Փաշինյանի և Ալիևի քաղաքական «դավանաբանության» տարբերությունը
Սեպտեմբերի 23-ին ապագայի մասին խոսել են և՛ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող Նիկոլ Փաշինյանը, և՛ Իլհամ Ալիևը. մեկը՝ ՄԱԿ-ի ամբիոնից, մյուսը՝ սեփական երկրի խորհրդարանի:
Իրական Հայաստանից, նոր աշխարհակարգի ճարտարապետությունից, աշխարհաքաղաքական անկայունություններից բխող սպառնալիքների տեսանելի և իրական լինելուց խոսող Փաշինյանը, Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում Ապագայի գագաթնաժողովի ժամանակ, ինչպես Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է նկատել, զբաղվեց մեդիտացիայով, ըստ էության, կոչ անելով չնկատել ներկայի իրական անվտանգային սպառնալիքները, աշխարհում տարբեր հատվածներում պատերազմական օջախները, որոնց արմատն անցյալում է, այլ ՔՊ–ական «Ապագա կա՛» կարգախոսի ներքո գնալ դեպի ապագա, եթե անգամ պոզիտիվ ապագայի ստեղծման հնարավորությունների հիմքեր, հնարավոր է, չկան:
«Ես Գլխավոր ասամբլեայի իմ այս տարվա ելույթում ավելի շատ կկենտրոնանամ հնարավորությունների վրա, քան հարևան երկրներին մեղադրելու»,- ընդգծել է Փաշինյանը:
Եվ ոչինչ, որ մասնագետների կարծիքով՝ հայաթափված և օկուպացված Արցախն իր հռչակումից մինչև օրս գտնվում է միջազգային իրավունքի պաշտպանության ներքո, և, որ Ադրբեջանն իրավունք չուներ ուժի կիրառման ո՛չ 2020 թվականին, և ո՛չ էլ 2023 թվականին, ոչինչ, որ ՀՀ ինքնիշխան տարածքից ավելի 200 քկմ տարածք է Ադրբեջանը օկուպացրել, որտեղ փորձում է ամրանալ, ոչինչ, որ Ադրբեջանը Հայաստանին սպառնում է նոր պատերազմով, բայց որի ժամանակ ագրեսոր կարգվելու է Հայաստանը, պատասխանատուն՝ Հայաստանին զենք մատակարարողները, Արևմուտքը:
Ոչինչ, որ նույն Նյու Յորքում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հերթական անգամ կոչ է արել Հայաստանին վերացնել Խաղաղության օրակարգը հաստատելու խոչընդոտները, ինչը ենթադրում է ՀՀ սահմանադրության փոփոխություն, Թուրքիայի նախագահ Էրդողանն էլ հորդորել է պատմական իրողությունների ուսումնասիրությունը թողնել պատմաբաններին և դրանք չդարձնել քաղաքական գործիք՝ վնասելու հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը:
Եվ հիմա Փաշինյանն առաջարկում է չտեսնելու տալ այս ամենը, կամ, ինչպես Աստվածաշնչյան հայտնի պատմության մեջ՝ «տունը կառուցել ավազի վրա», որի վերջը, հայտնի է՝ ինչ է լինում:
Ի տարբերություն Հայաստանի կառավարման ղեկին նստած Փաշինյանի, Ադրբեջանի ղեկավար Ալիևը նույն ժամանակ իր երկրի ապագան կառուցում է իրական և շոշափելի սկզբունքների վրա, և լինելով հաղթանակած երկրի ղեկավար՝ իրական է գնահատում, թե ինչ կարող է լինել ապագայում, եթե այդ սկզբունքները և հիմքերը չպահպանվեն:
Առաջին, մեծացնել Ադրբեջանի ռազմական հզորությունը, քանի որ առանց ռազմական հզորության, ըստ Ալիևի, հնարավոր չէ հասնել հաջողության ոչ մի բնագավառում՝ ո՛չ քաղաքական, ո՛չ էլ տնտեսական:
«Աշխարհում բոլորը տեսնում են, որ միջազգային իրավունք հասկացությունը լիովին «պայթել է», և 2020 թվականի պատերազմից հետո եղած անվտանգության ճարտարապետությունն այլևս գոյություն չունի: Եվ հիմա գերակշռում է հետևյալ սկզբունքը՝ «ով ուժ է, նա է ճիշտ», և որոշ խոշոր պետություններ սա բացարձակ չեն էլ թաքցնում»,- նշել է Ալիևը՝ հավելելով, որ այսօր իր երկրի բյուջեի ծախսերի մեջ առաջնային տեղը պետք է ռազմական ծախսերը լինեն, քանի որ, «եթե պակաս ուշադրություն դարձնենք ռազմական ոլորտին և չապահովենք դրա համար հատկացված միջոցների անհրաժեշտ մակարդակ, ապա ապագայում մենք խնդիրներ կունենանք»:
Ալիևի ելույթի այս և այլ հատվածի՝ Ադրբեջանի պատերազմի պատրաստվելու հանգամանքին 168.am-ն արդեն անդրադարձել է։
Իսկ ի՞նչ է ասում Նիկոլ Փաշինյանը, «թիվ մեկ հերոսը հարկատուն է», ոչ թե զինվորը, առանց տնտեսության՝ չկա անվտանգություն, բանակը չի կարող անվտանգության առաջնային գործոն դիտվել, ուժով հաղթելու ժամանակներն անցել են, խաղաղությունն է անվտանգության երաշխիքը: Իհարկե, եթե չլինի հզոր տնտեսություն, հնարավոր չէ սպառազինություն գնել, և այլն, բայց եթե չլինի անվտանգություն, չի կարող տնտեսություն զարգանալ, ներդրումներ չեն լինի, ոչ ոք անկայուն անվտանգ միջավայրում ներդրումներ չի անում: Ի տարբերություն Փաշինյանի, Ալիևը սա շատ լավ է հասկանում:
Երկրորդ, անվտանգ ապագա ունենալու համար, Ալիևի դիտարկմամբ, պետք է նվազեցնել սպառազինության կախվածությունն այլ երկրներից և արագացնել հայրենական ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումը, ինչի համար պետական խոշոր միջոցներ են հատկացվում: Եվ այսօր Ադրբեջանի ռազմական գործարաններում արդիականացման լայնամասշտաբ աշխատանքներ են իրականացվում, արտադրվում է նոր տեխնիկա, զինամթերք, ավելին՝ օտարերկրյա գործընկերների հետ ռազմարդյունաբերական համատեղ արտադրամասեր են ստեղծվում, և առաջիկա տարիներին Ադրբեջանի ռազմաարդյունաբերական համալիրն առավել մասշտաբային է դառնալու:
«Սա արվում է մի քանի նպատակով: Առաջին հերթին՝ հայրենական ռազմաարդյունաբերական համալիրի ստեղծումը ռազմական հզորության ցուցադրություն է և երկրի զարգացվածության: Երկրորդ, մենք պետք է նվազեցնենք կախվածությունն արտաքին աղբյուրներից, իհարկե, լիովին բացառել այդ կախվածությունը հնարավոր չէ, սա էլ պետք է գիտակցել: Բայց մենք պետք է մաքսիմալ ապահովենք բանակի կարիքները տեղական արտադրության միջոցով: Զենքի համաշխարհային շուկայում բնական դեֆիցիտ է, սա էլ մենք պետք է հաշվի առնենք: Միաժամանակ այս ամենը թույլ կտա մեզ ընդլայնել ռազմատեխնիկական արտահանման աշխարհագրությունը, այս հարցը շատ երկրների հետ բանակցությունների մաս է կազմում, այդ թվում՝ տնտեսության և ներդրումների ոլորտում: Մոտ ապագայում մենք կդառնանք կարևոր խաղացող համաշխարհային զենքի շուկայում, մենք ունենք այդ հնարավորությունները»,- Ադրբեջանի խորհրդարանում հայտարարել է Ալիևը:
Իսկ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում որոշել են, որ Ռազմարդյունաբերության համալիրի զարգացման համար 2024 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կարելի է կրճատել 2.7 միլիարդ դրամ, և այդ գումարով այլ և ոչ այնքան կարևոր ծախսեր հոգալ։
Երրորդ, Ադրբեջանի նախագահը կարևոր խնդիր է համարել սահմանների պաշտպանությունը՝ նշելով, որ ներկա պահին Հայաստանի հետ «պայմանական սահմանին» ինժեներական աշխատանքներ են իրականացվում, իսկ մյուս հարևանների հետ սահմանները՝ ժամանակակից ենթակառուցվածքներով համալրվում:
«2020 թվականի պատերազմից հետո Հայաստանի հետ մեր պայմանական սահմանի երկարությունն ավելի քան 500 կմ է, ընդ որում, ռելիեֆը և աշխարհագրությունը շատ բարդ է, այնտեղ շատ բարդ կլիմայական պայմաններ են, և ծառայությունն անցկացնելը հեշտ չէ, իսկ որոշ մեր դիրքեր տեղակայված են 3000 մետր բարձության վրա: Մենք ամրանում ենք պայմանական սահմանին, որովհետև ամեն պահի Հայաստանից կարելի է սպասել ցանկացած սադրանք: Հայկական կողմը մասսայական զինվում է, միաժամանակ արտասահմանյան երկրների զորավարժություններ է անում, ընդ որում, խոշոր գերտերությունների: Արևմտյան երկրներն էլ Հայաստանին զենք-զինամթերք են մատակարարում: Որոշ դեպքերում դա տեղի է ունենում ակնհայտ, խոսքը Ֆրանսիայի և Հայաստանի համագործակցության մասին է, որոշ դեպքերում էլ դա գաղտնի է իրականացվում: Բայց մեզ պետք է իմանալ բոլորի մասին և հիմա: Եվ մենք գիտենք՝ ով, երբ և ինչ է մատակարարում Հայաստանին, ինչ ռազմատրանսպորտային ինքնաթիռներ են վայրէջք կատարում Հայաստանի օդանավակայաններում, ինչ ռազմական բեռ է բերվում: Եվ եթե մենք ռեալ սպառնալիք տեսնենք, ապա մեծ դժվարություն չի լինի՝ ոչնչացնել դա ցանկացած տարածքում: Սահմանների պաշտպանությունն իրականացվում և պետք է իրականացվի վիզուալ ենթակառուցվածքային և տեխնոլոգիական միջոցներով: Բայց մենք պետք է հասկանանք նաև, որ դա շատ մեծ և լայնամասշտաբ խնդիր է»,- ասել է Ալիևը:
Չորրորդ, հաջորդ կարևոր հարցը, ըստ Ադրբեջանի նախագահի, կապված է իդեոլոգիական անվտանգության հետ:
«Իդեոլոգիական անվտանգության հետ կապված հարցերը պետք է լինեն պետական կառույցների, օրենսդիր մարմինների, քաղաքացիական հասարակության ուշադրության կենտրոնում: Այս առնչությամբ մենք քայլեր ձեռնարկելու ենք»,- նշել է Ալիևը՝ հավելելով, որ ազգային ոգով երիտասարդ սերնդի դաստիարակությունն Ադրբեջանի ապագա զարգացման երաշխիքն է:
Մինչդեռ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ հայ երիտասարդությունը մտածի միայն սեփական բարեկեցության և ուտել-խմելու մասին՝ պատմական Հայաստանից դուրս:
Այստեղից՝ հետևություն. Նիկոլ Փաշինյանը գիտակցաբար քանդում է, կամ խոչընդոտում է անվտանգ ապագա ունենալու կարևոր բաղադրիչները, արդյունքում՝ նաև վերը նշված կետերում է արձանագրվում բալանսի խախտում, և Ադրբեջանը Փաշինյանի թեթև ձեռքով գերակա դիրք է ունենում Հայաստանի նկատմամբ նաև այս առումով: Ի՞նչ է սա, թողնենք մասնագետների գնահատմանը և որակմանը:
Ի դեպ, այնպես չէ, որ Ադրբեջանում ներքին խնդիրներ չկան, դրանք կան և շատ են՝ խոսքի ազատության սահմանափակումից, ընդդիմադիր գործիչների կալանավորումից՝ մինչև բանակի ներսում խնդիրներ, որտեղ վերջին առնվազն 2 տարում հաճախակիացել են սպանության և ինքնասպանության դեպքերը: Սրանք առանձին քննարկման թեմա են, իսկ մենք հիմա խոսում ենք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ապագայի տեսլականի մասին, և, թե ով ինչ թեզ է շրջանառության մեջ դնում միջազգային հարթակներում, ինչ խնդիր է առաջադրում միջազգային հանրությանը:
Ի դեպ, Փաշինյանն այդպես էլ չասաց, թե ինչ կոնֆիդենցիալ ինֆորմացիաների է տիրապետում, որոնց գաղտնազերծումն Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն պիտի ապակայունացներ: