Պայթյունի մասին լսեցի Հակարիի կամրջի մոտ, եղբորս ու հայրիկիս անունն էին տալիս. Սուրենը մեկ ամիս առաջ էր ամուսնացել. Սնեժանա Հայրիյան
Մեկ տարի առաջ այս օրը՝ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին, երբ Ադրբեջանն Արցախի ու նրա խաղաղ բնակչության նկատմամբ վարում էր ցեղասպան քաղաքականություն, ստիպելով նրանց լքել իրենց բնօրրանը, Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին գտնվող բենզինի պահեստում տեղի ունեցավ պայթյուն՝ հերթական ողբերգությունը, որը խլեց բազմաթիվ մարդկանց կյանք, շատերը մինչև այսօր համարվում են անհետ կորած, շատերը դարձան հաշմանդամներ։
Ասկերանում Հայրիյանների ընտանիքում այս պայթյունից գրեթե մեկ ամիս առաջ հարսանիք էր, ամուսնացնում էին տան մինուճարին՝ Սուրենին, շրջափակված Արցախում ամեն ինչ արել էին, որպեսզի արցախցուն վայել հարսանիք անեին։ Սուրենի հայրը, մայրը, երկու քույրերը երջանիկ էին՝ 23-ամյա Սուրենն ընտանիք է կազմում, դեռ պիտի երեխաներ ունենար ու Արցախում՝ Հայրիյանների տանը լսվեր մանկան ճիչ, սակայն սեպտեմբերի 25-ի ողբերգական օրը բոլոր նպատակներն ու երազանքները կիսատ թողեց…
Սեպտեմբերի 19-ին Սուրենը հոր՝ Մխիթար Հայրիյանի հետ շտապել էր դիրքեր՝ տղաներին օգնելու։ Մխիթար Հայրիյանը 20 տարվա զինվորական էր, ռազմական գործին ու թշնամու մարտավարությանը ծանոթ։ Հայր ու որդի կռվել էին մինչև վերջ, իսկ հետո, մյուսների նման, իջել էին դիրքերից, որովհետև արդեն զենքերը հանձնելու ու դիրքերը լքելու հրամանը կար։
Սեպտեմբերի 25-ին հայր ու որդի գնացել էին բենզինի պահեստ, որպեսզի բենզին վերցնեն ու շատերի նման դուրս գան Արցախից, քանի որ այլընտրանք չունեին՝ մնալը հավասարազոր էր ցեղասպանվելուն։ Սակայն դիրքերից ողջ ու առողջ տուն հասած հայր ու որդի պահեստից տուն չգնացին՝ 45-ամյա Մխիթար Հայրիյանը զոհվել էր հենց պայթյունի ժամանակ, իսկ Սուրենը ծանր վիրավորվել, տեղափոխվել էր Ստեփանակերտի հիվանդանոց, այնուհետև՝ Երևան, որտեղ սեպտեմբերի 30-ին մահացել էր։
Մեկ տարի առաջ տեղի ունեցած ողբերգության մասին Մխիթար Հայրիյանի դուստրը՝ Սնեժանա Հայրիյանը, արցունքն աչքերին է հիշում։
«Ես ամուսնացել, Մարտակերտում էի ապրում, պատերազմի հրադադարից հետո եկել էինք Ստեփանակերտ ու իմ ամուսնու հետ սեպտեմբերի 25-ի առավոտյան պետք է դուրս գայինք Արցախից։ Հայրս ասաց՝ դուք դուրս եկեք, մենք ձեր հետևից կգանք, ասում էր՝ երեխաներիցս գոնե մեկը թող դուրս գա։ Մենք դուրս ենք եկել, Հակարիի կամրջի մոտ իմացանք, որ պայթյուն է եղել…
Կապի խնդիր կար, ճանապարհին ամեն կերպ փորձում էի մերոնց հետ կապվել, որպեսզի հասկանայի՝ դո՞ւրս են եկել, թե՞ ոչ։ Այդ ժամանակ արդեն մութն ընկել էր, ու ինչ-որ ժամանակահատված ես իրենց չզանգահարեցի։ Հակարիի կամրջի մոտ մեքենաներից իջել, դրսում կանգնած էինք, արդեն աղոտ եմ հիշում, բայց մեր մոտ հավաքված մարդկանցից մեկին զանգահարեցին ու ասացին, որ պայթյուն է եղել, հետո լսեցի, որ եղբորս ու պապայիս անունն են տալիս։ Չեմ հիշում՝ ինչպես եմ գտել հեռախոսս, ինչպես եմ զանգահարել մայրիկիս։ Իմացա, որ Սուրենը վիրավոր է, հիվանդանոց են տարել, բայց հայրիկիցս որևէ լուր չկա։ Դրանից հետո շատ բաներ չեմ հիշում…»,- 168.am-ին պատմում է նա։
Արցախի շրջափակումից հետո օգոստոսի 23-ը Սնեժանայի ու իր ընտանիքի համար երջանիկ օր էր, Սուրենի հարսանիքի օրն էր, նույնիսկ այդ դժվարին օրերին հույս ունեին, որ ամեն ինչ լավ է լինելու՝ մի օր Արցախն ազատագրվելու է ադրբեջանական հոշոտող ճիրաններից։
«Պայթյունի մասին լուրը լսելուց հետո, հասնելով Գորիս՝ այնտեղից առաջ չեմ եկել, սպասում էի ընտանիքիս, որ իրենց հետ գայի Երևան, սեպտեմբերի 26-ին Սուրենին տեղափոխել են Երևան՝ Այրվածքաբանական կենտրոն։ Սեպտեմբերի 28-ին հասել ենք Երևան ու միանգամից գնացել հիվանդանոց։ Երկու օր անց՝ սեպտեմբերի 30-ին, մտա հիվանդասենյակ՝ Սուրենին տեսնելու, դուրս գալուց հետո բժիշկներն ինձ ասացին, որ որևէ բան ասել չեն կարող։ Երբ ուզում էինք հիվանդանոցից դուրս գալ, բժիշկն ասաց, որ Սուրենի հարազատները թող դուրս չգան, որովհետև Սուրենի վիճակը լավ չէ։ Բժիշկն ասաց, որ այլևս հույս չկա, բոլոր ապարատները պետք է անջատենք։ Բժիշկը թույլ տվեց, որ երկու հոգի մտնեն Սուրենի մոտ, մայրս չկարողացավ մտնել… ինձ էլ թույլ չտվեցին, քանի որ հղի էի… Սուրենի կինն ու մորաքույրս մտան, կինը նրան ասել է՝ Սուրեն, պապան գալիս է, դրանից հետո արդեն եղբորս սիրտը կանգ է առել։
Երբ սեպտեմբերի 28-ին եղբորս հիվանդանոցում տեսա, արդեն անգիտակից էր, բայց մայրս ասում է, որ Ստեփանակերտի հիվանդանոցում խոսում էր»։
Մխիթար Հայրիյանի ԴՆԹ պատասխանն ուշ են ստացել՝ նոյեմբերին, նրան հուղարկավորել են Սիլիկյան թաղամասում՝ միակ որդուց՝ Սուրենից շատ հեռու։ Սուրենին հուղարկավորել են «Եռաբլուրում», իսկ զինվորական Մխիթար Հայրիյանին թույլ չեն տվել՝ առանց հիմնավորման։
«Մեզ թույլ չտվեցին հայրիկիս հուղարկավորել «Եռաբլուրում», շատ մանրամասներին չեմ տիրապետում, մի քանի պաշտոնյաների մոտ մտել ենք՝ թույլ չեն տվել՝ ասելով, թե պայթյունի ժամանակ զոհվածներին թույլ չենք տալիս, բայց իմ եղբորս հուղարկավորել ենք։ Ասում էին՝ Փաշինյանը թույլ չի տալիս, քանի որ մենք լսել էինք, որ մեզանից առաջ մի քանի ծնող գնացել-բողոքել են, խոսք ու զրույց է եղել, թե «Եռաբլուրը» պատերազմում զոհվածների տեղն է, ոչ թե պայթյունի»։
Հայրիյանների ընտանիքն արցախցի հազարավոր ընտանիքների նման՝ իր ամբողջ երջանկությունը թողել է Արցախում, իսկ Հայաստանում միայն գոյատևում են՝ ֆիզիկապես ու հոգեպես։
«Որևէ մեկին չպետք է մեղադրել, ամեն ինչի մեղավորը հայն է, որովհետև մենք արդեն այնպիսի ազգ ենք դարձել, որ ամեն մեկը մտածում է միայն իր ու իր կաշին փրկելու մասին, դրա համար էլ այս օրին ենք։ Ես չգիտեմ՝ ինչպես, բայց այսօր մարդիկ մեծարում են Նիկոլ Փաշինյանին՝ չասելով, որ այս ամենի ամենամեծ մեղավորությունն իրենն է։
Մեր երջանկությունն Արցախում ավարտվել է սեպտեմբերի 25-ին, այստեղ ուղղակի օր ենք անցկացնում։ Հիմա մեր միակ ուրախությունը որդիս է՝ Արթուրը, ում Հայաստանում եմ ծննդաբերել։
Արցախը մենք էինք, իմ ծնողները, մեր հարազատները, բոլորս էինք։ Ես Արցախ գնալու հույս չունեմ, որովհետև հիմա Արցախն Ադրբեջանը 100 աստիճանով ձևափոխում է, ջնջում ամեն հայկականը, մեր երջանկությունն են ոչնչացնում…»: