«Հուսանք՝ մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը ԵՄ դիտորդները կմնան Հայաստանում». Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ Արդարադատության նախարարի պաշտոնը «խաղ ու պար չէ», նախարարը մեծ պատասխանատվություն է իր վրա վերցնելու։
«Պատկերացնո՞ւմ եք՝ դրա մեջ ինչ հիմնարկներ են մտնում՝ քրեակատարողական հիմնարկներ, նոտարական ինստիտուտ, և այլն։
Ձեզ նկատի չունեմ, բայց ստացվում է, որ՝ սկսած լրագրության ոլորտից, ասենք՝ ով ինտերնետ ունի, ինքնավստահությունը եսիմ որտեղ հասած, մտնում ու որոշում է, որ ինքը լրագրող է կամ ինչ-որ բան է։ Այդ ինքնավստահությունը, որը տակը հիմք չունի, պետք է նկատի ունենանք, բա մարդը պետք է պատասխանատվություն վերցնի իր վրա։
Իհարկե, նախարարի թեկնածուի դեպքում իրավաբանի կրթությունը պարտադիր է»,- լրագրողների հետ զրույցում նշեց Ալեն Սիմոնյանը՝ խոսելով Արդարադատության նախարարի թեկնածու չունենալու հարցի մասին։
Լրագրողի հարցին՝ Հայաստանն ու Ադրբեջանը քննարկո՞ւմ են որևէ պահի հայ-ադրբեջանական սահմանին օտար պետության ներկայացուցիչներ չլինելու հարցը, մասնավորապես՝ ԵՄ դիտորդների, Ալեն Սիմոնյանը պատասխանեց.
«ԵՄ դիտորդները Հայաստանի տարածքում են գտնվում, մենք շնորհակալ ենք քաղաքացիական այդ առաքելությանը, այն երկրներին, որոնք այդ առաքելությունն այստեղ գործուղել են։
Հույս ունենք, որ մինչև խաղաղության պայմանագրի կնքումն առնվազն ԵՄ դիտորդները կլինեն այստեղ։ Հաճախ է լինում, որ Ադրբեջանը, օրինակ, հայտարարում է, որ հայկական կողմն ինչ-որ զորքեր է տեղաշարժում կամ պատրաստվում է ինչ-որ հարձակումների։ ԵՄ դիտորդները գալիս ու արձանագրում են…»,- հավելեց Ալեն Սիմոնյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում