ՆԱՏՕ-ն կցանկանա Հարավային Կովկասում, մասնավորապես՝ ՀՀ-ում, գետնի վրա ներկայություն ունենալ, սակայն առանց պարտավորությունների․ վերլուծաբան

Մինչ ՀՀ ԱԳՆ-ն անատամ, վախվորած բնույթի, խեղճուկրակ հաղորդագրություններ է տարածում՝ ի պատասխան օրեր շարունակ Ադրբեջանի տարբեր մակարդակներից հնչող պահանջների ու սպառնալիքների, Արևմուտքն ու Ռուսաստանն էլ միմյանց մեղադրում են Երևանի նկատմամբ ճնշումների, ազդեցության, Երևանի միջոցով աշխարհաքաղաքական ծրագրեր իրականացնելու մեջ։

Սա, թերևս, բնականոն իրավիճակ է, երբ իշխանությունն օրեցօր իջեցնում է երկրի սուբյեկտայնության մակարդակը, պետությունը վերածելով բոլոր կողմերի համար թիրախի։ Վերջին շրջանում ամենօրյա ռեժիմով Արևմուտքն ու Ռուսաստանն արդեն առանց ՀՀ մասնակցության միմյանց մեղադրանքներ են ուղղում, որոնց ՀՀ-ն նույնիսկ հարկ չի համարում անդրադառնա, նույնիսկ այն հայտարարություն-մեղադրանքներին, որոնք հնչում են հենց ՀՀ պետական այրերի ներկայությամբ։

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովն ԱՊՀ անվտանգության գործակալությունների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է, որ Արևմուտքը ձգտում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ուժերից կազմված իր «խաղաղապահ» կոնտինգենտը մտցնել Անդրկովկաս՝ իբր աջակցելու Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը։

«Ակնհայտ է, ամերիկացիներն ու եվրոպացիները հետաքրքրված չեն Անդրկովկասում խաղաղության ու կայունության հաստատմամբ։ Երևանին համոզելով ձգձգել Բաքվի հետ բանակցությունները՝ Արևմուտքը փորձում է ղեկավարել ադրբեջանա-հայկական կարգավորման գործընթացը և հասնել տարածաշրջանում իր «խաղաղապահ» կոնտինգենտի տեղակայմանը դե յուրե ՄԱԿ-ի հովանու ներքո, դե ֆակտո՝ ՆԱՏՕ-ի»,- ասել է նա։

Կարդացեք նաև

Շարունակելով խոսքը՝ Բորտնիկովն ասել է՝ նման «խաղաղապահության» հնարավոր բնույթը ցույց է տալիս, որ ԵՄ, այսպես կոչված, «անկախ» քաղաքացիական դիտորդական առաքելությունը, որը տեղակայված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, հետախուզական գործունեություն է իրականացնում ՆԱՏՕ-ի կոնկրետ երկրի շահերից ելնելով՝ ընդդեմ Ռուսաստանի և նրա գործընկերների։

Բացի այդ, ռուս պաշտոնյան հայտարարել է, որ «զենքի արտոնյալ մատակարարումների և անվտանգության երաշխիքների դիմաց Արևմուտքը ձգտում է, որ Հայաստանի կառավարությունը դուրս գա ՀԱՊԿ-ից, իսկ դա Երևանին ավելի մեծ կախվածության մեջ կդնի Հյուսիսատլանտյան դաշինքից՝ Բաքվի հետ նրա հետագա հարաբերությունների հարցում»։

Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն արձագանքել է Ալեքսանդր Բորտնիկովի հայտարարությանը՝ նշելով, որ դա նոնսենս է։

«Այս մեկնաբանություններն ամբողջությամբ նոնսենս են, ռուսական ռեժիմին բնորոշ սուտ ու մանիպուլյացիա, որը փորձում է քողարկել Հայաստանին տված խոստումների և նրա նկատմամբ պարտավորությունների կատարման կրկնվող ձախողումները»,- հայտարարել է Ստանոն։

168am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ Հայաստանի համար հիանալի օրինակ կարող է ծառայել Վրաստանը, որը նախընտրական փուլում է, սակայն մինչ դա՝ այդ երկրում բռնկված իրադարձությունները դարձան ցուցիչ ԵՄ վերաբերմունքի՝ իրեն լոյալ երկրի նկատմամբ։ Աշխարհաքաղաքական բոլոր բևեռների հետ հարաբերություններում, նրա խոսքով, կա կախվածության բաղադրիչը։

«Հետսովետական տարածքում թյուրընկալում է, թե հետսովետական երկրները կախվածություն ունեն Ռուսաստանից և եթե հեռանան Ռուսաստանից, ապա կլինեն լիովին անկախ և բոլոր ոլորտներում։ Սակայն լիովին անկախ երկրներ չկան, առավել ևս՝ փոքր երկրներ, որոնք մեծ ռեսուրսներ չունեն, կախվածության որոշակի մակարդակը բնական է։ Ուստի խոսույթը, որ դեպի Արևմուտք շարժվելը ձգտում է դեպի անկախություն, սխալ է։ Վրաստանի օրինակով տեսանք, թե սպառնալիքների ինչ տեղատարափ եղավ, երբ Վրաստանը վավերացրեց օրենք, որին դեմ էր Արևմուտքը, և ներկայումս Վրաստանը ԵՄ անդամակցության հեռանկարից զրկվելու վտանգի տակ է։ Եթե ընտրություններում գլխավոր ուժը չփոխվի, ապա էական խնդիրներ կլինեն Վրաստան-ԵՄ հարաբերություններում»,- նման կարծիք հայտնեց Լուկիանովը՝ փորձելով ցույց տալ, որ Արևմուտքը ևս ազդում է, փորձում է ճնշել հնարավոր լծակներով։

«Բացատրությունն այն է, որ եթե տվյալ երկիրը չի համապատասխանում իրենց պատկերացրած սկզբունքներին և անում է քայլեր, որոնք հեռու են արևմտյան տրամաբանությունից, պետք է հեռու մնան ԵՄ-ից»,- ասաց Լուկիանովը։

Նա նշեց, որ Հայաստանում երկար ժամանակ խոսվում էր ՌԴ-ից ՀՀ կախվածության, դրա նվազեցման անհրաժեշտության մասին։

«Նվազեցում հնարավոր է, իհարկե, սակայն աշխարհաքաղաքական այդ տեղը լցնում է աշխարհաքաղաքական մեկ այլ բևեռ, ով օգտագործում է այդ ռեգիոնում հնարավոր գրեթե նույն գործիքակազմը, որի հետևանքով կրկին հարաբերությունների նույն մոդելն է ձևավորվում։ Ուստի ճշմարտություն կա նրանում, որ Երևանը ներկայումս գտնվում է Արևմուտքի ազդեցության ներքո և, այո՛, ԵՄ դիտորդների օրինակով տեսանք, որ Արևմուտքը ցանկանում է տեղում ներկայություն ունենալ։ Ըստ էության, Արևմուտքը բոլոր բաղադրիչներով փորձում է գրավել ՌԴ-ի տեղը Հայաստանի համար, սակայն, ինչպես  տեսնում ենք, բանակցային գործընթացում Արևմուտքը չի կարողանում այն դերակատարությունը ստանալ, ինչն ավանդաբար ունեցել է Ռուսաստանի Դաշնությունը։ Ուստի, այո՛, տեղում ՆԱՏՕ-ն ևս կցանկանա ամրապնդվել, սակայն առանց հավելյալ լուրջ պարտավորությունների և պատասխանատվության, ուստի դա, թերևս, չի լինի այս փուլում, երբ չկա Երևան-Բաքու խաղաղություն։ Հենց այդ պատճառով էլ ԵՄ դիտորդները ոչ թե պարզապես դիտորդներ են, այլ քաղաքացիական դիտորդներ են և պարզապես ներկայություն ապահովող են»,- ասաց նա։

Քաղաքագետի խոսքով, ի տարբերություն արևմտյան ազդեցության, ՌԴ-ն ներկայումս ազդեցության որևէ գործիք չի կիրառում այս ուղղությամբ։

«Չնայած դրան, ամեն դեպքում ՌԴ-ին մեղադրում են ճնշումների և ազդեցության մեջ։ Սակայն Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականությունն էապես փոխվել է, ՌԴ քաղաքականությունը ևս փոխվել է, սակայն ՌԴ-ն շարունակում է մնալ Հարավային Կովկասում»,- նկատեց Լուկիանովը։

Տեսանյութեր

Լրահոս