«Ադրբեջանն Արևմուտքից ապտակներ է ստացել, ունի պարտքերը վերադարձնելու խնդիր». Հերմինե Մխիթարյան

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը նշել է, որ  Վաշինգտոնը խաղաղության համաձայնագիրը երբեք չի կապել Բաքվում կայանալիք COP29-ի հետ, և, որ ԱՄՆ-ը ամիսներ առաջ էր դեռ ցանկանում տեսնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը և կողմերին մղում էր այդ համաձայնագրի ստորագրմանը։ Միլլերը հույս է հայտնել, որ այն ի վերջո կստորագրվի, բայց դա, ըստ նրա՝ կախված է կողմերից, ոչ թե Միացյալ Նահանգներից:

Արդյո՞ք սա նշանակում է, որ Հայաստանն ու Բաքուն միայնակ են մնացել այդ գործընթացում: «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Հերմինե Մխիթարյանն այն կարծիքին է, որ իրականում ԱՄՆ-ի համար խաղաղության պայմանագրի ստորագրումը շատ կարևոր է:

«Այդ փաստաթուղթը, առաջին հերթին, պետք է ՀՀ իշխանություններին և ԱՄՆ-ին: Մոտակա ամիսները տարածաշրջանում ուժային բալանսը փոխելու ամիսներ են լինելու: ԱՄՆ-ում նոյեմբերին սպասվում են ընտրություններ, որոնք, այսպես թե այնպես, պասիվացնելու են Վաշինգտոնի դերակատարումը Հարավային Կովկասում: Սա բնական գործընթաց է, բոլոր պետություններն են ներպետական գործընթացում արտաքին քաղաքական, հատկապես՝ ոչ առաջնահերթ ուղղություններում որոշակի պասիվություն գրանցում: Բայց այս պարագայում, նույն աշխարհաքաղաքական այս լարվածությունը եթե հաշվի առնենք, ԱՄՆ պասիվացումը բերելու է ՌԴ ակտիվացմանը, և արդեն բացթողնված հնարավորությունները Մոսկվան փորձելու է վերականգնել: Հենց այս տեսանկյունից ԱՄՆ-ի համար շատ կարևոր է, որ մինչև իր հարաբերական դադարի ընթացք անցնելը հնարավոր լինի որոշ արդյունք ամրագրել: Այդ խաղաղության պայմանագիր կոչվածը կարող է լինել նման արդյունք: Այս տեսանկյունից, իհարկե, ԱՄՆ-ը դեռ շահագրգիռ է, կարևորում է այդ խաղաղության փաստաթղթի ստորագրումը, և որևէ կերպ գոնե այսօր չենք կարող նշել, որ խոսքը երկկողմ, ուղիղ բանակցությունների մասին է»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցությունների մասին դժվար է խոսել, քանի որ Ադրբեջանի թիկունքին Թուրքիան է:

«Եթե մենք նույնիսկ խոսում ենք Փաշինյան-Ալիև դեմ դիմաց նստած գործընթացի մասին, որն այսօր չկա, Ադրբեջանը միայնակ չէ, Թուրքիան լիարժեք մասնակից է այդ գործընթացին, որովհետև նույն նախապայմանները, որոնք Ադրբեջանի կողմից առաջ են քաշվում, դրանք պաշտպանվում և տարածվում են նաև Անկարայի կողմից: Հետևաբար, այստեղ ուղիղ բանակցությունների մասին խոսք լինել չի կարող»,- ասաց նա՝ ընդգծելով՝ Թուրքիան ակնհայտ ցույց է տալիս, որ պաշտպանում է Ադրբեջանի շահերը և չի կարող որպես միջնորդ դիտարկվել:

Կարդացեք նաև

Անդրադառնալով Փաշինյանի մոսկովյան այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին, նա նկատեց. «Ինչպե՞ս Ռուսաստանը համաձայնեց առանց որևէ քննարկման, անգամ փորձագիտական դաշտում դա լայն արձագանք չստացավ, բայց իրենք ասացին, որ կողմ են, որ ռուս սահմանապահները դուրս գան անցակետից: Այստեղ կարևոր է այս անտեսանելի զարգացումների շղթան. Ինչի՞ է պատրաստվում Մոսկվան, ի՞նչ ակնկալիքներ ունի, ինչո՞ւ է այսօր հայ-իրանական սահմանապահ անցակետից դուրս բերում իր սահմանապահներին, ինչը կարևոր է ՌԴ-ի համար: Որևէ կերպ չենք կարող բացառել, որ Մոսկվան ունի պայմանավորվածություններ ադրբեջանական, իրանական կողմերի հետ, չեմ բացառում նաև, որ կարող է հնարավոր լինի՝ ՀՀ իշխանությունների հետ, թեև այսօր հավանականությունը Երևան-Մոսկվա երկխոսության բավական ցածր է»:

Նա նկատեց՝ ՀՀ իշխանությունները որևէ կերպ ազգային, պետական շահեր չեն բարձրացնում միջազգային հարթակներում բանակցային գործընթացում, բայց զուգահեռաբար՝ տեռորի քաղաքականություն են իրականացնում սեփական հանրության նկատմամբ. «Ներկայացնում են մի իրավիճակ, որ մենք անպայման ամեն ինչ անելու ենք՝ խաղաղության հասնելու համար, մյուս կողմից՝ ասում են, որ Ադրբեջանը պատերազմի է պատրաստվում, պատերազմն անխուսափելի է, իսկ պատերազմ և պարտություն տերմիններն իրենց խոսքում հավասարազոր կատեգորիաներ են: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ ահաբեկում սեփական հանրությանը»:

Նա ընդգծեց, որ Հայաստանի գործող իշխանություններն ամեն ինչ արեցին աշխարհաքաղաքական բախումը մեր տարածաշրջան բերելու համար. «Այսօր մենք ականատես ենք լինում այդ սրացումներին: Թե այդ փոփոխությունների համատեքստում ինչպես կդիրքավորվի Ադրբեջանը… Ի դեպ, մենք խոսում ենք Հայաստանի ինքնիշխանության պակասից, բայց Ադրբեջանն էլ լուրջ խնդիրներ ունի. 44-օրյա պատերազմի ընթացքում իրեն սատարած երկրների պարտքերը վերադարձնելու խնդիրը կա, այսինքն՝ Ադրբեջանն էլ որևէ կերպ լրիվ ազատ չէ իր քաղաքականության մեջ: Որ կողմից կլինեն ճնշումներ և ինչպես կձևակերպվի իր քաղաքականությունը, բարդ է ասել, բայց այն, որ ռազմական գործողությունների նախապատրաստման տեղեկատվական, քարոզչական փաթեթը միշտ տաք ու պատրաստ են պահում, փաստ է»:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արևմուտքի նկատմամբ հնչող մեղադրանքներին, նա հետևյալն ասաց. «Մի կողմից՝ Ադրբեջանը Մոսկվային է հավատարմություն ցույց տալիս, մյուս կողմից՝ Արևմուտքից բավականին լուրջ ապտակներ է ստացել Ադրբեջանը, չնայած՝ իրենց նավթագազային գործարքների ներքո բավականին լավ վիճակում են, բայց այդ թվում՝ Հայկական Սփյուռքի ջանքերով տարբեր երկրներից ունեցանք բանաձևեր, քննարկումներ, հայտարարություններ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս