Պատերազմի օրերին Փաշինյանը գիտե՞ր, որ Թուրքիան ցանկանում է միջանցք ստեղծել հայկական տարածքի միջոցով. Ինչո՞ւ բանակը 2020թ. պատերազմական խաղի մեջ մտցվեց և ինչո՞ւ է հիմա խաղից դուրս թողնվում
«Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրենց «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է լինել բարեբախտություն մեր տարածաշրջանի համար՝ ստեղծելով տնտեսական նախադրյալներ անվտանգության և կայունության համար:
«Իմ համոզմունքն է նաև այն, որ տնտեսական նախադրյալների բացակայության միջավայրում չի կարող լինել անվտանգություն և կայունություն: Սա շատ կարևոր հանգամանք է: Մեր իրականության մեջ անվտանգություն ասելով՝ առաջին հերթին հասկանում են բանակ, երկրորդ հերթին՝ բանակ, երրորդ հերթին՝ բանակ: Բայց այն իրավիճակում, երբ անվտանգություն ասելով՝ առաջին, երկրորդ և երրորդ հերթին հասկանում ենք բանակ, նշանակում է՝ անվտանգություն գոյություն չունի և չի կարող լինել: Բանակը, ինչ խոսք, առանցքային դերակատարում ունի անվտանգության ապահովման գործում, բայց բանակի առանցքային դերակատարումն անվտանգության ապահովման գործում առաջնային չի, ոչ թե առաջնային չի, այլ առաջինը չէ և երկրորդը չէ: Էլի եմ ասում. եթե առաջինը կամ երկրորդն է, նշանակում է՝ անվտանգության համակարգ ընդհանրապես գոյություն չունի, և անվտանգության համակարգը լիարժեքորեն խարխլված է»,– ասել է նա:
Այս համատեքստում Փաշինյանը հերթական անգամ արդարացել է, որ ՀՀ-ն որևէ ագրեսիվ նկատառում տարածաշրջանի երկրների նկատմամբ չունի, ավելին, անգամ սեփական օկուպացված տարածքները վերադարձնելու համար անգամ ռազմական ճանապարհով նման մտադրություններ չունի:
Այսինքն, ըստ Փաշինյանի, Ադրբեջանը չպետք է մտահոգվի, որ տասնյակ միլիարդ դոլարները, այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկից» ստացվելիք, կարող է օգտագործել Ադրբեջանի դեմ, այլ, եթե անգամ Ադրբեջանն ագրեսիվ մտադրություն ունի ՀՀ-ի նկատմամբ, ապա տասնյակ միլիարդ դոլարները կարող են օգնել ՀՀ-ի պաշտպանունակությունը բարձրացնելու համար, և Ադրբեջանն իր ագրեսիվ պլանները Հայաստանի նկատմամբ իրագործելու խնդիրներ կարող է ունենալ:
Բայց Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանին այս հաշվետվողականությունը, բնավ, չի ազդում Ադրբեջանի պլանների վրա, այդ թվում՝ Հայաստանի վրա հարձակվելու առումով:
Մասնավորապես, մինչև Նիկոլ Փաշինյանը համաժողովում Հայաստանի և տարածաշրջանի իր պատկերացումներն ու տեսլականն էր ներկայացնում, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ծառայողական խորհրդակցության ժամանակ նախ հիշեցրել է խորհրդարանում նախագահ Ալիևի առաջադրած գլխավոր նպատակը՝ ավելացնել ռազմական հզորությունը և մարտական կարողությունները:
Այնուհետև Հասանովը կոնկրետ հանձնարարականներ է տվել, մասնավորապես, «պահպանել զորքերի մարտունակությունը բարձր մակարդակի վրա, բարձրացնել զգոնությունը և պատրաստ լինել կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու պայմանական սահմանին ռևանշիստական ուժերի բոլոր հնարավոր սադրանքների դեմ»:
Այս համատեքստում Ադրբեջանի պաշտպանության նախարարը զինված ուժերի առաջ պահանջ է դրել նաև՝ խորքային ուսումնասիրել Ադրբեջանի զինանոցը համալրած նոր սպառազինության, ռազմական տեխնիկայի և օդային հարձակման միջոցների հնարավորությունները, ինչպես նաև ուշադրություն դարձնել դրանց ճիշտ շահագործմանը, մարտական արդյունավետ կիրառմանը և՛ ցերեկային, և՛ գիշերային ժամերին անցկացվող զորավարժությունների ժամանակ:
Իսկ Ադրբեջանը շարունակում է ժամանակակից հարձակողական սպառազինության ձեռքբերումը, իր զինանոցում առկա խորհրդային ռազմական տեխնիկայի նատօական չափանիշներով արդիականացումը և Թուրքիայի միջոցով թուրքական մոդելի բանակի անցման բարեփոխումները, նաև դրանից բխող կադրային փոփոխությունները։
Հիշեցնենք, որ 3 շաբաթ առաջ Ադրբեջանի խորհրդարանում Ալիևը հրահանգել էր մեծացնել Ադրբեջանի ռազմական հզորությունը, քանի որ առանց ռազմական հզորության, ըստ Ալիևի, հնարավոր չէ հասնել հաջողության ոչ մի բնագավառում՝ ո՛չ քաղաքական, ո՛չ էլ տնտեսական:
«Աշխարհում բոլորը տեսնում են, որ միջազգային իրավունք հասկացությունը լիովին «պայթել է», և 2020 թվականի պատերազմից հետո եղած անվտանգության ճարտարապետությունն այլևս գոյություն չունի: Եվ հիմա գերակշռում է հետևյալ սկզբունքը՝ «ով ուժ է, նա է ճիշտ», և որոշ խոշոր պետություններ սա բացարձակ չեն էլ թաքցնում»,- նշել է Ալիևը՝ հավելելով, որ այսօր իր երկրի բյուջեի ծախսերի մեջ առաջնային տեղը պետք է ռազմական ծախսերը լինեն, քանի որ, «եթե պակաս ուշադրություն դարձնենք ռազմական ոլորտին և չապահովենք դրա համար հատկացված միջոցների անհրաժեշտ մակարդակ, ապա ապագայում մենք խնդիրներ կունենանք»,- շեշտել էր Ադրբեջանի ղեկավարը:
Այսինքն, պետք է արձանագրենք, որ ՀՀ ղեկավարությունը երկրի և զինված ուժերի առջև տարածաշրջանում և հակառակորդ երկրից կամ երկրներից եկող սպառնալիքներին համահունչ խնդիրներ չի դնում, չկա համահունչ անվտանգային քաղաքականություն:
Ըստ այդմ՝ զարմանալի չէ, որ տարեսկզբի դրությամբ պաշտպանական ռազմավարական վերանայման գործընթաց գոյություն չուներ, որը նախատեսված է ռազմական դոկտրինով, սա, ըստ էության, ԱԽ գործառույթն է, ինչի մասին 168.am–ը մանրամասն գրել է։
Ի դեպ, 2024թ. հունվարի 18-ին Պաշտպանության նախարարությունից մեզ հայտնել էին.
«Պաշտպանական ռազմավարական վերանայման գործընթաց այս պահին չի իրականացվում: Հաշվի առնելով վերջին երկու տարիներին Հայաստանի Հանրապետության շուրջ անվտանգային իրավիճակի դինամիկ փոփոխությունները՝ պաշտպանության պլանավորման աշխատանքներն իրականացվում են այլ գործիքակազմով»:
Այն դեպքում, երբ ՀՀ պաշտպանական ռազմավարական վերանայումը երկրի պաշտպանական համակարգի և դրա գործունեության ռազմավարության վերանայմանն ուղղված միջոցառումների ամբողջություն է, որի նպատակն է գնահատել ՀՀ պաշտպանական համակարգն առկա և երկարաժամկետ հեռանկարում ակնկալվող սպառնալիքներին և մարտահրավերներին դիմակայելու կարողությունների տեսակետից, բացահայտելով այդ առումով համակարգի համապատասխանելիությունը /ոչ համապատասխանելիությունը/:
