Էնթոնի Բլինքենը խրախուսել է Հայաստանին և Ադրբեջանին շարունակել առաջընթացը խաղաղության համաձայնագիրը հնարավորինս շուտ կնքելու համար
Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը խրախուսել է Հայաստանին և Ադրբեջանին շարունակել առաջընթացը բանակցություններում՝ խաղաղության համաձայնագիրը հնարավորինս շուտ ավարտին հասցնելու համար:Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն՝ անդրադառնալով սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև տեղի ունեցած հանդիպմանը։
«Պետքարտուղար Բլինքենը գոհունակություն է հայտնել երկու նախարարներին այն առաջընթացի կապակցությամբ, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասել են կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատման ուղղությամբ և քաջալերել է երկու երկրի շարունակական առաջընթացը հնարավորինս շուտ համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու համար»,-ԱՄՆ պետքարտուղարի խոսքերն է մեջբերել Մեթյու Միլլերը՝ հավելելով, որ Էնթոնի Բլինքենը նաև ընդգծել է, որ խաղաղության համաձայնագիրը տարածաշրջանում կմեծացնի կայունությունը և բարգավաճումը։