուղման է եղել:

Անդրանիկ Քոչարյանի հետ ևս Փաշինյանը կոշտ խոսակցություն է ունեցել:

«Ո՞վ է որոշել, որ Աննա Վարդապետյանը պետք է նստի ԱԺ նախագահությունում, երբ նիստերի դահլիճում են նստած եղել Անվտանգության խորհրդի երկու անդամներ՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ու Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը»,- ասել է Փաշինյանը:

Բացի դրանից, մեր տեղեկություններով, վերջինս նաև հավելել է, որ մի զեկույց ներկայացնող էլ գլխավոր դատախազն է, էդ ո՞վ, ո՞ր սկզբունքով է որոշել, որ զեկույց  ներկայացնողը պիտի նստի նախագահությունում ու լսի մյուսների զեկույցները:

Հերթը հասել է Աննա Վարդապետյանին:

Նույնը Փաշինյանն ասել է նաև հենց իրեն՝ Աննա Վարդապետյանին՝ «Ո՞վ է քեզ ասել, որ դու պիտի վերևում նստես, Աննա»:

Վերջինս իրեն բնորոշ ոճով արդարացել է, թե իրեն վերևում նստելու առաջարկ արել է ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ինչին Փաշինյանը պատասխանել է՝ դա իրեն հետաքրքիր չէ. «Ով էլ լիներ առաջարկողը, դու չգիտե՞ս, որ դա քո տեղը չէ»:

Աննա Վարդապետյանը, գլուխը կախ, լսել է Փաշինյանի լուտանքները՝ չցանկանալով իր տակից փախցնել առանց այն էլ ճոճվող աթոռը:

Հ.Գ. Ինչևէ, Նիկոլ Փաշինյանն այս փուլում կասեցրել է Արգիշտի Քյարամյանի պաշտոնանկության գործընթացը. թիմին հրահանգվել է չնախաձեռնել այդ կապակցությամբ որևէ ստորագրահավաք։

Տեսանյութեր

Լրահոս