Ֆրանսիայի՝ Հայաստանին սպառազինություն մատակարարելու գործում դերակատարում ունի նաև Ֆրանսիայի հայ համայնքը. Մակրոնը չի՞ վստահում Փաշինյանին
Փետրվարի 23-ին Երևանում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն ստորագրեցին մի շարք պայմանագրեր, որից հետո Սուրեն Պապիկյանը և Սեբաստիան Լըկորնյուն պատասխանել էին հայաստանյան և ֆրանսիական ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։
Մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ Ֆրանսիայի հետ ՀՀ ռազմական համագործակցությունը համակարգային ու հեռահար բնույթ ունի, և, որ այն ուղղված չէ որևէ երկրի դեմ: Իսկ Սեբաստիան Լըկորնյուն էլ նշել էր, որ ՀՀ-ին մատակարարվող բոլոր միջոցները պաշտպանական նշանակության են, որովհետև առաջնահերթ են համարում Հայաստանի պաշտպանական կարողությունների հզորացումը:
Հայաստան-Ֆրանսիա ռազմատեխնիկական համագործակցության շուրջ 168.am-ը զրուցել է ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանի հետ՝ պարզելու, թե որքանով այս հարցում իր մասնաբաժինը կամ դերակատարումն ունի Ֆրանսիայում հայ համայնքը, քանի որ ՀՀ իշխանությունները երկու երկրների ռազմական համագործակցությունը, սպառազինությունների մատակարարման պայմանավորվածությունները միայն իրենց ձեռքբերումն են համարում:
– Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները նոր որակ են ստացել այս մեկ տարվա և հատկապես՝ վերջին ամիսների ընթացքում: Խոսքը, մասնավորապես, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մասին է, Ֆրանսիան Հայաստանին սպառազինություն է վաճառում, և ճիշտ են մամուլում շրջանառվող տեղեկությունները, որ նաև ռազմարդյունաբերական ծրագրեր կան: Այս գործընթացը ՀՀ իշխանություններն իրավունք չունեն համարելու միայն իրենց ձեռքբերումը: Բնական է, որ ցանկացած իշխանություն ինքն է վարում բանակցությունները, բայց այստեղ, անշուշտ, կա նաև Ֆրանսիայի հայ համայնքի դերակատարությունը: 44-օրյա պատերազմի օրերին և մանավանդ դրանից հետո համայնքը ուղղակի ձևով տարբեր առիթներով Ֆրանսիայի նախագահ Մակրոնից պահանջել է ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին՝ Ադրբեջանի դեմ իրավիճակում, և այս դերակատարությունն ուրանալը ոչ միայն բարոյական սխալ է, այլ նաև քաղաքական «անհասունություն»:
– Ի՞նչ խնդիր է փորձում լուծել Ֆրանսիան Հարավային Կովկասում՝ Հայաստանին սպառազինություն վաճառելով, ո՞րն է Ֆրանսիայի շահը, քաղաքականության մեջ հենց այնպես ոչինչ չի արվում:
– Նախ միշտ պետք է ընդունել հայ-ֆրանսիական հարաբերությունների պատմական հիմքն ու դարավոր բարեկամության փաստը, որը Ֆրանսիան երբեք չի անտեսում: Բայց, անշուշտ, ինչպես ասում եք, քաղաքականության մեջ հենց այնպես ոչինչ չի կատարվում, և Ֆրանսիան Հարավային Կովկաս թափանցելու փորձ է կատարում՝ Եվրոպական միության իր գործընկերների համաձայնությամբ, ինչպես նաև՝ իր դաշնակից ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ համադրաբար: Սակայն գաղտնիք չէ, և միամիտ պետք է լինես, որ չտեսնես՝ այս ամենը նաև Ռուսաստանի դեմ իրենց արշավի մաս է կազմում, և ուղղված է ուղղակիորեն Ռուսաստանի դեմ:
