ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Բըրնսի՝ Երևան ինկոգնիտո այցից հետո Փաշինյանը սկսեց իրագործել Հայաստանի մասով ԱՄՆ ռազմավարությունը․ Անանևը փակագծեր է բացել
«Ռիչարդ Բըրնսի՝ Երևան կատարած ինկոգնիտո այցից հետո Փաշինյանի արտաքին քաղաքական հռետորաբանությունն ու գործողությունները փոխվեցին 180 աստիճանով»,- այս մասին 168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի ընթացքում ասաց ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնաթող ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը՝ անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականությանն ու շրջադարձին դեպի Արևմուտք։
Ըստ Անանևի՝ կարևոր է ուսումնասիրել փաստաթղթերը, ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքականությունն ամբողջությամբ տեղավորվում է այն ռազմավարության շրջանակում, որը 2022 թվականի մայիսի 4-ին ԱՄՆ Պետքարտուղարությունը տրամադրեց դեսպանատանը, իսկ դեսպանատունը՝ Փաշինյանին, որը կոչվում է «Հայաստանի ինտեգրման ռազմավարություն»։
«Մինչև 2022 թվականի ամառը Փաշինյանի արևմտյան վեկտորը լատենտ բնույթ էր կրում, այն ջրի երես դուրս չէր գալիս։ Ես հիշում եմ, թե ինչպես Փաշինյանը ֆորումներից մեկի ժամանակ 20 րոպեի ընթացքում 9 անգամ շնորհակալություն հայտնեց Ռուսաստանին և անձամբ Վլադիմիր Վլադիմիրովիչին։ 2022 թվականի ամառվանից սկսած՝ ավելի կոնկրետ՝ ԿՀՎ ղեկավար Բըրնսը ինկոգնիտո Երևան է ժամանել հուլիսի 15-ին, նույնիսկ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը որևէ բառով այդ մասին չտեղեկացրեց։ ԿՀՎ ղեկավար Բըրնսը երկար խոսակցություն է ունեցել Փաշինյանի հետ, որից հետո Փաշինյանի հռետորաբանությունը, գործողությունները կտրուկ փոխվեցին՝ 180 աստիճանով։ Հենց այդ հանդիպումից հետո և այն բանից հետո, երբ, ինչպես կարելի է հասկանալ, այդ հրահանգը հասցրեց Փաշինյանին, փոխվեց ՀՀ արտաքին քաղաքականությունը»,- ասաց Անանևը։
Նա նշեց, որ համացանցում փնտրելու դեպքում հնարավոր է գտնել այդ ռազմավարությունը և կարդալ, որից կարելի է հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ Ղարաբաղի հարցում։
«Այսինքն՝ 2022 թվականի օգոստոսից ՀՀ բոլոր քայլերը եղել են ԱՄՆ Պետդեպի հրահանգի իրականացում, այսինքն՝ Բըրնսի այցից հետո այդ հրահանգը սկսեց իրագործվել։ Այս հրահանգի գլխավոր պոստուլատն այն է, որ Ղարաբաղն օկուպացված է Ռուսաստանի կողմից, և Հայաստանի գլխավոր խնդիրն է՝ ազատվել Ղարաբաղից, այդ դեպքում Հայաստանը կստանա ինքնիշխանություն։ Հարավային Կովկասի մասով հրահանգավորման համաձայն, պետք է լինի անվտանգության մեկ երաշխավոր, որը Թուրքիան է։
Ներկայումս երեք երկրներ են ապահովում անվտանգությունը և այս երեք երկրների միջև հավասարակշռությունը ստեղծում է որոշակի անվտանգություն այս ռեգիոնում, խոսքը Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի մասին է։ ԱՄՆ-ը ցանկանում է հեռացնել Ռուսաստանին ու Իրանին այս ոլորտից, որպեսզի ամբողջությամբ Թուրքիան երաշխավորի անվտանգությունը։ Բնականաբար, դա ԱՄՆ-ը չէ, Ֆրանսիան չէ, ամեն բան պատվիրակվելու է Թուրքիային, որն էլ իրագործելու է։ Հենց այդ պատճառով է Փաշինյանը ձգտում խոսել Էրդողանի հետ այն բոլոր միջոցառումներին, որոնց նրանք միասին մասնակցում են։ ԱՄՆ-ին նաև դուր չի գալիս, ինչն արտացոլված է այս ռազմավարությունում, որ ՀՀ-ն ԵԱՏՄ-ում է, որը, իբրև թե, սահմանափակում է առևտուրն այլ երկրների, այդ թվում՝ Եվրոպայի հետ։ Դա, իհարկե, այդպես չէ, քանի որ ԵԱՏՄ-ն չի սահմանափակում առևտուրը, և ՀՀ-ն կարող է առևտուր անել Եվրոպայի հետ, այլ հարց է, որ ԵՄ-ն հարկ չի համարում առևտուր անել Հայաստանի հետ, ի դեպ, նաև Վրաստանի հետ»,- ասաց նա։
Անանևի խոսքով, այդ ռազմավարությունում կան սահմանափակումներ Ռուսաստանից ու Իրանից նավթամթերքի և գազի գնման հարցում։
«Եվրոպան էներգակիրների դեֆիցիտ ունի, նա ամեն բան անում է, որպեսզի Ադրբեջանը հավելյալ գազ տրամադրի, քանի որ ԵՄ-ն դադարել է գազ ստանալ Ռուսաստանից։ Ներկայումս Հայաստանին ցանկանում են ուղղել այս հարցում դեպի ԵՄ, սակայն ԵՄ-ն Հայաստանին էներգակիրներով ապահովելու հնարավորություններ չունի։
Առաջարկվում է հրաժարվել նաև Ռուսաստանի մասնակցությամբ միջուկային էներգետիկայից։ Արդյունքում՝ Հայաստանում գնաճ կլինի, տնտեսական ճգնաժամ, և պետք է դիմանալ, իսկ ինչո՞ւ դիմանալ, հասկանալի չէ»,- ասաց նա։
Հայկ Դերզյան