Աննա Հակոբյան-Նիկոլ Փաշինյան զույգի պատերազմական գրառումները ջնջելու սովորությունը, կամ՝ ինչ էին անում Փաշինյանի ընտանիքի անդամներն Արցախի նախագահի աշխատասենյակում
2024 թվականի ՀՀ քննչական կոմիտեի 10-ամյակը տոնող Արգիշտի Քյարամյանը՝ որպես կառույցի նախագահ, 4 տարի առաջ այս օրը՝ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին, ազատվել էր ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնից: Պատճառը մինչ այսօր հայտնի չէ, կարող ենք միայն որոշ փաստերի հիման վրա ենթադրություններ անել:
Առաջին, Արգիշտի Քյարամյանն ԱԱԾ տնօրենի պաշտոնում 2020 թվականի հոկտեմբերի 5-ին Արցախում հասցրել էր մասնակցել հայտնի հակահարվածի օպերացիայի մշակմանը կամ դրա քննարկմանը, որը ձախողվել էր:
Իհարկե, հետո մի քանի օրով Երևանում «տեխնիկական հարցեր» կարգավորելուց և ԱԱԾ-ում «հանձնում» անելուց հետո, առանց պաշտոնական կարգավիճակի, Քյարամյանը 44-օրյայի օրերին շարունակել է գտնվել Արցախում, ըստ էության, օգտվելով ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ ունեցած կապերից և հնարավորություններից, ինչպես ինքն էր մի առիթով ասել՝ դրանք չեն կորում մեկ օրում:
Ի դեպ, ինչպես Քյարամյանն էր մի առիթով հայտնել, սկզբնական շրջանում ինքը զբաղվել է «այնպիսի գործունեությամբ, ինչով այնտեղ զբաղվում էին շատ նախկին պաշտոնյաներ, այն է՝ որոշակի բեռների փոխադրման աջակցություն, դասալքության հետ կապված դեպքերի ուսումնասիրություն և այլն»:
Նշենք, որ Աննա Հակոբյանը պնդել էր, թե հայկական կողմն ունեցել է 11.000 դասալիք, ինչն այդպես էլ չհաստատվեց, ընդ որում, դա չէր հաստատել անգամ ՀՀ քննչական կոմիտեն՝ Արգիշտի Քյարամյանի նախագահությամբ:
Երկրորդ, 2020 թվականի հոկտեմբերի 8-ին Քյարամյանի՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվելուց մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 7-ին, պաշտոնից ազատեցին ԱԱԾ ռազմական հակահետախուզության պետ Լևոն Շահումյանին: Ընդ որում, Փաշինյանի ընտանեկան թերթն այն ներկայացրել էր լրտեսական ցանցի բացահայտման գործողությունների համատեքստում:
«Ընդդիմադիր դաշտում հանդես եկող մի շարք լրատվամիջոցներ և անհատներ այդ ազատումը որակեցին՝ որպես վարչապետի կողմից «դավաճանների փնտրտուք»։
Թե որքանո՞վ էր այս ազատումը կապված ՀՀ-ում պատերազմից առաջ և պատերազմի ժամանակ լրտեսական գործունեություն ծավալած ցանցի հետ՝ ցույց կտա քննությունը, սակայն փաստ է՝ ՀՀ-ում հակապետական գործունեություն ծավալած ցանցի գոյության, դրա բացահայտման և գործունեության կասեցման համար պատասխանատու էր անձամբ ռազմական հակահետախուզության պետը՝ Լևոն Շահումյանը:
Կարծես ամենևին էլ պատահական չէր պատերազմի օրերին վարչապետի կողմից վերջինիս պաշտոնից ազատելը, քանի որ ռազմական հակահետախուզության պետն առնվազն թերացել էր իր աշխատանքում, իսկ մնացածը, ինչպես նշեցինք, ցույց կտա գործի քննությունը»,- գրել էր Փաշինյանի ընտանեկան թերթը:
Ի դեպ, Քյարամյանի ազատման օրը՝ 2020թ. հոկտեմբերի 8-ին, Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
«Մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել, կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերևա, դիրքերը պահելը իմաստ չունի»:
Ըստ որոշ տեղեկությունների՝ զինվորներին համոզելով, նույնիսկ հրամայելով ստիպել են որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն: Իմ հանձնարարությամբ ԱԱԾ-ում սկսվել է հետաքննություն և գործող գլխավոր անձանցից մեկը, որ Ստեփանակերտի բնակիչ է, հայտնաբերվել և ձերբակալվել է Երևանում:
Հարուցված քրեական գործի շրջանակներում տեղի է ունենում քննություն, որի արդյունքում կպարզվի, թե վերը նշված տեղեկություններից որն է իրական, որը՝ մտացածին: Այս պահին քննվում են տարբեր վարկածներ, ներառյալ՝ քաղաքական ուղղորդման վարկածը, բայց դեռևս շատ բան պարզված չէ:
Մեր այն հայրենակիցներին, ովքեր ունեն համանման տեղեկություններ, կոչ եմ անում դիմել Ազգային անվտանգության ծառայություն:
Ամենավատն այն է, որ տեղեկություններ կան, թե նման գործունեություն ծավալողներ կան առաջնագծի այլ հատվածներում: Բոլորը պետք է հայտնաբերվեն և պատասխանատվության կանչվեն:
Դավաճանները չպետք է տեղ ունենան մեր շարքերում և մեր հերոսական գեներալների, սպաների, զինվորների, կամավորների, ազատամարտիկների թիկունքը պետք է մաքրել համանման տարրերից»:
Ի դեպ, այն հատվածը, թե «տեղեկություններ կան, թե նման գործունեություն ծավալողներ կան առաջնագծի այլ հատվածներում», Փաշինյանը հետո է ավելացրել:
Ավելի ուշ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որ զինծառայողների շրջանում կեղծ, խուճապ առաջացնող լուրեր տարածողը սպա է՝ նշելով նրա անվան և ազգանվան սկզբնատառերը` Ն. Մ.։
«Վերջինս սեպտեմբերի 27-ին, երբ Արցախի և Հայաստանի հանրապետություններում ռազմական դրություն էր հայտարարված, նշանակված էր ՊԲ N զորամասի գումարտակում կապի դասակի հրամանատարի տեղակալ և ծառայություն էր իրականացնում զորամասի պահպանությանը հանձնված N մարտական դիրքում։ Այդ օրը նա նույն դիրքի ավագի հետ մարտական հերթապահություն իրականացնող համածառայակիցների շրջանում կեղծ լուրեր է տարածել, թե իբր ՀՀ իշխանությունները հողերը հանձնելու վերաբերյալ պայմանավորվածություն ունեն` կարծիք հայտնելով, որ «նման պայմաններում իրենք անիմաստ են կռվում և իրենց առջև դրված մարտական խնդիրը կատարելն իմաստազուրկ է»,- նշվում է ԱԱԾ հաղորդագրության մեջ:
Թե ինչ եղավ տվյալ անձի ճակատագիրը, հայտնի չէ:
Այս համատեքստում հավելենք, որ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին իր ֆեյսբուքյան էջում դավաճանների փնտրտուքի տրամաբանության մեջ գրառում էր կատարել նաև Աննա Հակոբյանը, որը կցել էր մի տեսագրության, որտեղ նույն օրը Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում օգտվելով տեխնիկական հնարավորություններից՝ զանգահարում է առաջնագծի տարբեր տեղամասեր, զրուցում հրամանատարների, զինվորների հետ և տալիս անթույլատրելի հարցեր, և միայն զինվորների աչալրջության շնորհիվ գաղտնիքներ չբացահայտվեցին:
Այս դեպքից մեկ օր առաջ էլ՝ հոկտեմբերի 7-ին, հրապարակված ՌԲԿ-ին տված հարցազրույցում Փաշինյանն ընթացքի մեջ գտնվող ռազմական պլաններ էր հանրայնացրել:
Բայց դա չէր խանգարել, որ Աննա Հակոբյանն իր էջում հետևյալ գրառումն անի:
«Վախկոտներն ու դավաճանները չպետք է տեղ ունենան մեր շարքերում:
Կեցցե՛ հայ ԶԻՆՎՈՐԸ։
Կեցցե՛ ԱՆՎԱԽ, ՀԱՎԱՏԱՐԻՄ, ՔԱՋ և ՀՊԱՐՏ մեր զինվորը, որին հնարավոր չէ՛ ՎԱԽԵՑՆԵԼ, որին հնարավոր չէ՛ ԿԱՆԳՆԵՑՆԵԼ, որին հնարավոր չէ՛ ԿՈՏՐԵԼ կամ ԳՆԵԼ»:
168.am–ն արձանագրել է, որ Աննա Հակոբյանը Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ այդ տեսանյութը, որին կցել էր իր այս գրառումը, ջնջել է ֆեյսբուքյան իր էջից:
Իհարկե, «Հայկական ժամանակի» հղումը դեռ պահպանվում է:
Նշենք, որ նմանօրինակ գրառում Աննա Հակոբյանն արել էր նաև 2020 թվականի պատերազմի առաջին օրը՝ թիրախավորելով ընդդիմադիր լրատվամիջոցներին: Չմոռանանք, որ ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության շրջանակում սահմանափակումներ սահմանեցին լրատվամիջոցների համար:
Իսկ նույն Աննա Հակոբյանը պատերազմի օրերին գտնվել էր հրամանատարական կետում, որի իրավունքը չուներ, իսկ 2020-ի հոկտեմբերի 6-ին էլ Աննա Հակոբյանն իր էջում տեսանյութ էր տարածել Ստեփանակերտից, որտեղ երևում է, թե ինչպես են ամուսիններով դուրս գալիս սենյակից, առանձին զրույցից, իսկ դռների առաջ նրանց սպասում են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
168.am-ը վերլուծել է 2020 թվականի հոկտեմբերի 4-6-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունները, դրանց միջև շղթայական հնարավոր կապը, այդ թվում՝ Գյանջայի թիրախավորման շուրջ զարգացումները, որտեղ Աննա Հակոբյանն իր «դերակատարումն» ունի:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը մեզ հետ զրույցում ևս ուշադրության արժանի է համարում մեր ներկայացրած փաստերը՝ մասնավորապես, նշելով:
«44-օրյա պատերազմի ընթացքում հոկտեմբերի 5-8-ն ընկած ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների գործողությունները, նաև որոշ կառավարական որոշումներ մինչև հիմա մնում են խնդրահարույց, անհասկանալի, և որևէ բացատրություն դրանց առայժմ տրված չէ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանն Արցախում էր, և հաջորդ օրն արդեն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ ռազմական կարևոր գործողության մասին որոշում են կայացրել, բայց թե ինչ որակի և ինչպես է այն կայացվել, միայն այն լուսանկարը, որ Փաշինյանը հրապարակել էր, արդեն խոսուն է. նստած են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյան, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, և մեկ էլ տեսնում ենք այնտեղ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի ընկեր ու բարեկամ, հիմա էլ նախարար Հակոբ Սիմիդյանին: Ինչ կապ ուներ Հակոբ Սիմիդյանը ռազմական գործողության հետ, դժվար է ասել:
Հետո արդեն Աննա Հակոբյանի հրապարակած ևս մեկ տեսանյութ Արցախից, որտեղ երևում է՝ ինքն ու ամուսինն առանձին սենյակում խորհրդակցում են, դուրս են գալիս և դրսում նրանց սպասում են Արայիկ Հարությունյանը, Արարատ Միրզոյանը, հետո արդեն նախագահական միջանցքում տեսնում ենք Աննա Հակոբյանի եղբորը՝ Հրաչյա Հակոբյանին, Արարատ Միրզոյանի այդ ժամանակվա օգնական և բանակից ազատված Վահան Կոստանյանին, տեսնում ենք էլի Հակոբ Սիմիդյանին զինվորական հագուստներով: Շատ ուշագրավ է նաև հոկտեմբերի 8-ը. գիշերով Փաշինյանը հրապարակում է տեսանյութ, թե ինչպես է խախտում ռազմական և պետական գաղտնիքները, և իր աշխատասենյակից ուղիղ կապ հաստատում առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող զինվորականների հետ, զրուցում, փորձում ռազմական գաղտնիքներ ստանալ: Բայց զինվորականները կարգապահությունը պահպանելով՝ հրաժարվում են նրա հարցերին պատասխանել»:
Ընդդիմադիր պատգամավորը ևս չի անտեսել 2020 թվականի հոկտեմբերի 8-ին Փաշինյանի, Աննա Հակոբյանի դավաճաններ փնտրող գրառումները և ԱԱԾ-ի հաղորդագրությունը և դրան զուգահեռ՝ լրատվամիջոցներին առաջադրված սահմանափակումները:
«Լրատվամիջոցների նկատմամբ հսկայական հսկողություն կար, ամեն մի բառի համար տուգանում էին: Եվ իշխանական ու մերձիշխանական լրատվամիջոցները սկսեցին նաև թիրախավորել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նրա շրջապատին, ընդդիմադիրներին, և Հայաստանում ծայր առավ վհուկների հերթական որսը: Եվ հոկտեմբերի 8-ին Արգիշտի Քյարամյանի պաշտոնանկությանը մինչև հիմա բացատրություն չի տրվել, չի ասվել, թե նա ինչ հանգամանքով, ինչպես շարունակեց մինչև պատերազմի վերջը մնալ Արցախում՝ Արայիկ Հարությունյանի կողքին: Ի դեպ, Արայիկ Հարությունյանի աշխատասենյակի կառուցվածքը և այնտեղ ներկաների հարցը դեռ շատ-շատ քննարկման նյութ կարող է դառնալ՝ ինչ գործ ուներ այնտեղ Աննա Հակոբյանը, որ մշտապես այնտեղ էր, Արգիշտի Քյարամյանը, որ միայնակ չէր թողնում Արայիկ Հարությունյանին: Կամ՝ ինչ գործ ուներ Նիկոլ Փաշինյանի որդին Արայիկ Հարությունյանի աշխատասենյակում, դրանք դեռ հարցեր են: Եվ այս բոլոր հարցերի պատասխանը, վստահ եմ, որ կպարզվի, երբ այս իշխանությունն այլևս իշխանության չլինի: Եվ դրա համար է, որ ասում ենք՝ Քննիչ հանձնաժողովն այս իշխանությունների օրոք չի կարող բոլոր հարցերի պատասխանը տալ»,- եզրափակեց Գեղամ Մանուկյանը:
Հավելենք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պատերազմից հետո Արգիշտի Քյարամյանին պարգևատրել էր «Արիության» մեդալով, թեպետ ՀՀ ԱԱԾ էլիտար ստորաբաժանումից դժգոհություն էր հայտնել, թե հրաժարվել են «Եղնիկներ» գնալ:
Իսկ թե ինչո՞ւ Արգիշտի Քյարամյանին 44-օրյայի օրերին ազատեցին ԱԱԾ տնօրենի պաշտոնից, ի՞նչ դերակատարում է նա ունեցել պատերազմի ելքի վրա, ի՞նչ օպերացիա կամ գործողությունների պլան է քննարկվել հոկտեմբերի 5-ին, ինչո՞ւ այն ձախողվեց, ինչո՞ւ կորցրեցինք Շուշին, ի՞նչ դերակատարում են ունեցել Փաշինյանի ընտանիքի անդամները պատերազմի ելքի վրա, դեռ իրենց պատասխանը չեն գտել:
2023 թվականի փետրվարին Քննչական կոմիտեի կոլեգիայի ընդլայնված նիստի ընթացքում Արգիշտի Քյարամյանը հայտարարել էր. «Կա հասարակական մեծ պահանջ, որպեսզի բացահայտվեն այն անձինք, ովքեր դարձել են պարտության պատճառ, որպեսզի բացահայտվեն այն հանգամանքները, որոնց հետևանքով մենք պարտվել ենք»:
Եվ որքան էլ հետո Քյարամյանը վստահեցրել էր, թե իր համար պարզ են պարտության պատճառները, միևնույն է՝ պարտության պատճառ դարձած ոչ բոլոր հանգամանքներն են բացահայտված, և ոչ էլ համապատասխան անձինք են պատասխանատվություն կրել: