«Պատերազմի օրերին Փաշինյանն իր նախաձեռնությամբ Մակրոնին տեղյակ չի պահել իրավիճակի մասին». Մուրադ Փափազյան
Նիկոլ Փաշինյանը հունիսի 1-2-ն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) և Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)։
Այցի առաջին օրը՝ հունիսի 1-ին, Նիկոլ Փաշինյանը Փարիզում հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի, Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆերանի և Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ։
168.am-ի հետ զրույցում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը տեղեկացրեց, որ գիշերը Փաշինյանը ցանկացել է հանդիպել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի երկու համանախագահների հետ՝ իր և Արա Թորանյանի, և, որ ինքը մերժել է այդ հանդիպման առաջարկը, Թորանյանը, սակայն, ընդունել է այն:
Փաշինյանի՝ Փարիզ կատարած այցի ընթացքում նախատեսված է նաև առավել ընդլայնված կազմով հանդիպում Ֆրանսիայի հայկական ազդեցիկ կազմակերպությունների, կառույցների և ֆրանսահայ համայնքի հարգված անձնավորությունների հետ, Դաշնակցության մեծ ընտանիքը, իր ուղեկից միություններով, տարբեր միավորներով և իր բոլոր հաստատություններով, ինչպես նախապես հայտարարվել էր, մերժել է Փաշինյանի հետ որևէ տեսակի կապ կամ հանդիպում:
Ավելին, Մուրադ Փափազյանը մեզ տեղեկացրեց, որ «ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հետ հանդիպման չեն մասնակցի նաև Եկեղեցին և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը»:
– Այսինքն, Ֆրանսիայի հայ համայնքի կարևոր հատվածը ոչ միայն չի մասնակցի Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումներին, այլև ծրագրել է այս գիշեր ցույց անել իր դեմ՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան մոտ: Ի դեպ, այցը ծրագրված է եղել, սակայն Մակրոնը Փաշինյանին հոկտեմբերին է կանչել՝ ընտրություններց հետո, Փաշինյանը պնդել է, որ ինքը Փարիզ այցելի ոչ թե հոկտեմբերին, ինչպես հրավիրել էր Մակրոնը, այլ հիմա։ Այսինքն, գործ ունենք քաղաքական մուրացկանության հետ:
– Ընդհանուր առմամբ, Նիկոլ Փաշինյանն ունի՞ ֆրանսահայերի աջակցությունը, առջևում նաև խորհրդարանական արտահերթ ընտրություններ են, և նրանց դիրքորոշումը կարող է այս կամ այլ կերպ ազդել ՀՀ քաղաքացիների ընտրության վրա, ուստի գուցե այս այցը նաև նախընտրական հաշվարկնե՞ր ունի:
– Ֆրանսիայի հայկական գաղութը մինչ այս միասնական էր, համախմբված ՀՀ բոլոր իշխանությունների կողքին՝ իբրև լեգիտիմ իշխանությունների, և որպես Սփյուռք՝ փորձել ենք համագործակցել ՀՀ-ի հետ: Սակայն Նիկոլ Փաշինյանին հաջողվեց բաժանել Սփյուռքը՝ նա ունի իր զորակիցները և իր ընդդիմախոսները: Այսինքն, ինչպես ՀՀ-ում Փաշինյանը հասարակությունը բաժանեց սևերի և սպիտակների, ժողովրդին՝ դրսի և ներսի հայերի, այնպես էլ կարողացավ ֆրանսահայ համայնքը, տեղի կազմակերպությունները բաժանել: Սա, անշուշտ, շատ վատ է, քանի որ մենք պիտի պահենք մեր միասնականությունը՝ շարունակելու համար պայքարն ի նպաստ Հայ դատի: Մենք ունենք պայքար նաև Թուրքիայի, Ադրբեջանի դեմ՝ ի նպաստ Արցախի և ՀՀ-ի, և մենք մեր բոլոր ուժերի միակամ լինելու կարիքն ունենք: Նիկոլ Փաշինյանի կեցվածքի պատճառով ճեղք բացվեց, և հիմա պիտի աշխատենք, որ այն չընդլայնվի:
– Արցախյան վերջին պատերազմից հետո ունեցանք բոլորովին այլ իրավիճակ Արցախի հիմնախնդրի, կարգավիճակի հետ կապված, սա ի՞նչ փոփոխություն մտցրեց Հայ դատի պայքարի մեջ, ի՞նչ վերաձևակերպումներ կատարվեցին, պայքարի ի՞նչ նոր խնդիրներ, ուղիներ, թիրախներ ի հայտ եկան:
– Նախ ասեմ, որ պատերազմի օրերին շատ մեծ մոբիլիզացիա կազմակերպեցինք՝ ի նպաստ Արցախի, ՀՀ-ի, բանակի, մեր տղաների, միաժամանակ մեր շուրջը հավաքեցինք բոլոր քաղաքական և պետական ուժերին՝ քաղաքներ, Սենատ, որպեսզի դիրքորոշվեն ի նպաստ Արցախի Հանրապետության ճանաչման: Ֆրանսիայի ԱԳ նախարարը Սենատում պատասխանել էր՝ ինչու եք ցանկանում, որ Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը, եթե ՀՀ-ն ինքն այդպես էլ չճանաչեց այն, մեզանից էլ չի պահանջել, որ ճանաչենք:
ՀՀ-ի կեցվածքը շատ տկարացրեց մեր քաղաքական աշխատանքն այստեղ, որովհետև ճիշտ է՝ ժամանակն էր, որ ՀՀ-ն ճանաչեր Արցախի անկախությունը: Մյուս կողմից, բոլոր պետությունները գիտեն, որ Նիկոլ Փաշինյանը պատշաճ կերպով չուղարկեց հայկական բանակը, ՀՀ զինված ուժերն Արցախ՝ պատերազմելու, և ֆրանսիական սպասարկությունները, ծառայությունները զարմացած էին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն Արցախ չուղարկեց բանակի բոլոր միջոցները:
Սա լուրջ խնդիր է մեզ համար, երբ օտար կառավարությունը, անձնավորությունները զարմանք են հայտնում, որ ՀՀ-ն իր ամբողջ ուժը չդրեց այս պատերազմի մեջ: Այս առնչությամբ հարցադրումներ են արվում, ինչը թուլացնում է մեզ, քանի որ ունենք նաև թշնամիներ, որոնք փորձում են ցույց տալ, որ Սփյուռքը և ՀՀ-ն նույն գծի վրա չեն, և նրանց հաջողվում է կոնկրետ տվյալներ հավաքել:
– Արցախի կարգավիճակի ապագան անորոշ է, ինչի հետ, ասես, ՀՀ իշխանությունները համակերպվել են:
– Պետք է շարունակվեն բանակցությունները, կարող ենք բարելավվել դրանք, բայց, իհարկե, Նիկոլ Փաշինյանը դա անել չի կարող: Ինչո՞ւ : Որովհետև ինքն է ստորագրել նոյեմբերի 9-ի պայմանագիրը, և եթե ուրիշ իշխանություն գա ընտրություններից հետո, ապա հնարավոր կլինի նոր էջ բացել, նոր բանակցություններ պահանջել: Եվ եթե նոր իշխանություններին հաջողվի լավ մակարդակի վրա դնել Հայաստան-Ռուսաստան ռազմավարական հարաբերությունները, լուրջ տնտեսական ծրագրով ապահովել ՀՀ ժողովրդի կեցությունը, կամ բանակի ուժով և քաղաքական որոշման ուժով կարողանա սահմանները պահպանել, ապա ավելի մեծ հարգանք կստեղծի այդ նոր իշխանության վարչապետը միջազգային ընտանիքի և ՌԴ-ի մոտ:
Այսօր Հայաստանը հարգված չէ, որովհետև Նիկոլ Փաշինյանը ծնկի եկած վարչապետ է, որը ծնկի բերեց Հայաստանը, և այսօր մենք ուժեղ պետություն չենք, և պետք է գնանք դեպի ուժեղ պետություն, կառավարություն, որպեսզի Հայաստան-Սփյուռք հարաբերություններով նաև կարողանանք ուրիշ արդյունքներ ապահովենք, ինչն այսօր չկա:
Այսօր ոչ միայն Արցախի հարց կա, այլև ՀՀ-ի, վտանգված է նաև ՀՀ-ի անվտանգությունը: Երբ Ալիևը նոյեմբերին հայտարարեց, որ իրենք Արցախով չեն բավարարվելու, այլ ձեռքը պիտի դնեն Սյունիքի, Սևանի և Երևանի վրա, որքանո՞վ լուրջ ընդունեցինք, պատրաստվեցինք: Ինչո՞ւ բանակը չարգելեց, որ հակառակորդը 1000 զինվորով մտնի ՀՀ-ի պետական սահմանից ներս: Ինչո՞ւ այս կառավարությունը, իշխանությունը չի ապահովել ՀՀ ժողովրդի անվտանգությունը, այսքանից հետո ժողովուրդը պիտի գնա և քվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտի՞ն: Հույս ունենք՝ ոչ: Հույս ունենք, որ հունիսի 20-ից հետո նոր էջ կբացվի, և Հայաստանը կկարողանա երևակայել փայլուն ապագա:
– Օրերս Նիկոլ Փաշինյանն առաջարկեց, որ Սոթք-Խոզնավար հատվածում տեղակայվեն միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող: Ֆրանսիան պատրա՞ստ է իր ուժերն այդտեղ ուղարկել և նման առաքելություն ստանձնել:
– Մենք առաջարկել ենք Ֆրանսիայի նախագահին, որ ինքը դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որ այն լիազորի ՄԽ համանախագահներին՝ ստեղծելու խաղաղ վիճակ այդ շրջանում: Բայց Ֆրանսիան միայնակ չի կարող որոշել, պետք է համաձայնեցնել դա նաև ԱՄՆ-ի և ՌԴ-ի հետ:
Առհասարակ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր անդամների միաձայնությամբ են կայացվում որոշումները: Այսինքն, սա քաղաքական լուրջ աշխատանքի կարիք ունի և մեկ օրվա հարց չէ, հատկապես, երբ չունեք ԱԳ նախարար, երբ սպառել եք բոլոր արտաքին գործերի նախարարների ներուժը, որոնց նշանակել էիք, երբ փոխնախարար էր հրաժարական տալիս և այլն: Սա նշանակում է՝ Փաշինյանին հաջողվել է ստեղծել քաոս, թուլացնել արտաքին հարաբերությունները:
ՀՀ ժողովուրդը պետք է իմանա, որ չի կարելի թույլ տալ, որ այս մարդու միջոցով նորից կառավարություն ձևավորվի, չպետք է սխալվեն և գնան նոր փորձանքների, տրվեն ավանտյուրաների:
– Հաճախ ենք լսում, որ Փաշինյանի իշխանության օրոք հայ-ռուսական հարաբերությունները տուժել են, այն մակարդակի չեն, ինչ եղել են, հայ-ֆրանսիական հարաբերությունները ինչ փոփոխության են ենթարկվել, գուցե կան չերևացող խնդիրնե՞ր:
– Հայեցակարգի պակաս կա, այդ թվում՝ Արցախի հարցի շուրջ, և անպատասխանատու կեցվածք՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների հետ կապված: Երբ իշխանության են գալիս մարդիկ արևմտյան ուլտրալիբերալ, սորոսական ուժերի կողմից՝ նպատակ ունենալով թուլացնել ՌԴ-Հայաստան հարաբերությունները, մենք ստանում ենք ՌԴ-ի պատասխանը: Այն դեպքում, երբ գիտենք, որ ՌԴ-ն է ապահովում ՀՀ-ի՝ Թուրքիայի հետ սահմանը, և, որ եթե ՌԴ-ն դա չանի, Թուրքիան ժամերի ընթացքում Երևան կհասնի:
Կամ՝ երբ գիտենք, որ ՌԴ-ն է ապահովում պատերազմը կամ խաղաղությունը Արցախում, չենք կարող անպատասխանատու ձևով «սադրանքով» վարվել ՌԴ-ի հետ: Ուրեմն, մի կողմից՝ հայեցակարգի պակաս կա, մյուս կողմից՝ անպատասխանատու քաղաքականություն միջազգային հարթության մեջ: Ինչ վերաբերում է հայ-ֆրանսիական հարաբերություններին, ապա այստեղ ամեն ինչ ավելի դյուրին է, որովհետև աշխատանք է տարվել 40-50 տարի, և այս դեպքում ՀՀ-ի իշխանություններին շատ հեշտ է եղել հարաբերություններ հաստատել Ֆրանսիայի հետ: Ով այսօր իշխանության գա և ճիշտ քաղաքականություն առաջարկի, կվայելի Ֆրանսիայի զորակցությունը:
Ֆրանսիայի նախագահը պատերազմի օրերին միշտ հեռագրեր է ուղարկել կամ հեռաձայնել Փաշինյանին, և Փաշինյանը միշտ պատասխանել է: Սակայն երբեք Փաշինյանը նախաձեռնությունն իր ձեռքը չի վերցրել և գրել ու տեղեկություն տրամադրել Ֆրանսիայի նախագահին: Այսինքն, միշտ պատասխանողի դերում է եղել, ինչը, գիտեմ, որ հարուցել է Ֆրանսիայի ղեկավարի զարմանքը՝ Փաշինյանն իր պատգամներին պատասխանում է, ցանկանում է անձնական կապեր ստեղծել, բայց երբեք նախաձեռնությունը չի վերցրել և իրեն տեղյակ պահել իրավիճակին նոյեմբերի 9-ի հայտարության ստորագրումից առաջ և հետո: Զարմացած էր, ի վերջո, Ֆրանսիան ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր է և աշխարհի հզոր պետություններից մեկը: