Բաժիններ՝

Շահութահարկի կանխավճար կոչվածը, որն իբրև թե պետք է վերանար, լայն թափով շարունակվում է․ Հայկ Ֆարմանյան

Պետական եկամուտների կոմիտեն օրերս տեղեկացրել էր՝ 2024թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում հարկային մարմնի կողմից հավաքագրվել են շուրջ 1 տրլն 698.6 մլրդ դրամ եկամուտներ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է շուրջ 189.1 մլրդ դրամով կամ 12.5 տոկոսով:

Այս ցուցանիշը տնտեսագետ Հայկ Ֆարմանյանը համարում է ժամանակավոր գործոնների ազդեցության արդյունք․ 168.am-ի հետ զրույցում տնտեսագետը նշեց․ «Հիշեցնեմ՝ նախորդ տարվա նոյեմբերից՝ մինչև այս տարվա մայիսը ներառյալ, Հայաստանի միջոցով գերհսկայական ոսկի է վերարտահանվել։ Այսինքն՝ այդ հունվար-սեպտեմբերի մեջ մտնում է նաև առաջին հինգ ամիսը։ Այժմ այդ գործոնը չկա (նախ՝ ՌԴ-ն է տուրքերը հանել, իսկ Հայաստանն էլ՝ զուգահեռաբար տուրքեր սահմանեց), և հաջորդող հաշվետվությունների ժամանակ արդեն կտեսնենք, թե ինչքան հարկային մուտքեր են ապահովվել։ Այսինքն՝ ժամանակավոր գործոններով պայմանավորված մանիպուլյացիան ակնհայտ է»։

Առհասարակ, պետության հարկահավաքության քաղաքականության մասին իր դիտարկումներում մասնագետը զարմանքով արձանագրեց, որ ժամանակին հենց այսօր իշխանությանը մաս կազմողների կողմից քննադատված վարքագիծն է այսօր դարձել տնտեսական քաղաքականություն։

«Երբ ասում են՝ «հարկատուն հերոս է», երբ նշում են, թե հաջողություն են արձանագրել․․․ Ես բազմաթիվ բողոքներ եմ լսում՝ օրինակ, մարդիկ շահութահարկ են վճարում, և նախկինում եղած արատավոր պրակտիկան՝ շահութահարկի կանխավճար կոչվածը, որն իբրև թե պետք է վերանար, լայն թափով շարունակվում է։

Կարդացեք նաև

Ստացվում է՝ մարդը չստացված եկամուտի համար հարկ է վճարում կանխավճարի տեսքով, թե՝ եթե հաջորդ տարի շահույթ կունենաս, այդ գումարը կհամարվի վճարված, չես ունենա՝ գումարը քեզ կվերադարձվի։ Բայց դա բավականաչափ լուրջ հարկային բեռ է տնտեսվարողների համար։ Կամ՝ մարդը ստանում է զուտ շահույթ (դիվիդենտի տեսքով), դա էլ են հարկում։

Ժամանակին այս խնդիրը եղել է, իրենք են քննադատել»,- նշեց Հայկ Ֆարմանյանը։

Տեսանյութեր

Լրահոս