#ՀԻՄԱ. ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՆ Է. #ՈՒՂԻՂ

Այս տարվա հունիսի 21-ին Երևանի քրեական դատարանի դատավոր, այդ դատարանի նախկին նախագահ, Կարեն Անդրեասյանի սրտի և հոգու դատավոր Արթուր Մկրտչյանը դարձավ 65 տարեկան, ինչը նշանակում էր, որ թոշակի անցնելու կապակցությամբ վերջինիս լիազորությունները դադարեցվում են, որի արդյունքում այն գործերը, որոնք նա չի հասցրել ավարտել, կմակագրվեն այլ դատավորների և կսկսվեն նորից։

Մկրտչյանի վարույթի անավարտ գործերից մեկը ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի և եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի գործն է։ Այդ գործն արդեն այսօր քննվում է Հակակոռուպցիոն դատարանում, քանի որ ընդդատությունը հենց դա է ենթադրում, և նախկինում այն քննվել է քրեական դատարանում, քանի որ Հակակոռուպցիոն դատարանն այդ ժամանակ դեռ ստեղծված չէր:

Այս գործը դատարան է ուղարկվել 4 տարի առաջ, և մինչ Արթուր Մկրտչյանի լիազորությունների դադարեցման պահը քննվում էր։ Հատկանշական է այն հանգամանքը, որ 2024-ի փետրվարին Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանը Դատական դեպարտամենտին հանձնարարեց ձգձգվող քրեական գործերի մասին ֆիլմ հրապարակել՝ Գագիկ Խաչատրյանի գործով Արթուր Մկրտչյանի աշխատանքը գնահատելով «շատ որակյալ»։ Այսպիսով՝  4 տարի «շատ որակյալ» քննված գործը նորից է քննվում, ամենասկզբից:

Եվ այս պայմաններում, երբ, օրինակ, Վահե Միսակյանի լիազորությունները դադարեցվեցին, որովհետև Վազգեն Մանուկյանի գործը քննվել էր երկար, Արթուր Մկրտչյանը համարվում է լավ դատավոր, ու ոչինչ, որ այս գործի քննությունն ընդհանուր առմամբ կարող է տևել, ասենք, 8-9 տարի:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը, իր ազգականներին նյութական օգուտ տալու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող տեղակալի՝ Տիգրան Բարսեղյանի և պաշտոնատար այլ անձանց մասնակցությամբ, ՀՀ օրենսդրության և ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ կողմից կնքված պայմանագրի դրույթների խախտմամբ, ապահովել է ՀՀ պետական բյուջեի հանդեպ 79.372.897.900 ՀՀ դրամ պարտավորությունների դիմաց «Հայգազարդ» ՓԲ ընկերության կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտեում 2011թ. ապրիլի 18-ի պայմանագրով գրավադրված «Հիդրոապարատ» ԲԲ ընկերության 132.615 հատ բաժնետոմսերի շուկայականից էապես ցածր գնով՝ 34.328.964 ՀՀ դրամով իրացումը քրոջ և եղբոր որդիների՝ Ռուբիկ Գասպարյանի և Արամ Խաչատրյանի մասնակցությամբ հիմնադրված «Մոնդո Դի Մոբիլի» ՍՊ ընկերությանը, իսկ ներդրում կատարելու վերաբերյալ մրցույթի անցկացման պարտադիր պայմանը նշված ընկերության հետ կնքված 2012թ. հուլիսի 2-ի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրում չներառելու հետևանքով ապահովել է «Մոնդո Դի Մոբիլի» ՍՊ ընկերության ազատումը 5.000.000 եվրոյին համարժեք 2.624.000.000 ՀՀ դրամ ներդրում կատարելու պարտավորությունից:

Ըստ մեղադրանքի՝ նշված գործողությունների հետևանքով խախտվել է պետական մարմինների բնականոն գործունեությունը, խաթարվել է պետական բյուջեի նկատմամբ առկա պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացման գործընթացը, անհավասար պայմաններ են ստեղծվել իրացման գործընթացի հնարավոր այլ մասնակիցների համար, որի արդյունքում պետությանը պատճառվել է՝ 34.328.964 ՀՀ դրամի, իսկ կազմակերպությանը՝ 2.624.000.000 ՀՀ դրամի նյութական վնաս, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

Գագիկ Խաչատրյանը և նրա հետ գործով անցնող մյուս մեղադրյալը մեղադրանքը չեն ընդունում:

Նկատենք, որ Հակակոռուպցիոն դատարանում այս գործը քննելու է նախկին փաստաբան, քաղակտիվիստ, Նիկոլ Փաշինյանի պաշտպան, մի շարք այլ «ուշագրավ» պատմությունների կիզակետում հայտնված դատավոր Գիվի Հովհաննիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս