Եթե նոյեմբերի 1-ից տրանսպորտից օգտվողների 20 տոկոսն ընդվզի, քաղաքապետարանը փաստի առաջ կկանգնի. Մեսրոպ Մանուկյան
Նոյեմբերի 1-ից հանրային տրանսպորտից օգտվողները պետք է պարտադիր իրենց մոտ ունենան 100 դրամանոց մետաղադրամ կամ սմարտֆոնում QR կոդ, որպեսզի վճարումն իրականացնեն։ Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ Տիգրան Ավինյանը մատնանշեց հանրային տրանսպորտից օգտվելու և վճարելու այս երկու եղանակը։
«Սիրելի երևանցիներ, նվազագույնը նոյեմբերի 1-ից խնդրում ենք, որպեսզի հանրային տրանսպորտից օգտվելիս վճարման երկու եղանակներից մեկը օգտագործեք։ Առաջինը՝ 100 դրամանոց մետաղադրամ ունենաք, երկրորդ տարբերակը, որը, կարելի է ասել, միասնական տոմսային համակարգի նախնական մասնիկն է՝ էլեկտրոնային տոմսն է, որը կարող եք գնել տերմինալներից։ Անկեղծ ասած՝ ամենապարզ մեթոդը հեռախոսից՝ սմարթֆոնից օգտվելն է, այս պահի դրությամբ միայն «Թել Սելլ»-ում կա»,- նշեց Տիգրան Ավինյանը։
Թե ի՞նչ պետք է անեն այն մարդիկ, մասնավորապես՝ թոշակառուները, որոնք չունեն սմարթֆոն կամ իրենց գրպանում այդ օրը չեն պահել 100 դրամանոց մետաղադրամ՝ Տիգրան Ավինյանը չանդրադարձավ։
«Այստեղ տեղի է ունենում մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում, որովհետև մարդկանց ստիպում են, որպեսզի դառնան «Թել Սելլ»-ի բաժանորդ։ Մարդու իրավունքների պաշտպան էլ որ ունենք, տեղից ո՛չ գվվում է, ո՛չ բվվում։
Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ «Թել Սելլ»-ը գցելու է քաղաքապետարանին, իրենց սարքերը նորմալ չեն աշխատում, գնացեք ավտոբուսների վարորդներին հարցրեք, մետրոպոլիտեն գնացեք, ուղղակի չի աշխատում, սա մեղմ եմ ասում։
Լավ, մարդը չունի 100 դրամ ու չունի սմարթֆոն՝ ի՞նչ է անելու»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։
Նրա բնորոշմամբ՝ իշխանությունները քաղաքն ավելի հարմարավետ դարձնելու համար միայն մտածում են, թե ինչ անեն, որպեսզի ավելի վատ լինի։
«Այս ամենն անելու փոխարեն, թող վարորդների աշխատելու պայմանները լավացնեն, կամ, որ ավտոբուսներում տեսախցիկներ են դրել, թող դրանք սարքեն, որովհետև չեն աշխատում։ Փող են տվել, տեսախցիկներ են բերել, բայց դրանք չեն աշխատում, որպեսզի տեսնեն, հաշվարկեն, թե որքան փող է մուտքագրվում ավտոբուսներով։
Իրենց մոտ, իրենց ասած թվերով՝ օրական 30 մլն դրամ փող է կորում»,- նշեց մեր զրուցակիցը։
Ըստ նրա, այս ամենից հետո քաղաքացուն միայն մեկ ելք է մնում՝ ընդվզել։
«Քաղաքացին թող ընդվզի, ասել եմ ու մեկ անգամ էլ եմ կրկնում՝ հարգելի երևանցիներ, պատրաստ եմ ծառայել ձեզ։ Ես չեմ կարող լռել, խոսելու եմ։ Քաղաքացին պետք է ընդվզի, ասի՝ հո դուք խեղկատակ չե՞ք։ Ինքս առաջարկել եմ, որ սովորական բանկային քարտերով անեն այդ համակարգը, քաղաքապետարանը պետք է գումար հատկացներ, այդ համակարգը ներդներ։ Բանկային քարտ բոլորն ունեն, բայց մարդիկ չեն ուզում իրենց անձնական տվյալները մուտքագրել «Թել Սելլ» համակարգ, ի՞նչ է սրանց ուզածը։
Եթե նոյեմբերի 1-ից տրանսպորտից օգտվողների 20 տոկոսն էլ ընդզվի, ապա քաղաքապետարանը փաստի առաջ կկանգնի՝ պարտավոր է վերանայել իր որոշումը»,- եզրափակեց Մեսրոպ Մանուկյանը։