«ՀՀԿ-ի դիրքորոշումները հստակ արտահայտվել են 2018 թվականից հետո». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի խոսքով՝  որևէ երկիր չի կարող հայտարարել, թե ինքն ամբողջությամբ պաշտպանված է. այլ հարց է, թե ըստ իրավիճակի ու իրադրության՝ ինչպես է գործելու։

«Անվտանգության տեսանկյունից, բնականաբար, Հայաստանը շատ մեծ անելիքներ ունի։ Հատկապես 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո առաջինը ենթադրում է եղած կորուստների վերականգնում, զինված ուժերում լուրջ բարեփոխումների իրականացում, որն էլ ենթադրում է անձնակազմի ուսուցումից, կատարելագործումից, մարտավարությունից մինչև այնպիսի սպառազինության ապահովում, որը հնարավորություն կտա Հայաստանի համար հնարավորինս մեծ պաշտպանվածություն ապահովել»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց Տիգրան Աբրահամյանը՝ շեշտելով, որ ՀՀ իշխանությունն ի վիճակի չէ ապահովելու այդ ամենը։

Ինչ վերաբերում է արցախահայերի՝ Արցախ վերադառնալու մասին հարցին և ադրբեջանական կողմից հնչող՝ այսպես կոչված, «փախստականների» վերադարձի վերաբերյալ հայտարարություններին, Տիգրան Աբրահամյանն ասաց, որ դրանք մեկ հարթությունում քննարկվող հարցեր չեն, դրա մասին խոսում են նաև միջազգային տարբեր գործիչներ։

«Այլ հարց է, որ Ադրբեջանի իշխանությունը, Հայաստանի իշխանության թողտվությամբ, հատկապես՝ Արցախի ու արցախահայերի մասով կիրառվող խոսույթի պայմաններում, անընդհատ փորձում է իրադարձությունները բերել միևնույն մակարդակի։ Մի կողմից՝ դրանք իբրև բալանսավորելու, մյուս կողմից՝ հետագայում ճնշումը մեծացնելու տեսանկյունից։ Եթե Հայաստանը կարողանա իր մոտեցումները քաղաքական առումով ճիշտ ձևակերպել և ճիշտ առաջ մղել, ապա այդ պարագայում, կարծում եմ, որ գոնե միջազգային ընկալման առումով մենք խնդիրներ չենք ունենա»,- շեշտեց Տիգրան Աբրահամյանը։

Կարդացեք նաև

Խոսելով երեկ Հանրապետության հրապարակում Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի հայտարարության մասին՝ ուղղված ընդդիմությանը, Տիգրան Աբրահամյանը նկատեց.

«Կարծում եմ՝ ՀՀԿ-ի մոտեցումը և դիրքորոշումը շատ հստակ է եղել, դրանք մշտապես տարբեր փուլերում արտահայտվել են և արտահայտվել են ոչ միայն վերջին հանրահավաքներին, այլև 2018, 2019 թվականներից հետո, 2020 թվականից սկիզբ առած տարբեր շարժումներից հետո»,- շեշտեց Տիգրան Աբրահամյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս