Փաշինյանի իշխանության մեկ օրվա գինը․ սարսափազդու թվեր

Երեկ Նիկոլ Փաշինյանն այցելել է Շիրակի մարզ ու ճանապարհամերձ գյուղերում կատարած հանդիպումների ընթացքում զրուցել է իրեն ուղեկցող պաշտոնյաների ու գյուղի բնակիչների հետ։

Ավանդույթի համաձայն, յուրաքանչյուր բնակավայրում առաջին հերթին նրան ներկայացրել են կատարված ասֆալտապատման աշխատանքների ցուցանիշները, և Փաշինյանը՝ լսելով ենթականերին, հերթական անգամ հպարտորեն արձանագրել է, թե հատկապես 2018թ․ հետո քանի կիլոմետր ճանապարհ է ասֆալտապատվել այդ տարածքում՝ 230 կիլոմետր՝ կոնկրետ Շիրակի մարզում։

Ասֆալտը կուռք դարձրած իշխանության համար սա երևի տպավորիչ ցուցանիշ է։ Վստահաբար, ասենք, տարեվերջին համապատասխան մարմինները մետր առ մետր կգումարեն ու կհայտարարեն, որ 2018-ից հետո ամբողջ Հայաստանում ասֆալտապատվել է, օրինակ, 4000 կամ 8236 կիլոմետր ասֆալտ։ Եվ, բնականաբար, կեցցե հեծանիվը։

Ասֆալտապատման կամ երկրի բնականոն կենսագործունեության ապահովման այլ ոլորտների աշխատանքը սովորական գործառույթ է, որը ցանկացած կառավարության պարտականությունն է։ Նորմալ է նաև, որ որևէ կառավարություն տեղեկատվություն է հաղորդում այս կամ այն ոլորտում արված աշխատանքի մասին։

Կարդացեք նաև

Բայց սա այդ պարագան չէ։

Նիկոլ Փաշինյանի իշխանության համար կոնկրետ ասֆալտը ֆետիշի մակարդակի հասցված բարիք է, ինչպես ժամանակին ելակը՝ բանակում, ՀԴՄ-ի կտրոնը՝ վաճառակետում, հետո հարկատուն՝ հերոսների առաջին հորիզոնականում, ու հացը՝ պետական գաղափարախոսության կենտրոնում։

 Այսինքն՝ ասֆլատը փաշինյանական վարչակազմի համար ոչ թե ճանապարհածածկ է, այլ գաղափարախոսական հենք, որը, փոքր-ինչ վերաձևակերպելով հայտնի արտահայտությունը, երևակվում է՝ որպես հանրությանը հասցեագրված ուղերձ՝ «որոճացեք ձեզ բաժին հասած ասֆալտը․․․»:
Իշխանության քարոզչական մեքենան այսպիսով ասֆալտը ներկայացնում է՝ որպես փաշինյանական բարեբերության խորհրդանիշ ու նրա իշխանության անցած վեց տարիների գնահատման հիմնական ցուցանիշ։ Հաշվարկն այն է, որ քաղաքացիները, հատկապես՝ գյուղական բնակավայրերում ապրողները, աչք կփակեն Հայաստանին պատուհասած բոլոր աղետների վրա՝ հանուն ասֆալտապատ ճանապարհների։

Այնպես չէ, որ այդ հաշվարկն իրեն չի արդարացնում, և իրականում նաև դա է իշխանության պահպանման բազմաթիվ պատճառներից մեկը։ Բայց եթե խոսքը վերաբերում է հաշվարկներին ու հատկապես վերջին 6 տարիների հաշվարկներին և առավելապես ձեռքբերումներին, ապա նույն հաշվարկի սկզբունքը կիրառելի է նաև կորուստների դեպքում։ Իշխանական քարոզչությունը, բնականաբար, այդ մասին լուռ է, ինչպես Սևանի սիգը, որի հետ հարաբերվելու մասին ամիսներ առաջ պաշտոնապես հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Մինչդեռ թվերը ոչ միայն ուղղակի խոսուն են, այլև սարսափազդու։ Ավելին՝ դրանք ցույց են տալիս, թե Նիկոլ Փաշինյանի իշխանության յուրաքանչյուր օրվա համար ինչ անդառնալի գին է վճարել հայ հասարակությունը, և պետք է պատրաստ լինի վճարել, քանի դեռ նա պահպանում է իշխանությունը։

Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում է ընտրվել 2018 թվականի մայիսի 8-ին։ Դրանից հետո անցել է ուղիղ 2355 օր։ Նա դարձել է մի երկրի վարչապետ, որը պաշտոնապես Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորն էր, իսկ Լեռնային Ղարաբաղը՝ հարակից յոթ շրջաններով, կազմում էր շուրջ 12.000 քառակուսի կիլոմետր։

Արցախն ամբողջությամբ կորսված է, Ադրբեջանը վերահսկում է նաև 200 քառակուսի կիլոմետր ՀՀ ինքնիշխան տարածքներից:  Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդած ժամանակահատվածում հայկական կողմի թիվը պաշտոնապես գերազանցում է 4500-ը, իսկ 2023 թվականի սեպտեմբերից, Արցախի նկատմամբ Ադրբեջանի էթնիկ զտումից հետո բռնի տեղահանվել է 120.000 Արցախի քաղաքացի։

Սրանք չոր փաստեր են՝ արտահայտված թվերով, որոնց պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության յուրաքանչյուր օրը Հայաստանի ու Արցախի՝ հայկական կենսատարածքի, հայ հասարակության համար արժեցել է ՄԻՋԻՆՈՒՄ 2 զոհ, 5.1 քառակուսի կիլոմետր տարածք, 51 բռնի տեղահանված։

 Սրանք, իհարկե, զարհուրելի ցուցանիշներ են, որոնց, ահա, իշխանությունը հակադրում է ասֆալտապատման թվերը՝ շեշտը դնելով նյութականի վրա։ Բայց հենց այդ նյութական՝ փողային հարթությունում էլ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման յուրաքանչյուր օրվա միջինացված արժեքը, մեղմ ասած, ուրախալի չի կարող լինել ասֆալտով հիացնողների ու հիացողների համար։ 2018 թվականից ի վեր Հայաստանի պետական պարտքն ավելացել է 5.5 միլիարդ դոլարով, ինչը նշանակում է, որ Փաշինյանի իշխանության ամեն օրվա կտրվածքով Հայաստանի պարտքը ՄԻՋԻՆՈՒՄ աճել է, ուշադրություն՝ 2.4 միլիոն դոլարով։ 

Միջինում օրական 2 զոհ, 5.1 քառակուսի կիլոմետր տարածք, 51 բռնի տեղահանված արցախահայ և 2.4 միլիոն դոլարի պետական պարտք։ Սա է իշխանության ավելի քան վեց տարիների՝ 2355 օրերի միջին թվաբանական պատկերը, ինչին իշխանությունը պատասխանում է մոտավորապես այնպես, ինչպես երեկ պատասխանել է Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզում խմելու ջրի բացակայությունից դժգոհող քաղաքացիներին՝ «ժպիտով եղեք, գոհանանք արվածից»։

ՀԳ Անցած 6 տարիներին վերաբերող նշված պարզ թվաբանական գործողությունները, իհարկե, իշխանության գործունեության արդյունավետության գնահատման  հեղինակավոր այսինչ կազմակերպության այնինչ մեթոդոլոգիայի չափանիշներին չեն համապատասխանում, և դրան ընդդիմանալ ցանկացողները կարող են տասնյակ վերապահումներ ու հարյուրավոր պատճառաբանություններ  հակադրել։ Բայց անգամ հազար վերապահումից ու միլիոն պատճառաբանությունից մեր ունեցածի ու կորցրածի մասին վկայող թվերը չեն փոխվում, որովհետև դրանք փաստի ուժով արտահայտում են այն օբյեկտիվ իրականությունը, որն անփոփոխելի է՝ անգամ «ժպիտով լինելու, արվածից գոհանալու» դեպքում։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս