Բանականության խաղեր․ Հայաստանը՝ մա(ռազմա)հայրենասիրության ճիրաններում

Քաղաքականությունը, ի թիվս բազմաթիվ գործոնների, առաջին հերթին կառուցվում է մտքի ու զգացմունքների վրա։ Քաղաքական մտքի շնորհիվ ծնվում են քաղաքական գաղափարները, դրանց հիման վրա՝ ծրագրերը, իսկ զգացմունքները նորմալ պայմաններում ծառայեցվում են այդ ծրագրերի հանրայնացման, հասարակության լայն շրջանակներին հասանելի դարձնելու համար։

Որևէ քաղաքականություն՝ սկսած պետականից, մինչև կուսակցական ու ընդդիմադիր շարժման հիմքում դրված, կարող է հաջողել միայն այն դեպքում, երբ այդ երկու բաղադրիչների՝ մտքի ու զգացմունքների միջև կա հավասարակշռություն, երբ դրանք քաղաքական գործունեության վերջնարդյունքում ներկայանում են անհրաժեշտ ու խելամիտ չափաբաժիններով։ Չի կարող քաղաքականությունն արդյունավետ լինել, եթե սահմանափակվում է միայն բանականությամբ, հաշվարկներով, ինչպես որ դատապարտված է ցանկացած քաղաքականություն, որը կազմված է միայն էմոցիաներից։

Այս հավասարակշռությունը սարսափելիորեն խախտված է՝ ինչպես Հայաստանի պետական քաղաքականության, այնպես էլ՝ ընդհանուր առմամբ, քաղաքական իրականության մեջ։ Իշխանությունն ու անվանական ընդդիմությունն իրենց քաղաքականություններն իրականացնում են կոպտորեն ոտնահարելով այդ հավասարակշռության պահպանման կանոնը, բայց յուրաքանչյուրը դրա համար ունի իր դրդապատճառները։

Իշխանության քաղաքականությունը, հիմնականում՝ քարոզչության մեծ չափաբաժնով արտահայտվող ներքին քաղաքականությունը, առաջին, մակերեսային դիտարկմամբ՝ հիմնված է առավելապես էմոցիաների վրա՝ չնայած գերնյութականացված փաթեթավորմանը։ Իշխանության քաղաքականության հիմքում անգամ ոչ թե էմոցիաներ են, այլ մարդկային ցածրակարգ բնազդներ, որոնք ներկայանում են՝ որպես զգացմունքներ։ Վախ, տագնապ, կորստի վտանգ, հետապնդումներ, բռնաճնշում և այսպես շարունակ… Բոլոր այս և մի շարք այլ բնազդներ սպասարկվում են պատերազմի սպառնալիքը ներկայացնելով և դրանից ամեն գնով խուսափելու իշխանության քայլերը որպես փրկություն մատուցելով։

Կարդացեք նաև

Եվ չնայած առաջին հայացքից կարող է թվալ, թե իշխանությունն իր քաղաքականությունը կառուցում է միայն բնազդային էմոցիաների վրա, իրականությունը միանգամայն այլ է։

Իշխանությունն իրականացնում է շատ կոնկրետ, ծրագրված, արտաքին դերակատարների հետ հայկական շահերի, պետության ինքնիշխանության զոհաբերման հաշվին վարվող պրագմատիկ քաղաքականություն, որի գերնպատակը սեփական իշխանության, աթոռի պահպանումն է։ Իսկ որպես քարզչություն՝ տեսանելի էմոցիոնալ բաղադրիչն ընդամենը սպասարկում է այդ կոնկրետ՝ մտքի, հաշվարկի վրա հիմնված քաղաքականությունը։ Այսինքն՝ իշխանությունն արտաքուստ խախտելով քաղաքականության մտավոր ու զգայական բաղադրիչների հավասարակշռությունը, իրականում դա անում է սեփական ծրագրի (դրա կեղտոտ, հակապետական, հակաազգային բնույթն այլ քննարկման նյութ է) իրականացմանը նպաստելու նպատակով։ Եվ դեռևս հաջողում է։

Միանգամայն այլ է պատկերն ընդդիմադիր քաղաքական իրականությունում։ Չնայած փոքր թվով կուսակցությունների ու ավելի շատ թվով անհատների՝ հանրային ընկալման վրա ոչ այնքան մեծ ազդեցություն ունեցող գործունեությանը, այստեղ մենք շատերի մոտ տեսնում ենք գրեթե միայն էմոցիա՝ առանց մտքի։ Այսինքն՝ շատերի մոտ զգայական փաթեթավորում է, որի տակ լայն իմաստով դատարկություն է՝ ծրագրի, անելիքի, քաղաքական գործողության բացակայություն։ Եվ եթե իշխանությունը բնազդային-էմոցիոնալ գործիքների միջոցով հաշվենկատորեն իրականացնում է իր ծրագիրը, ապա ընդդիմության՝ դրան իբրև թե հակադրվել փորձող հատվածը, ծրագրի բացակայության պատճառով, հանրությանը մատուցում է միայն հայրենասիրական էմոցիա՝ առանց կոնկրետացնելու, թե ինչպես, ինչ գործիքներով է պատրաստվում այդքան հուզիչ հնչող հայրենասիրությունը վերածել քաղաքական գործողության ու դրանով կանխել իշխանության՝ այդ նույն հայրենիքին ամեն օրվա հետ հասցվող վնասները։

Առանց էմոցիայի չի կարող լինել քաղաքականություն, բայց քաղաքականություն չի կարող լինել նաև միայն էմոցիայով։ Նաև այստեղ է թաքնված այսօրվա հայկական իրականության արատների մեծ մասը, որոնց վերացման մասին գրեթե բոլորը գերադասում են չխոսել, քանի որ խոսքը, ոչ էմոցիոնալ ու ոչ արցունքաբեր պոռթկումը, այդուհանդերձ միտք ու բանականություն է պահանջում, որը, եթե անգամ կա, խլանում է զգայական ծափահարությունների ներքո։  

Հարություն Ավետիսյան 

Տեսանյութեր

Լրահոս