Արմեն Գրիգորյանի ասածը կատարյալ մարազմ է․ Հարություն Մնացականյան

«Ռազմավարական ապրանքները կարող են փոխվել․ պետք է ավելի ճկուն լինենք, որպեսզի ուրիշներին թույլ չտանք թիրախավորել մեր ռազմավարական ապրանքները,- օրերս «Խաղաղության խաչմերուկ․ միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովի ժամանակ հայտարարել էր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ ՀՀ հպարտ քաղաքացիներին առաջարկելով, օրինակ, ցորենի օգտագործումից անցնել բրնձի,- Մենք հասկացել ենք, որ մեզ անհրաժեշտ է շատ բազմազանեցում, որպեսզի համապարփակ անվտանգության հայեցակարգի պահանջները բավարարվեն։ Խոսքը վերաբերում է ոչ միայն կոշտ անվտանգությանը, այլև տնտեսությանը, ռազմավարական ապրանքներին»։

168am-ն այս առնչությամբ գործարար, գյուղատնտես Հարություն Մնացականյանից հետաքրքրվեց՝ օբյեկտի՞վ է արդյոք այսկերպ շուկայի ու անվտանգության դիվերսիֆիկացիայի գնալը։

«Արմեն Գրիգորյանի ասածը կատարյալ մարազմ է։ Մենք հեռավոր ասիական երկի՞ր ենք, որ բրինձ օգտագործենք, կամ՝ Հայաստանում բրինձ աճո՞ւմ է, որ մեր ապագան դնենք բրնձի աճեցման վրա»։

Դիտարկմանը, թե գուցե մտածում են, որ կսկսենք արդեն Չինաստանից բրինձ ներկրել՝ ՌԴ-ից ցորեն ներկրելու փոխարեն, գյուղատնտեսը հակադարձեց՝ հիշեցնելով, որ Չինաստանից ներկրված բրնձի ինքնարժեքը 300 դրամից ավելի է, ցորենինը՝ 70 դրամ։

Կարդացեք նաև

«300 դրամից ավելի ինքնարժեքի դեպքում՝ այդ բրնձից թխվող 1 հացի արժեքը լինելու է 800 դրամ․ այս ժողովրդին պետությունն այդ եկամուտով ապահովո՞ւմ է, որ ժողովուրդը ցորենի փոխարեն ուտի բրինձ։

Կամ՝ ցանկացած երկիր իր աշխարհագրական դիրքից ելնելով է հացահատիկի նախապատվությունը տալիս․ Հայաստանը հազարամյակներ շարունակ ցորեն է օգտագործել, Չինաստանում ուտում են բրինձ, որովհետև այնտեղ բրինձ աճեցնելն ավելի հեշտ է»,- նշեց նա։

Քանի որ դեռ անցած ամսվա ընթացքում «ընդդեմ ցորենի» հայտարարություններ էր հնչեցրել նաև այս իշխանության մեկ այլ ներկայացուցիչ՝ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Հարություն Մնացականյանին խնդրեցինք պարզաբանել՝ արդյո՞ք այս հայտարարություններում կա ակնարկ՝ նախապատրաստվել ցորեն ներկրել Թուրքիայից։

Ի պատասխան՝ գյուղատնտեսը նկատեց․ «Թուրքիան էլ է ցորեն ներկրող, նաև Իրանն է ցորեն ներկրող․ ի դեպ, Իրանից ցորենի արտահանման վրա էմբարգո կա։

Նախարարն ասում է՝ ձեռնտու չէ․ իսկ ի՞նչ են անում, որ ցորենը Հայաստանում ձեռնտու լինի, ինչպե՞ս է՝ ամբողջ աշխարհում, որտեղ ցորեն են աճեցնում, ձեռնտու է, մեզ մոտ՝ ոչ։ Ի՞նչ է արվում այս անչությամբ։ Հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի աճեցման արժեշղթան խաթարված է մեր երկրում․ չունենք սերմնաբուծարաններ, որպեսզի կարողանան ստեղծել այնպիսի ցորենի սորտ, որ այս կիլիմայի պայմաններում, այս ռելիեֆային գոտում լինի առավել բերքատու, չեն ստանում որակյալ էլիտար սերմեր, չեն կարողանում կազմակերպել գյուղտեխնիկայի թարմացում, հողերի դեգրադացիայի վրա ուշադրություն չի դարձվում։ Բարձիթողի վիճակ է։

Այդ արժեշղթան ուսումնասիրեք, համապատասխան գործողություններ ձեռնարկեք։ Եվ եթե անգամ լինի ոչ ձեռնտու, բայց եթե թեկուզ հնարավոր է 50 տոկոս ինքնաբավություն ապահովել՝ անգամ բարձր ինքնարժեքով, հնարավոր չէ՞ պետական սուբսիդիա։ Այս ժողովուրդը, այս ֆերմերային տնտեսությունները մի Սնուփ Դոգի չափ չկա՞ն՝ մի 6 միլիոն դոլարի սուբսիդիա իրականացնեն»։

Հիշեցնենք, որ խոսելով Կառավարության կողմից աշնանացան ցորենի սուբսիդիան դադարեցնելու մասին՝ Էկոնոմիկայի նախարարն ասել էր․ «Կառավարությունը ծախսում է ՀՀ քաղաքացիների փողը։ Հայաստանում մենք հաշվարկներ ենք անում և տնտեսապես նպատակահարմար ծրագրերն ենք իրականացնում, եթե որևէ ծրագիր տնտեսապես ոչ նպատակահարմար է, մենք չենք իրականացնում։ Դրա փոխարեն՝ այլ նպատակահարմար ծրագիր ենք իրականացնում։ ՀՀ-ում ցորենի արտադրությունը տնտեսապես ոչ ձեռնտու գործընթաց է։ Մեկ հեկտար ջրովի տարածքից ստացվում է 450.000 դրամի ցորեն, բայց ծախսվում է 420.000 դրամ»։

ՊԵԿ-ի մաքսային ծառայության հրապարակած՝ ՀՀ ներմուծված ապրանքների վիճակագրության համաձայն` 2023 թվականին Հայաստան է ներկրվել 343.674 տոննա ցորեն և միայն 9882 տոննա բրինձ։ Ընդ որում, 343.674 տոննա ցորենից 343.602-ը Հայաստան է ներկրվել ԵԱՏՄ-ից, մասնավորապես` ՌԴ-ից։

Տեսանյութեր

Լրահոս