Այս գործընթացը հնարավորություն է տալիս հնարավորինս ճշգրիտ, հիմնավորված և նպատակաուղղված իրականացնել սպառնալիքների չեզոքացման աշխատանքների պլանավորումը, համապատասխան կարողությունների ստեղծումը, զարգացումը և ֆինանսավորումը, ինչպես նաև՝ զգալիորեն բարձրացնում է պետության պաշտպանունակությունը, ապահովում է անհրաժեշտ ճկունություն տարբեր ճգնաժամային իրավիճակներին համարժեք արձագանքելու համար և նվազեցնում է անակնկալ կրիտիկական իրադրությունների ստեղծման հավանականությունը:
Այսինքն, Պաշտպանության ռազմավարական վերանայումն է, որ պետք է հիմնավորի՝ Հայաստանի ռազմական անվտանգությունը երաշխավորելու համար ինչպիսին պետք է լինեն զինված ուժերի պլանավորման և կառավարման համակարգը, կազմն ու կառուցվածքը՝ ստորաբաժանումները, դրանց տեղակայումը, կարողությունները՝ ուժերն ու միջոցները, կիրառման ռազմավարությունը՝ պատերազմի վարման ձևերն ու եղանակները, պահանջվող ռեսուրսները՝ մարդկային, նյութատեխնիկական և այլն:
Հիմա ՀՀ իշխանություններն առանց այս գործընթացի բանակում բարեփոխումներ են անում և խոսում զինված ուժերի պաշտպանունակության մասին, ավելին՝ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի խնդիրներ ունենալուց սեփական պլանների իրագործման պարագայում:
Ինչպե՞ս, երբ զսպման քաղաքականություն չկա, երբ բանակը չի դիտվում անվտանգության ապահովման կարևոր գործոն: Խոսքը, բնավ, պատերազմ հայտարարելու և նվաճողական քաղաքականության մասին չէ, Հայաստանը երբեք նման խնդիր չի դրել: Խոսքը հակառակորդին, նրանից եկող սպառնալիքների չեզոքացման և զսպման մասին է:
«Խաղաղության խաչմերուկ» նախագի՞ծն է զսպող գործոն, Հայաստանի ձախողված դիվանագիտությո՞ւնը, որը գործում է թուրք-ադրբեջանական տանդեմին և աշխարհաքաղաքական մարտահրավերներին ոչ համահունչ:
Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն հակասում է. մի կողմից ասում է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է ստեղծել տնտեսական նախադրյալներ անվտանգության և կայունության համար, մյուս կողմից՝ հայտարարում է. «Ադրբեջանն ուզում է, որ ՀՀ-ի ճանապարհներն օգտագործի իր համար, բայց Հայաստանը շարունակի մնալ շրջափակման մեջ»: Սա վկայում է Հայաստանի ձախողված դիվանագիտության, անկարողության, անհամաչափ գործելու և սառը հաշվարկների բացակայության մասին:
Ի՞նչ է՝ Փաշինյանին թվում է՝ Ադրբեջանի ձեռքը դողալո՞ւ է անհրաժեշտության դեպքում ՀՀ ռազմավարական օբյեկտները թիրախավորելուց, թե՞ չթիրախավորման հրահանգ է տալու Ալիևը, այնպես, ինչպես ինքն էր տվել 44-օրյա պատերազմից առաջ և ընթացքում՝ չթիրախավորել Ադրբեջանի կամ այնտեղի օտարերկրյա ենթակառուցվածքները:
Չմոռանանք նաև, որ հուլիսյան մարտերի օրերին ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ ի դեմս ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի, հայտարարել էր.
«Մենք ասում ենք՝ այս տարածաշրջանով անցնող նավթագազային մուղերը, որոնք ունի Ադրբեջանը, միջազգային ընկերություններին են պատկանում։ Թող միջազգային ընկերությունները վստահ լինեն, որ ՀՀ-ն անվտանգության երաշխավոր է, ոչ թե սպառող։ ՀՀ-ն ավելի լավ կարող է ապահովել դրանց անվտանգությունը, քան որևէ մեկն այս տարածաշրջանում»:
Նշենք, որ Փաշինյանն իր «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում շարունակում է պնդել.
«Բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ՝ ավտոճանապարհները, երկաթուղիները, ավիաուղիները, խողովակաշարերը, մալուխները, էլեկտրահաղորդման գծերը գործում են այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են»:
Ի դեպ, 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին՝ հոկտեմբերի 8-ին, հրապարակվել էր Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը գերմանական «Spiegel» շաբաթաթերթին, որտեղ մի ուշագրավ հատված կա:
Նիկոլ Փաշինյան– …Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին՝ էքսպանսիոնիստական և կայսերական քաղաքականություն վարելու: Այս քաղաքականությունը մենք պետք է դիտարկենք այն ընդհանուր քաղաքականության համատեքստում, որ Թուրքիան վարում է Միջերկրածովյան տարածաշրջանում: Եվ այս քաղաքականության մեջ ընդգրկվում են ահաբեկիչները և վարձկանները: Միջազգային հանրությունը և հատկապես Եվրոպան պետք է շատ լուրջ գնահատական տա այս փաստին: Եթե Եվրոպան դա չանի, անհրաժեշտ է Թուրքիային այսպիսի էքսպանսիոնիստական քաղաքականությամբ սպասել Վիեննայի մոտակայքում:
Spiegel– Դուք փաստացի պնդում եք, որ Թուրքիային չի հետաքրքրում Լեռնային Ղարաբաղը, այլ Թուրքիան ցանկանում է միջանցք ստեղծել հայկական տարածքի միջոցով:
Նիկոլ Փաշինյան- Այո: Եվ մենք տեսնում ենք Թուրքիայի կողմից Ադրբեջան պետությունը կլանելու խնդրի լուծում: Այլևս Ադրբեջանը չէ, որ որոշումներ է կայացնում սեփական ճակատագրի վերաբերյալ, Թուրքիան է կայացնում այդ որոշումները:
Այսինքն, 44-օրյա պատերազմում Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին բխում էր նաև կամ առաջին հերթին՝ սեփական քաղաքական և ազգային շահերից, և ինչպես ավելի ուշ մասնագետները և տարբեր փորձագետներ նկատեցին՝ «Զանգեզուրի միջանցքն» առաջին հերթին կամ հենց թուրքական ծրագիր է:
Կարո՞ղ ենք արձանագրել, որ Փաշինյանին հայտնի էին Թուրքիայի հեռահար նպատակներն ու ծրագիրը:
Այս համատեքստում վերադառնանք Փաշինյանի այն մտքին, որ՝ «երբ անվտանգություն ասելով՝ առաջին, երկրորդ և երրորդ հերթին հասկանում ենք բանակ, նշանակում է՝ անվտանգություն գոյություն չունի և չի կարող լինել»:
Ուրեմն՝ եթե գործը հասնում է բանակի միջամտությանը և պատերազմական գործողություններին, այն էլ ինչպիսին՝ տեսանք 2020 թվականին, սա խոսում է ձախողված դիվանագիտության մասին, ինչը ենթադրում է պատասխանատվություն:
Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն այն ժամանակ այս տեքստը չէր ասում, որ գործը չպիտի հասնի բանակին, որ պիտի կարողանալ հմուտ դիվանագիտությամբ կանխել պատերազմը, հատկապես, երբ նախապատերազմական իրադրությունը հուշում էր պատերազմի մասին՝ հուլիսյան մարտեր, թուրք-ադրբեջանական զորավարժություններ և Թուրքիայի հավանական անմիջական ներգրավվածություն:
Ինչո՞ւ այդ հմուտ դիվանագիտությունը գործի չի դրվել պատերազմի ժամանակ և հնարավորինս բարենպաստ փուլում կանգնեցվել պատերազմը, հատկապես, երբ, ինչպես վերջերս Փաշինյանն էր խոստովանել՝ այն գնացել է ծրագրված սցենարով, որից ինքը, ըստ էության, տեղյակ է եղել:
Եթե ավելի ուշ է եղել, ուրեմն դա ևս խնդրահարույց է: Սակայն այս մասին՝ հետագայում, իսկ հիմա հիշեցնենք, որ 2020թ. հուլիսի 4-ին ԶՈՒ ԳՇ-ում Փաշինյանին և ՀՀ ազգային անվտանգության խորհրդի անդամներին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն առաջարկել էր հակառակորդի հավանական ագրեսիայի դիմագրավմանը նախապատրաստելու նպատակով լրացուցիչ միջոցառումներ իրականացնել:
«Ստեղծված իրադրության բազմակողմանի գնահատման արդյունքներով ՀՀ վարչապետին առաջարկել եմ՝ ձեռնարկել քաղաքական և դիվանագիտական բնույթի միջոցներ՝ պատերազմը կանխարգելելու կամ, առնվազն, ՀՀ ԶՈՒ կիրառման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար, մասնավորապես՝ հանձնարարել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը մշակել միջոցառումների ծրագիր՝ ուղղված հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից պետությունների հետ (հատկապես՝ ՌԴ-ի հետ) հարաբերությունները կտրուկ բարելավելուն, իսկ տարածաշրջանի մյուս պետություններին (Իրան և Վրաստան)՝ բարեկամաբար տրամադրելուն…»,- մանրամասնել է նա:
Իսկ արդեն պատերազմի 4-րդ օրը Փաշինյանին առաջարկվել է «երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»:
Ինչո՞ւ այդ ժամանակ Փաշինյանը չի եղել այն կարծիքին, որ անվտանգության առաջնային տեղերը չպետք է տալ բանակին, կամ չպետք է անվտանգային ամբողջ բեռը դնել բանակի ուսերին, այլ պետք է դիվանագիտական և քաղաքական գործիքակազմերն աշխատացնել, հատկապես, երբ, ինչպես գեներալ Գասպարյանն էր դարձյալ հայտարարել, «դիվանագիտական թույլ աշխատանքի հետևանքով շրջափակման մեջ հայտնվելու պայմաններում, ոչ արդյունավետ կազմակերպվեց զինված ուժերը անհրաժեշտ քանակի հրթիռներով և զինամթերքով անխափան ու կանոնավոր ապահովումները, ինչի հետևանքով լիարժեք հնարավորություն չտվեց հրթիռների և զինամթերքի ծախսը, ինչպես նաև սպառազինության ու ռազմական տեխնիկայի կորուստները լրացնելու համար»:
Էլ չենք ասում, որ պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանի փոխարեն ռազմական ղեկավարությունն է փորձել ռուսական կողմի հետ ինչ-ինչ պայմանավորվածություններ ձեռք բերել, ինչ-որ հարցեր լուծել, կարևոր խնդիրներ տեղ հասցնել, որ եթե կա սխալ ընկալում, փոխվի, նույնիսկ փորձել կանգնեցնել պատերազմը, մինչդեռ գլխավոր բանակցողն ի պաշտոնե Նիկոլ Փաշինյանն էր, որը պատերազմի օրերին ՌԴ ղեկավարի հետ ամենաշատ հեռախոսազրույցներն է ունեցել:
Կարո՞ղ ենք ասել, որ 2020 թվականին պետք էր, որ «գլխավոր անվտանգային խաղացողը» բանակը լիներ, իսկ հետո՝ պարտության հիմնական պատասխանատուն, ինչին իրենց գործողություններով ու քայլերով այս 4 տարիներին տանում են Նիկոլ Փաշինյանը և իրավապահ ու քննչական մարմինները:
Վերջին թարմ ապացույցը հոկտեմբերի 11-ին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի պատասխանն էր հարցին, թե ինչքանո՞վ է հաջողվել ամբողջացնել պատերազմի պարտության պատճառները։
«Բոլոր ուղղություններով, մեր տեսանկյունից, ունենք իրական պատկեր։ Այս գործերով 600-ից ավելի անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված դեպքեր ունենք։ Շուրջ 100-ի վերաբերյալ քննարկումներ են ընթանում գործերն ավարտել և դատարան ուղարկելու վերաբերյալ»,- նշել է Քյարամյանը՝ կարևորելով վարույթների պատմական արժեքն ու օբյեկտիվ անդրադառնալով դրվագներին։
Իհարկե, Քյարամյանն առաջին անգամ չէ, որ 44-օրյայում պարտության մեղավորներին փնտրում և գտնում է միայն բանակում՝ մոռանալով՝ որպես ԱԱԾ տնօրեն, այնուհետ՝ որպես պաշտոնաթող պաշտոնյա, իր պատասխանատվության, մասնակցության և դերակատարման մասին։
Այսինքն, կրկնենք, 2020 թվականի պատերազմի ժամանակ Փաշինյանին պետք էր, որ բանակը մտներ «խաղի մեջ», գուցեև հուլիսյան մարտերի ժամանակ, դե յուրե կամ դե ֆակտո՝ շատ կամ քիչ: Պատերազմից հետո էլ պետք էր, որ բանակն առաջ տաներ իր քաղաքական օրակարգը, որի արդյունքում եղան ադրբեջանական ներխուժումներ: Հիմա բանակը պետք է չորրորդական տեղում լինի՝ չխանգարողի դերում կամ խաղից դուրս, ինչպես կարելի է ենթադրել Փաշինյանի հայտարարություններից:
Բայց խնդիրն այն է, որ Փաշինյանի իշխանության օրոք, ըստ էության, ունենք խաղից դուրս գտնվող և հարց չլուծող դիվանագիտություն՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումները:
Իհարկե, սա բանակին չի ապահովագրում հետագայում պատասխանատվություն կրելու Փաշինյանի մեղքերի կամ դրանց չխանգարելու համար: Ընդգծենք, որ խոսքը ոչ թե պատերազմ հրահրելու, այլ սահմանադրական պարտականությունները կատարելու մասին է:
Իսկ խաղից դուրս գտնվող Նիկոլ Փաշինյանը հանուն սեփական իշխանության և քաղաքական ամբիցիաների, շարունակելու է խաղից դուրս պահել բանակին և դիվանագիտական կորպուսին, և նրանց գոյության մասին հիշելու է «կեղտոտ գործ» անելու դեպքում: