«Փաշինյանն ու Էրդողանը ստուգեցին ժամացույցները. ամեն ինչ գնում է ըստ պլանի». Հակոբ Հակոբյան

44-օրյա պատերազմի ընթացքում Նիկոլ Փաշինյանը կանադական The Globe and Mail պարբերականի հետ զրույցում Էրդողանին նկարագրել էր՝ որպես առաջնորդ, որը երազում է վերականգնել այն Օսմանյան կայսրությունը, որը ոչնչացրեց հայ ազգաբնակչությանն Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում իրականացված ջարդերի և տեղահանությունների միջոցով: «Անցել է հարյուր տարի, և Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս՝ շարունակելու Հայոց ցեղասպանությունը»,- ասել էր Փաշինյանը:

Պարտվելուց հետո Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը փոխվել է. երեկվանից համացանցում քննարկվում են Փաշինյան-Էրդողան հանդիպման կադրերը, որտեղ Փաշինյանը շա՜տ երջանիկ տեսք ունի, լայն ժպիտով՝ ձեռքին բռնել է Էրդողանի գիրքը:

Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանը Փաշինյանի պահվածքում զարմանալի ոչինչ չի տեսնում. Փաշինյանի համար գլխավորն Էրդողանի հետ հանդիպելն է:

«Վերջին 30 տարիներին Թուրքիան իր հարաբերությունները դադարեցրել էր ՀՀ-ի հետ՝ հենց արցախյան գոյամարտի պատճառով: Այսօր, ըստ ՀՀ իշխանությունների՝ չկա այլևս ղարաբաղյան հակամարտություն, Փաշինյանն Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել, և այլևս չկան այն խոչընդոտները, որոնք կխանգարեին այդ հանդիպումներին: Օրինաչափ է, որ ԱՄՆ-ում տեղի ունեցած ՄԱԿ-ի վեհաժողովի բուն էությունն այդքան չի քննարկվում, որքան այդ հանդիպումը: Փաշինյանի համար գլխավորն այն էր, որ հանդիպեր Էրդողանի հետ և ներկայացներ, որ ամեն ինչ գնում է իրենց նախատեսած պլանով, շարունակում են պնդել, որ Արցախի հարցը փակված է, և իրենց հետագա քայլերը, ժամացույցները իրար հետ ստուգելու համար»,- 168TV «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Կարդացեք նաև

Դիտարկմանը՝ Էրդողանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը շարունակում է պայմանավորել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ, ավելին՝ նշում է, որ մինչև «Զանգեզուրի միջանցք»-ը չիրագործվի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին խոսք լինել չի կարող, նա արձագանքեց. «Այստեղ որևէ տեսակի հարաբերություններ չկան, կան միակողմանի պահանջներ, որոնք ժամանակի ընթացքում ՀՀ իշխանությունները կատարում են:

Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները եթե այսօր դեռ կատարված չեն, ապա դա զուտ ժամանակի հարց է: Եթե այս իշխանությունները շարունակեն պաշտոնավարել, վաղ թե ուշ այդ պահանջները նույնպես ի կատար են ածվելու: Մենք գործ ունենք պարտվածի հոգեբանության հետ, և երբ 2020 թվականին արդարացի պահանջ կար, որ պետք է պարտված ղեկավարը հեռանա և իշխանությունը հանձնի նոր իշխանությանը, հենց սա նկատի ունեինք: Այստեղ գործում է պարտվածի հոգեբանությունը, որն այլևս չի կարողանալու որևիցե կամք դրսևորել, չի կարողանալու որևէ կեցվածք ցույց տալ, քանի որ նա պետք է կատարի բոլոր պահանջները, որոնք իր առջև դնում են իրեն հաղթած պետության ղեկավարները: Մենք զիջումների և նոր պարտությունների շարանների ենք ականատես լինելու, քանի դեռ երկրում իշխում են պարտված իշխանությունները»:

Մինչ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից միջազգային հանրությանը դրական մտածողության դասեր էր տալիս՝ տխրահռչակ «Ապագա կա» կարգախոսը տեղափոխելով այդ հարթակ, կնոջ հետ զբոսնում և հեծանիվ քշում Նյու Յորքի փողոցներով, Իլհամ Ալիևը սպառնալիքների հերթական չափաբաժինը տարածեց՝ հրապարակայնորեն պայմաններ թելադրելով և պատերազմով սպառնալով Հայաստանին։

Հակոբ Հակոբյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ Փաշինյանը հույսն Էրդողանի հետ է կապում, որ գուցե կարողանա զսպել Ալիևին:

«Հայաստանի իշխանություններն օգտագործելով այդ ամբիոնները, սկսել են գովազդել իրենց կուսակցության կարգախոսները, քանի որ նրանց համար ամեն ինչից վեր սեփական իշխանությունը պահպանելն է: Օգնո՞ւմ է այդ գործողությունը՝ իրենց իշխանությունը պահել, կգնան այդ գործողության, օգնո՞ւմ է այդ զիջումը՝ իշխանությունը պահել, իրենք կգնան այդ զիջման»,- ի պատասխան ասաց նա՝ ընդգծելով, որ Ալիևին զսպելու է պատմական արդարությունը:

«Պատմական արդարության վերականգնումը վաղ թե ուշ տեղի է ունենալու, և վաղ թե ուշ և՛ միջազգային հանրությունը, և՛ բոլոր պետությունները բռնելու են ամենաթողության մեջ իրեն արքա զգացող Ալիևի ձեռքը: Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ որևէ այդպիսի պետություն, որն առավելապաշտական ձգտումներով է տոգորված, որին ամեն ինչ կարելի է, վաղ թե ուշ այդպիսի պետություններին կանգնեցնում են: Ալիևին թվում է՝ իրեն ամեն ինչ կարելի է, սակայն խախտված է պատմական արդարությունը: Մի ողջ ժողովուրդ ուժի կիրառման սպառնալիքի տակ տեղահանվել է իր հայրենի բնօրրանից: Դա բնական իրավունք է, որը ոչ ոք իրավունք չունի խախտել: Արդարության վերականգնման պրոցեսը մի օր կանգնեցնելու է Ալիևին և բռնելու է նրա ձեռքը»,- շեշտեց նա:

Հակոբ Հակոբյանի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար միայն մի բան կարող է անել՝ օր առաջ հրաժարական տալ:

ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրավունքը չափազանց կարևոր է հայ ժողովրդի արժանապատվությունը և տարածաշրջանում կայունությունը վերականգնելու տեսանկյունից:

Հակոբ Հակոբյանը նկատեց՝ ՀՀ իշխանությունների երազանքն արժանապատիվ ապրելու տեսլականը չէ, այլ սեփական իշխանությունը պահելը. «Այսօր պարտված իշխանությունների իշխանությունը պահելու միակ հնարավորությունը՝ հարևան պետություններին կամ թշնամի պետություններին առաջարկել անվերապահ խաղաղության գնալու սկզբունքը, այսինքն՝ նրանք պատրաստ են խաղաղության պայմանագիր կնքել ամեն ինչի գնով: Միգուցե Ադբեջանի որևէ պայմանի սկզբնական շրջանում որևէ դիմադրություն են ցույց տալիս, առարկում են, սակայն, ժամանակի ընթացքում գտնելու են՝ ինչպես սեփական ժողովրդին ցույց տալ, որ դա «անհրաժեշտություն» է: Իշխանություն պահելու համար այս մարդիկ ամեն ինչի պատրաստ են, իրենց տեսլականը հզոր Հայաստան ունենալը չէ, Արցախը հայկական տեսնելը չէ: Իսկ, որ Հայաստանի իշխանությունների նման պահվածքի պարագայում գրեթե բոլոր երկրները խոսում են արցախցիների բնիկ ժողովուրդ լինելու և նրանց՝ Արցախում ապրելու իրավունքի մասին, դա հենց հաստատում է իմ ասածը, որ պատմական արդարությունը վերականգնվելու է, դա բնական երևույթ է»:

Նա նկատեց՝ Ալիևը հասկանում է, որ այս ամենը չի կարող երկար շարունակվել. «Ալիևը հասկանում է, որ իրեն ճակատագիրը նվեր է տվել ՀՀ այնպիսի ղեկավարի, որից կարող է ամեն ինչ միանգամից վերցնել, բայց նա նաև հասկանում է, որ այո, վաղ թե ուշ այս հաղթարշավը կանգ է առնելու»:

Ըստ նրա՝ ՀՀ իշխանությունների՝ պատասխանատվությունից խուսափելու մեծ ցանկությունը բերելու է նրան, որ «նրանք հերթական հանցագործություններն են կատարելու, հերթական ոչ հայանպաստ գործողություններն են կատարելու»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս