#ՀԻՄԱ․ «Կոնֆլիկտային իրավիճակը Մերձավոր Արևելքում» թեմայով քննարկումը՝ #ՈւՂԻՂ

«Այն, ինչ այժմ տեղի է ունենում Լիբանանում, շարունակությունն է Իսրայելի երկարատև քաղաքականության, որ պարբերաբար Լիբանանի և Սիրիայի օդային տարածքները խախտում է իր կործանիչներով՝ թիրախային հարվածներ հասցնելով բոլոր այն՝ իրենց ձևակերպմամբ՝ դեստրուկտիվ տարրերին, որոնք սպառնում են Իսրայելի անվտանգությանը»,- այս մասին «Կոնֆլիկտային իրավիճակը Մերձավոր Արևելքում. Իսրայել, Պաղեստին, Լիբանան, Իրան» խորագրով քննարկման ժամանակ նշեց Genesis Armenia ուղեղային կենտրոնի հիմնադիր Աբրահամ Գասպարյանը՝ խոսելով տարածաշրջանի վերջին իրողությունների մասին։

Իրան-Իսրայել հակամարտությանն անդրադառնալով՝ նա հարցը դիտարկեց նախ «գոյաբանական թշնամանք» տերմինի շրջանակում, ապա նաև՝ « շահերի հակադրության» իրողության։

«Դա նշանակում է՝ կամ ես պետք է լինեմ, կամ՝ դու,- եզրույթը պարզաբանելով՝ նշեց նա՝ նկատելով, որ աշխարհաքաղաքական պատմությունը վերջին մի քանի հարյուր տարվա ընթացքում գոյաբանական թշնամանքի 2 նմանատիպ դեպք է տեսել,- Առաջինը՝ բնիկ հնդկացիների նկատմամբ ամերիկացիների ստեղծած պետությունն էր․ այդ պետության հիմքը հենց այդ գոյաբանական գործոնի վերացումն էր,  և երկրորդը՝ Օսմանյան կայսրության փլատակները պահելու համար հայերի գոյությունը որպես խոչընդոտ դիտարկելն էր»։

Արաբագետ Արմեն Պետրոսյանն էլ նույն քննարկման շրջանակում այս հակամարտության նպատակների մասին իր նկատառումներում նշեց, որ Իսրայելի հիմնական խնդիրներից մեկը նաև Իրանի հրթիռաշինության ոլորտը սահմանափակելն է․ նա հենց այս համատեքստում պատահական չհամարեց ԱՄՆ-ի` միջուկային գործարքից  դուրս գալուց հետո Իրանի առջև դրված՝ հրթիռագործության ոլորտը սահմանափակելու պայմանը։

Կարդացեք նաև

«Իսկ ո՞րն էր պատճառը, որովհետև շատ լավ հասկանում են՝ անկախ այդ հրթիռների արդյունավետության մակարդակից… պատկերացրեք՝ 200 հրթիռներից մի քանիսը ունենան միջուկային մարտագլխիկներ, Իսրայել պետությունը պարզապես կվերանա։ Կամ՝ մինչև Իսրայել հասնելը՝ մի քանի երկիր էականորեն կտուժեն, իսկ դա նշանակում է տարածաշրջանային աղետ»,- նշեց նա։

Ըստ նրա, հենց վերջինի  պատճառով նաև, իսրայելական կատարելագործված պաշտպանական համակարգերն այնքան էլ ազդեցիկ միջոց չեն տարածաշրջանը զսպելու համար․ դիվանագիտությունն է հիմնական զսպող  ուժը։

«Եթե չլիներ Իսրայել-ԱՄՆ դաշնակցությունը, հավատացեք, Իսրայելը որևէ էական խնդիր չէր կարող լուծել տարածաշրջանում»,- եզրափակեց արաբագետ Արմեն Պետրոսյանը։

Տարածաշրջանում ԱՄՆ դերակատարման մասին իր դիտարկումներում Աբրահամ Գասպարյանն էլ ընդգծեց, որ գոյություն ունի ամերիկյան գերակա շահ, որի առջև խոնարհվում են բոլոր գլխարկները, դրոշները՝ Իսրայելից սկսած։

«Եթե հրեական լոբբին ԱՄՆ-ում նույնիսկ Կոնգրեսի Ստորին պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ունենա 100 տոկոսանոց ձայն, բայց իր ընդունած բանաձևերը, կամ որոշումները թեկուզ կես տոկոսով սպառնան ԱՄՆ-ի անվտանգային և արտաքին քաղաքականությանը, այդ պետությունը կջնջվի այդ օրակարգից։ Սա ուզում եմ հստակ իմանանք՝ սա մետրոպոլիայի քաղաքականությունն է»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս