Լարված է՝ անհանգիստ են

Տնտեսական ու ֆինանսական հատվածներում իրավիճակը գնալով լարվում է։ Այն, որ տևական ժամանակ կառավարությունում հանգիստ նստած վայելում էին ռուս-ուկրաինական հակամարտության բարիքները ու դա ներկայացնում՝ որպես իրենց իշխանության մեծագույն ձեռքբերում, այլևս չի աշխատում։ Մի պահ արձանագրվող բարձր տնտեսական աճերն աստիճանաբար մարում են, ֆինանսական խնդիրներն են գլուխ բարձրացնում։

Սա սկսել է անհանգստացնել կառավարությանը, նաև միջազգային ֆինանսական կառույցներին։

Օրերս Նիկոլ Փաշինյանը, Կենտրոնական բանկի նախագահի մասնակցությամբ, հանդիպում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարի հետ։ Քննարկել են այն առանցքային խնդիրները, որոնք կանգնած են կառավարության ու Կենտրոնական բանկի առաջ։

Անդրադարձել են, մասնավորապես, բյուջետային, դրամավարկային, արժութային, հարկային քաղաքականություններին, նաև հարկային վարչարարությանը: Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարը կարևորել է հատկապես ֆինանսական և ներդրումային միջավայրի բարելավման անհրաժեշտությունը՝ որպես տնտեսական ակտիվության պահպանման նպատակ։ Այլ հարց, թե անգամ այդ պարագայում որքանո՞վ կհաջողվի պահպանել տնտեսական ակտիվությունը։

Կարդացեք նաև

Այնքան են խեղդած պահել տնտեսությունը, որ անգամ Կենտրոնական բանկի կողմից վերջին շրջանում իրականացվող դրամավարկային պայմանների թուլացումն ու ընդլայնողական քաղաքականությունն արդյունք չի տալիս։ Անցած տարվա վերջից ԿԲ-ն 3,25 տոկոսային կետով նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ տնտեսությունն ակտիվացնելու ակնկալիքով, բայց հակառակն է տեղի ունենում՝ տնտեսական ակտիվությունը գնալով թուլանում է։

Տնտեսական աճի տեմպն է էապես ընկել ու շարունակում է ընկնել։ Եթե անգամ հաջողվի այս տարի տնտեսական աճը պահել պոտենցիալի շրջանակներում, հաջորդ տարի դրա հավանականությունն էլ չկա։ Արդեն այժմվանից սկսել են հիմքեր ստեղծել, որ հաջորդ տարի չպետք է տնտեսական աճի մեծ ակնկալիքներ ունենալ։ Եվ դա պատահական չէ, եթե հաշվի առնենք, թե ինչ օրի են հասցրել տնտեսությունը։

Հպարտանում էին արտաքին ազդեցությունների շնորհիվ արձանագրվող աճերով՝ անտեսելով ու թաքցնելով այն, ինչ իրականում տեղի էր ունենում տնտեսության մեջ։

Ֆինանսական կամ արժութային այն քաղաքականությունը, որն այս իշխանությունների կողմից վերջին մի քանի տարիներին իրականացվել է Հայաստանում՝ մեծ վնասներ է հասցրել տնտեսությանը։ Ներքին տնտեսությունը խթանելու փոխարեն՝ խթանել են ներմուծումը ու դրանով վնասել ներքին տնտեսությանը։

Զարմանալի չէ, որ ներքին տնտեսության արտահանման կարողությունները կրճատվել են։

Այսքանից հետո տնտեսության ու արտահանման դիվերսիֆիկացիայից են խոսում, երբ արտահանելի տնտեսության պոտենցիալը նույնիսկ նվազել է, շուկաների կենտրոնացվածությունն է մեծացել։

Արտաքին առևտրի շրջանառությունը, որքան էլ վերաարտահանումների շնորհիվ բարձր տեմպերով աճել է, դրանում ներքին տնտեսության բաժինը չի ավելացել, շուկաների դիվերսիֆիկացիայի մակարդակը չի բարելավվել։ Ինչպես կար, այնպես էլ արտահանման հիմնական շուկան մնացել է ԵԱՏՄ-ն, մասնավորապես՝ Ռուսաստանը։

Եվրամիություն գնացող ու շարունակ արտահանման դիվերսիֆիկացիայից խոսող իշխանությունները մինիմալի են հասցրել առևտրային հարաբերությունները եվրոպական երկրների հետ։ ԵՄ մասնաբաժինը Հայաստանի արտահանման մեջ հասել է աննախադեպ ցածր մակարդակի՝ կազմել է ընդամենը 3,8 տոկոս։ Մեկ տարի առաջ այն գերազանցում էր 14 տոկոսը։ Շատ ավելի մեծ էր դրանից առաջ՝ հասնում էր 21-22 տոկոսի։

Այսպես են դիվերսիֆիկացրել տնտեսությունը։ Դիվերսիֆիկացնելու փոխարեն՝ մեծացրել են կախվածությունը մեկ երկրից, և այդ երկիրը Ռուսաստանն է։

Այս պահին Ռուսաստանին բաժին է ընկնում Հայաստանի արտաքին առևտրի 44 տոկոսը։

Ռիսկերը, որոնք վերջին շրջանում խորանում են, միայն տնտեսական չեն։

Ահագնանում են ֆինանսական ռիսկերը, որոնք շատ ավելի մտահոգիչ են։ Դրանք կապված են ոչ միայն ֆինանսական շուկայի իրավիճակի, այլև պետության ֆինանսների հետ։

Լրջագույն խնդիրների է բախվել բյուջեն, ու դա սկսել է անհանգստացնել՝ ինչպես կառավարությանը, այնպես էլ՝ արտաքին ֆինանսական կառույցներին։

Բյուջեի հարկերը չեն կարողանում հավաքել, մտածում են՝ է՞լ որտեղ կարող են հարկային բեռ ավելացնել ու վարչարարությունը խստացնել։ Այնքան են տարվել դրանով, որ երբեմն ծայրահեղությունների են գնում։ Մի կողմից՝ անտեսում են տնտեսական, հարկային, ֆինանսական ու արժութային քաղաքականության բալանսավորումը, մյուս կողմից՝ ուզում են, որ ներդրումներ կատարվեն տնտեսության մեջ։

Իրական տնտեսության մեջ ներդրումներ ու հատկապես օտարերկրյա ուղղակի ներդրումներ չեն կատարվում։ Ներդրումային մթնոլորտն ու միջավայրը չի նպաստում դրան։

Չհաշված առկա արտաքին ու ներքին բազմաթիվ ռիսկերը՝ այս տարիների ընթացքում այս իշխանություններն այնքան են ապականել ներդրումային միջավայրը, որ շատերը գլուխներն առած փախնում են, շատերն էլ բախվել են իշխանությունների կամայականությունների հետ ու կորցրել իրենց ներդրումները։

Միայն այն, որ այժմ ներդրումային տարբեր ծրագրերի հետ կապված բազմաթիվ հայցեր են քննարկվում միջազգային արբիտրաժային դատարաններում՝ ընդդեմ Հայաստանի, բավական է, որ ահազանգ լինի ներդրողների համար։

Ներդրումային միջավայրի բարելավումը, ներդրումների ներգրավումը, որքան էլ առաջնային նշանակություն ունեն մակրոտնտեսական կայունության պահպանման ու կայուն տնտեսական աճի ապահովման համար, ինքնըստինքյան չեն կարող լինել։

Տարիներ են պետք ներդրումային բարենպաստ մթնոլորտ ստեղծելու համար։ Այնինչ՝ վերջին տարիներին ներդրումային մթնոլորտը Հայաստանում մշտապես հարվածների տակ է եղել։ Դրա վառ օրինակներից մեկն էլ վերջերս բիզնեսին երկարաժամկետ կալանքի տակ պահելու ՊԵԿ նախաձեռնությունն էր։

Ու եթե չլինեին հասարակական ճնշումները՝ կառավարությունը հիմա հաճույքով գնացել էր դրան։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս