Ասում են՝ կյանքի խնդիր է․ իրենք ձգեցին՝ հանգեցրին այս վիճակին․ Երեմ Սարգսյանը՝ Գագիկ Խաչատրյանի գործի ու այդ գործով ՄԻԵԴ հերթական արձագանքի մասին
Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ այսօր կայացավ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի և նրա եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի գործով դատական հերթական նիստը։
Նախորդ դատական նիստում գործով վկաների՝ փորձագետների հարցաքննությունից հետո, հաշվի առնելով հանգամանքը, որ Գագիկ Խաչատրյանը չի ներկայացել նիստին, ու նրա առողջական վիճակով պայմանավորված՝ հետաձգվել են նիստերը, մեղադրող դատախազ Գևորգ Սարգսյանը ցանկություն էր հայտնել հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու մասին միջնորդություն ներկայացնել։
Այս դատական նիստին արդեն Գևորգ Սարգսյանի կողմից միջնորդությունը ներկայացվեց։ Միջնորդությունն առարկելու համատեքստում՝ Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը նաև մեջբերեց այս գործի մասին պաշտպանական կողմի գանգատի հիման վրա ՄԻԵԴ-ից ստացած հերթական արձագանքը։
Իսկ Եվրոպական դատարանն իր պաշտոնական կայքէջում հոկտեմբերի 4-ին հանրայնացրել է փաստաթուղթ-դիմում, որում հարցադրումներ են՝ ուղղված ինչպես սույն դատավարության կողմերին, այնպես էլ՝ կառավարությանը։
«Սա կարևոր փաստաթուղթ է, այն առումով, որ Եվրոպական Դատարանը խոսում է կյանքի իրավունքի և անմարդկային նվաստացման վերաբերմունքի մասին»,- նշեց Երեմ Սարգսյանը՝ մանրամասնելով սույն փաստաթղթի մի քանի դրվագներ։
Արդեն դատական նիստից հետո 168․am-ի հարցադրումներին ի պատասխան՝ Երեմ Սարգսյանը դարձյալ անդրադառնալով գործին, դրան առնչվող ՄԻԵԴ հերթական փաստաթղթին ու դրանում տեղ գտած՝ պատկան մարմիններին ուղղված հարցադրումներին՝ արձանագրեց․
«Մենք այն ժամանակ ասում էինք՝ բոլոր մասնագետներն ասում են, որ պետք է վիրահատություն կատարվի, որպեսզի հաշմանդամության չհանգեցվի։ Իրենք ձգեցին՝ հանգեցրին այս վիճակին։ Այժմ այնպես է հարցը, որ բոլորն ասում են՝այս հաշմանդամությունն այլևս մեծ հարց է՝ կարո՞ղ ենք շտկել, թե՞ ոչ․ այժմ կյանքի խնդիր է, որ ամեն պահ նույնիսկ կարող է մահ առաջանալ։ Փորձագետն ասում է՝ նույնիսկ ժամերի, օրերի վտանգ կա այստեղ։ Պետությունը, որպես Եվրոպական կոնվենցիան վավերացրած մարմին, որպես Սահմանադրության մեջ նշում կատարած մարմին, պարտավոր է անձի կյանքի իրավունք ապահովել։ Այսինքն, եթե դու ունես պատասխանատվություն ու թույլ չես տալիս անձը մեկնի բուժման, իսկ ՀՀ-ում էլ հնարավորություն չունես ապահովելու, ուրեմն դու ես պատասխանատուն լինելու։
Հետևաբար, ՄԻԵԴ-ը հարց է բարձրացնում՝ այսքան ժամանակ, որ թույլ չեք տվել մեկնի բուժման, արդյո՞ք սա 2-րդ հոդվածի խախտում չի։ Հետևաբար, ինքն այստեղ խնդիր է տեսնում։
Ասում է՝ 3-րդ հոդվածի խախտում, ինչն անմարդկային վատ վերաբերմունքի մասին է․ նշելով՝ երբ այս վիճակում բերում էիք դատարան, բերման էիք ենթարկում, արդյո՞ք դա չի հանգեցնում վատ վերաբերմունքի։ Հիմա այս հարցի պատասխանը պետք է տա, չէ՞, դատարանը»։
Նշենք՝ Խաչատրյանների վերաբերյալ գործի քննությունը 4,5 տարի հետո վերսկսվել է, քանի որ նախագահող Արթուր Մկրտչյանը թոշակի է անցել։ Գործը վերամակագրվել էր Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Տաթևիկ Մուրադյանին, որի որոշմամբ քրեական գործն, ըստ ընդդատության, տեղափոխվել է Հակակոռուպցիոն դատարան․ այժմ գտնվում է դատավոր Գիվի Հովհաննիսյանի վարույթում։
Մանրամասները՝ տեսանյութում