– Ֆրանսիա-Թուրքիա, Ադրբեջան-Ֆրանսիա հարաբերությունները լարված են, երբ ժամանակին Ֆրանսիան Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական լուրջ համագործակցություն ուներ: Որքանո՞վ է Հայաստանին ռազմական օգնությունը պայմանավորված Թուրքիայի և Ադրբեջանի հետ Ֆրանսիայի վատ հարաբերություններով՝ վերևում նշված պատճառներից զատ:
– Այո, այդ կետը ևս կա, որ այսօր Ֆրանսիայի հարաբերություններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ լարված են, հատկապես՝ վերջին ամիսներին, մանրամասնություններին, վստահ եմ, տեղյակ եք: Նշեմ, որ Ֆրանսիայի ռազմատեխնիկական համագործակցությունն Ադրբեջանի հետ բավականին նվազել է: Իսկ Ադրբեջանի և Թուրքիայի հետ Ֆրանսիայի լարված հարաբերությունների պատճառը պետք է դիտարկել ԵՄ-ի հետ հարաբերությունների համատեքստում, հաշվի պետք է առնել նաև վերջին շրջանում թուրք-ադրբեջանական հոխորտացող քաղաքականությունը Եվրոպայի նկատմամբ, գազի և նավթի մատակարարման առումով իրենց աշխարհագրական դիրքն օգտագործելու և ԵՄ-ին բավական նեղ կացության մատնելու փաստը և այլն: Այս բոլոր պատճառները կան լարված հարաբերությունների հիմքում: Բայցև պետք է ընդունել մեկ այլ փաստ, ինչի մասին Ադրբեջանն ու Թուրքիան էլ են հայտարարում, ֆրանսիական վերլուծաբաններն էլ են խոսում, որ Ֆրանսիայի՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացումը պայմանավորված է նաև Արցախի հարցով Ֆրանսիայի կեցվածքով, ինչը դիտարկվում է՝ որպես պրոհայկական կեցվածք: Եվ, ընդհանրապես, վերջին պատերազմից հետո Ֆրանսիայի պրոհայկական կեցվածքն Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները լարվածության մեջ է պահում: Եվ այս փաստը ևս պետք է դիտարկել ՀՀ-ին ռազմական օգնություն ցուցաբերելու պատճառների շարքում:
– Ադրբեջանը փորձում է աշխատանք տանել կորսիկացիների հետ և խաղալ Ֆրանսիայի ներքին քաղաքական խնդիրների վրա: Ի՞նչ խնդիրներ կան Ֆրանսիայի ներսում, և հայ համայնքն ի՞նչ ազդեցություն ունի դրանց լուծման հարցում:
– Նախ պիտի ասեմ, որ Ադրբեջանի՝ կորսիկացիների հետ աշխատանք տանելու խոսակցությունները թեական են՝ ենթադրական, կորսիկացիները, ընդհանրապես, հայերի նկատմամբ դրական կեցվածք ունեն: Երկրորդ, անհավանական է, որ կորսիկացիները՝ ադրբեջանական կամ թուրքական գործոնով պայմանավորված, Ֆրանսիայի ներքին քաղաքական կյանքում վատ դերակատարություն ունենան: Իսկ հայ համայնքի ազդեցությունը Ֆրանսիայի ներքաղաքական կյանքում ամեն օր ուժեղանում է, և նոր կառավարության կազմում նաև հայազգի նախարար ունեցանք։
Հայ համայնքն իր ազդեցությունն ու դերակատարումն ունի Ֆրանսիայի ներքին կյանքի բոլոր ոլորտներում՝ տնտեսական, առևտրային, տեխնոլոգիական, արդյունաբերական, բայց նաև քաղաքական, ունենք երեսփոխաններ ԱԺ-ում և այլն: Այսինքն, հայ համայնքի դերակատարումը Ֆրանսիայի ներքին կյանքում ակներև է, և սա տեսանելի է նաև ընտրական առումով՝ նախագահականից մինչև քաղաքապետի: Բայց հատկապես խորհրդարանական և քաղաքապետի ընտրությունների դեպքում Ֆրանսիայի հայ համայնքի դերակատարությունը որոշ տեղերում նույնիսկ էական է: Օրինակ, Փարիզի մեջ, Կենտրոնական և Հարավային Ֆրանսիայի շրջակայքերում հայկական քվեները կշիռ ունեն: Եվ սա Ֆրանսիայի ներքին կյանքում հայ համայնքի հաստատուն ներկայության և դերակատարության հզոր ազդակ և փաստ է, ինչը գնալով էլ ավելի է ամրապնդվում: Դրա համար վերևում ասացի, որ Հայաստանին Ֆրանսիայի ռազմական օգնության գործում չպետք է անտեսել հայ համայնքի դերը:
– Ի՞նչ եք կարծում՝ Ֆրանսիայի ղեկավարությունը վստահո՞ւմ է Նիկոլ Փաշինյանին: Այսինքն, կարո՞ղ է պատմություն հարգող Ֆրանսիան հարգանք կամ վստահություն տածել մի ղեկավարի նկատմամբ, ով ջնջում է սեփական ազգի և երկրի պատմությունը:
– Ասեմ, որ, բնականաբար, չի վստահի, և չվստահելու շատ պատճառներ ունի: Բոլորը գիտեն Նիկոլ Փաշինյանի լարախաղաց և հարափոփոխ քաղաքականությունը, ուստի անվստահելի գործընկեր կարող է դիտարկվել և դիտարկվում է: Իսկ հարգանքը քաղաքական աշխարհում կարևոր ազդակ չէ, կան միայն փոխադարձ շահեր և վստահության հարց, և ինչպես ասացի՝ ոչ մեկը չի վստահում նրան:
– Ի դեպ, երբեմն տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանն իրեն Շառլ դը Գոլի տեղն է դնում, երբ խոսում է Հայաստանի 4-րդ հանրապետությունից, ամեն ինչ նորից սկսելուց, պրոֆեսիոնալ բանակից: Իրականում Նիկոլ Փաշինյանն ընդհանրություն ունի՞ Դը Գոլի հետ:
– Ես շատ կուզենայի, որ Արամ Մանուկյանից հետո այսօր Դը Գոլ ունենայինք: Առաջին Հանրապետության ժամանակ ունեցանք Արամ Մանուկյան, բայց, ցավոք, դրանից հետո չունեցանք Արամ Մանուկյան կամ Դը Գոլ: Եվ, այո, ցավոք, դեռ չունենք: Իսկ Նիկոլ Փաշինյանի և Դը Գոլի միջև համեմատություն կամաչեմ նույնիսկ անել, որովհետև նրանք 180 աստիճան տարբեր դիրքերում են:
Դը Գոլը ֆրանսիական դիմադրության հայրն է, նա իր գործընկերներով և խմբերով ազատեց Ֆրանսիան գերմանական լծից, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը զիջեց հայրենի հողը թշնամի թուրքին և կքեց թշնամու առջև, ինչը շարունակում է անել մինչ այսօր՝ տեղի տալով նրանց բոլոր սպառնալիքներին, քմահաճույքներին և զիջելով անգամ ազգային կարևոր բաղադրիչները՝ Սահմանադրությունից մինչև դրոշ, հիմն, ամբողջ տրցակի մասին լավ գիտեք: Իսկ Դը Գոլը 5-րդ Հանրապետություն հռչակելով՝ առաջին հերթին հզորացրեց ֆրանսիական բանակը՝ նրան տալով հյուլեական ուժ, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը կազմաքանդեց և հեղինակազրկեց Հայոց բանակը:
Հ.Գ. Հավելենք, որ Երևանում լրատվամիջոցների հետ հանդիպմանը Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն ևս հիշեցրել էր Դը Գոլի դերը ֆրանսիական բանակի մոդելի ձևավորման համատեքստում:
«Պատմականորեն Ֆրանսիայի բանակի մոդելը, որը Դը Գոլն է ձևավորել, սուվերեն բազա ունի: Եվ այն ամենը, ինչը մենք սպառում ենք, գնում ենք, Ֆրանսիայում է արտադրվում: Սա առանձնահատուկ մոդել է Եվրոպայում, մենք այս արդյունաբերական ինքնավարության և ռազմավարության մեջ ենք, և կարող ենք որոշել արտահանումը, ունենալ ինքնավար դիվանագիտություն: Սա գալիս է մեր պատմությունից»,- շեշտել էր նա: