ՀՀ-ում պետք է հասկանան՝ սահմանների բացումը դրանք անկարևոր է դարձնելու, ԵՄ-ի գաղափարն է՝ ոչ թե փոխել սահմանները, այլ դարձնել դրանք անկարևոր․ Էլմար Բրոք
«Սահմանների բացումը հանգեցնելու է նրան, որ դրանք անկարևոր են դառնալու»,- այս մասին այսօր «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովի ընթացքում ասաց գերմանացի քաղաքական գործիչ, Եվրոպական խորհրդարանի նախկին պատգամավոր Էլմար Բրոքը։
Ի դեպ, Էլմար Բրոքը 1980-2019թթ․ եղել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, համարվում է ԵԽ երկարամյա պատգամավորներից մեկը, ով զբաղեցրել է մի շարք պաշտոններ, այդ թվում՝ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի, Եվրոպայի ժողովրդական կուսակցության փոխնախագահի պաշտոնները։
Նա 2013 թվականին բավականին ցավագին էր ընդունել ՀՀ՝ Մաքսային միությանը միանալու որոշումը և բազմաթիվ հարցազրույցներ էր տալիս այդ թեմայով։ Նա մասնավորապես ասել էր, թե Ռուսաստանը շատ մեծ սխալ է թույլ տալիս իր վարքում, և դա Ռուսաստանի կողմից ԽՍՀՄ-ը վերականգնելու փորձ է:
Այսօր համաժողովի իր ելույթի մեծ մասը նա նվիրեց Ուկրաինայում հակամարտության համատեքստում եվրոպական քաղաքականությանը, ԵՄ հիմնադրման պատմությանն ու զուտ եվրոպական մի շարք թեմաների։ Նա միայն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթից հասկացավ, որ «Խաղաղության խաչմերուկ»-ն այն գաղափարն է, որը կարող է բերել կայունություն՝ համադրելով շահերը։
«Երբ աշխարհի այս տարածաշրջանը համադրում է այն երկրների շահերը, որոնք մեկը մյուսի հանդեպ շատ դրական տրամադրված չեն, ի դեպ, դա տասնամյակների պատմություն է, ապա աշխարհը հասկանում է, որ նման հնարավորությունը կարող է օգտագործել հանուն սեփական շահերի։ Եթե Դուք համագործակցում եք, ասենք, ենթակառուցվածքների, առևտրի ոլորտում, ծառայությունների ու ապրանքների տեղաշարժի համար ունեք բաց սահմաններ, ապա միասին Դուք դառնում եք ավելի հարուստ։ ԵՄ-ի համար կարևոր կետը ներքին շուկան է, երբեմն գերմանացիները բողոքում են իտալացիներից, ֆրանսիացիները՝ լեհերից, սակայն այդ ամենը միասին՝ բոլորի շահերից է բխում, չնայած այդ շահերը կարող են լինել տարաբնույթ, և չնայած այն տարբերություններին, որոնք կան ազգերի միջև։ Բայց շահերի նման համադրումը մեզ բերում է ավելի բարձր մակարդակի և տալիս ավելի դրական արդյունքներ»,- նման կարծիք հայտնեց Բրոքը՝ շարունակելով, որ միայն այս ամենից հետո է շահերի համադրումը խաղաղության հասնելու ավելի լավ հնարավորություն տալիս։
Նրա խոսքով, սա դրա նախապայմանն է։ «Դուք կարող եք հասկանալ, որ սահմանների բացումը, ի վերջո, բերելու է այն արդյունքին, որ սահմանները դարձնելու է ոչ կարևոր, սա է ԵՄ գաղափարը, ոչ թե փոխել սահմանները, այլ դարձնել դրանք անկարևոր»,- ասաց Բրոքը։
Նա համոզված է՝ «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը փայլուն է։