Գռեհկություն ու սպեկուլյացիա՞, թե՞ նոր մոտեցնումներ ու արվեստի պատառիկներ․ Փարաջանովին նվիրված փերֆորմանսը՝ քննադատությունների թիրախում
Փերֆորմանս՝ լրացված Փարաջանովի կյանքի ու գործի դրվագներով․ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մեկնարկել է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը։
Փերֆորմանսում փարաջանովյան դրվագներ են, որոնք համադրվել են նոր լուծումներով․ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում բացված բազմաթիվ գրքեր են՝ հենց գետնին, շենքի վրա՝ արվեստագետի ֆիլմերից կադրեր, լսվում է նրա ձայնը, ֆիլմից երաժշտության պատառիկներ։ Այս արտ-ինստալյացիաները, սակայն, միանշանակ չեն ընդունվել հանրային ու մասնագիտական շրջանակներում, ավելին՝ ցուցադրությունը սուր քննադատվել ու քննադատվում է հենց առաջին իսկ օրվանից տարբեր արվեստագետների ու քաղաքացիների կողմից։
Ավելին՝ համացանցում եղան նաև ծայրահեղական դրսևորումներ. օգտատերերից մի քանիսն այս նախաձեռնության հեղինակներին մեղադրում էին ջհուդական ինչ-որ ծեսեր բեմադրելու, այս ցուցադրությամբ Հայաստանի գլխին նոր աղետ բերելու մեջ։
168․am-ը թեմայի առնչությամբ լսել է նաև ցուցադրությունը դիտելու եկած քաղաքացիների տեսակետները։
«Գրքերը ինչո՞ւ պետք է արևին թողնեն․ ափսոս չէ՞», «Սա հավանելո՞ւ բան է»՝ այս հակիրճ դիտարկումների կողքին նաև կային աջակցող նկատառումներ, օրինակ, բանաստեղծ Հուսիկ Արան պատահմամբ է տեսել ցուցադրությունը և քննադատորեն չի մոտենում։
«Անակնկալ էր, անցնում էի՝ տեսա։ «Նռան գույնը» ֆիլմից է այս տեսարանը հիշեցնում։ Քաղաքի ամեն անկյունում թող լինեն այդպիսի միջոցառումներ, տարբեր կերպ ներկայացնեն Փարաջանովին։ Գուցե քննադատողներ էլ կլինեն»,- մեզ հետ զրույցում նշեց բանաստեղծը։
«Շատ սիրուն է»,- ասաց Ուկրաինայից ժամանած մեր հայրենակիցը՝ մի քանի դրվագներ հիշելով Փարաջանովի կենսագրությունից։
«Շատ եմ հավանել ու ուրախ եմ, որ Հայաստանում գնահատվում է արվեստագետը։ Փարաջանովը շատ մեծ մարդ է և լայն մտածողություն է ունեցել․ մինչև հիմա իրեն դեռ չեն հասկանում ու պետք է իրեն ուսումնասիրել, հասկանալ»,- հավելեց մեր համաքաղաքացիներից մեկը։
Սերգեյ Փարաջանովին ճանաչած, նրա հետ բազմիցս շփված, նրան հյուրընկալած, արվեստագետի գործերն ու կյանքն ուսումնասիրած մեր հայրենակից, արվեստի քննադատ Կարեն Միքայելյան-Թերլեմեզյանը, սակայն, շատ սուր քննադատեց այս փերֆորմանսը։
«Սա ցուցադրություն չէ․ հիմարության գագաթնակետն է, սա արել են մարդիկ, որոնք Փարաջանովին չգիտեն։ Սա վուլգարիզացիա ու սպեկուլյացիա է,- շեշտեց նա, ապա կարևորեց Սերգեյ Փարաջանովի հուշարձանը տեղադրելու հարցը,- Այսօրվա դրությամբ ամբողջ Հայաստանում մի հուշարձան չկա Փարաջանովից։ Գոնե դնեին։ Գոնե 5 տարի հետո դնեն։ Հետո էլ աում են՝ աշխարհը մեզ չի ճանաչում․ ո՞նց ճանաչի, սրանո՞վ ճանաչի»։
Ինչպես տեղեկացանք նախարարությունից՝ հոբելյանական երեկոյի կազմակերպիչներն են Հայաստանի պետական ֆիլհարմոնիան և Փոքր թատրոնը։
Ռեժիսորը Վահան Բադալյանն է, տեսաշարի հեղինակները՝ Ալբերտ Մովսիսյանն ու Լուսինե Չերգեշթյանը, երաժշտությունը Սերգեյ Ումրոյանի հեղինակությամբ է:
168․am-ը փորձեց կապ հաստատել նաև Վահան Բադալյանի և Սերգեյ Ումրոյանի հետ՝ նրանց տեսակետը լսելու համար, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։
Մանրամասները՝ տեսանյութում