Մերձավոր Արևելքում վաղուց «կաթսան դրված է կրակի վրա». Լիբանանը լքող հայերի համար, դժբախտաբար, առաջին երկիրը Հայաստանը չի լինելու. ՀՀ-ի եղածը միայն մաղթանք ու բաժակաճառ է. Սևակ Հակոբյան

Իսրայելական ուժերը շարունակում են հարվածներ հասցել Լիբանանի հարավին։ Այդ հարվածների հետևանքով՝ այսօրվա դրությամբ Լիբանանում զոհերի թիվը հասել է 558-ի, նրանցից 50-ը երեխա են, 94-ը՝ կին, վիրավորների թիվը հասել է 1835-ի։ Այս մասին տվյալներ է հաղորդել Լիբանանի առողջապահության նախարար Ֆիրաս Աբիադը։

Վերջին մի քանի օրերի ընթացքում երկուստեք հարվածներն ավելի ինտենսիվ բնույթ են կրում։

Լիբանանի «Զարթօնք» հայկական օրաթերթի խմբագիր, մտավորական, հասարակական գործիչ Սևակ Հակոբյանի փոխանցմամբ՝ Լիբանանի հարավում հայեր չեն բնակվում։ Լիբանանը համայնքային երկիր է, շրջանները հայտնի են իրենց բնակչության միատարրությամբ։

«Այն շրջանները, որոնք Իսրայելի կողմից ռմբակոծվում են շիա համայնքին պատկանող շրջաններ, որոնցում, ըստ Իսրայելի՝ «Հեզբոլլահը» զինվորական կենտրոնակայաններ ունի։ Եթե աշխարհագրորեն խոսենք, ապա Լիբանանի հարավը հենց Իսրայելի ու Պաղեստինին սահմանակից, սահմանամերձ գյուղերը, առավել ևս՝ մայրաքաղաք Բեյրութն ունի մի հարավային արվարձան, որը բնակեցված է «Հեզբոլլահի» համակիրներով։ Բեյրութի ամենավտանգավոր հատվածը հենց սա է։

Կարդացեք նաև

Սա չի նշանակում, որ ողջ երկիրը ցնցված չէ, բնականաբար, ներքին գաղթը շատ պետք է լինի, և, բնականաբար, վտանգավոր շրջաններից մարդիկ պետք է հաստատվեն համեմատաբար ավելի անվտանգ շրջաններ, որտեղ հայեր կան»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Սևակ Հակոբյանը՝ խոսելով Լիբանանում ստեղծված իրավիճակի ու հայ համայնքի մասին։

Նրա կարծիքով՝ վտանգավոր շրջաններից խաղաղ բնակիչները կարող են ապաստանել կրթական օջախներում, դրանց մեջ կարող են ընդգրկվել նաև հայկական վարժարանները, հատկապես որ, այս պահին աշակերտները դպրոց չեն հաճախում։

Հարցին, թե ստեղծված իրավիճակում ՀՀ իշխանությունն ի՞նչ կարող է անել Լիբանանում բնակվող հայերի համար, Սևակ Հակոբյանը պատասխանեց, որ իշխանությունները քայլեր պետք է վաղուց ձեռնարկեին, քանի որ սցենարները փոխվում են, բայց Մերձավոր Արևելքում վաղուց «կաթսան դրված է կրակի վրա»։

«Հայերը Սիրայից, Իրաքից, Իրանից, Եգիպտոսից, առանց կողմնորոշվելու ու հստակ ուղղություն ունենալու, գաղթեցին։ Նրանց մեծ մասն ունեին լավ կրթություն, որոնք կարող էին հայրենիքին օգտակար լինել, սակայն Հայաստանը դրանից չօգտվեց, քանի որ չունի հայրենադարձության հստակ ծրագիր, եղածը միայն մաղթանք ու բաժակաճառ է։ Սա է պատճառը, որ հայերը տարբեր տեղերից, թողնելով՝ վերադարձան ոչ թե Հայաստան, այլ գնացին արևմտյան երկրներ»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Թե ի՞նչ տրամադրություններ կան Լիբանանի հայության շրջանում, հնարավո՞ր է՝ իրավիճակի ավելի թեժանալու դեպքում, նրանք սեփական միջոցներով գան Հայաստան, Սևակ Հակոբյանը պատասխանեց, որ շատ լիբանանահայեր վերջին տարիների ընթացքում, մասնավորապես՝ այնտեղ տնտեսական ճգնաժամի պատճառով, թողել էին Լիբանանը և հաստատվել Հայաստանում, դժբախտաբար, շատ քիչ կարողացան դիմանալ, քանի որ Հայաստանում կյանքը շատ է թանկացել։

«Դրա համար նրանք լքեցին Հայաստանը, մի մասը կրկին վերադարձավ Լիբանան, մյուս մասը հաստատվեց այլ երկրներում։ Մարդը որքան էլ հայրենասեր լինի, նման պայմաններում համբերություն չունի ապրելու։ Հետևաբար՝ հիմա իրատեսական չէ, որ նրանք կրկին Հայաստան գալու մասին մտածեն։ Դժբախտաբար, Հայաստանի իշխանությունը նախապես, և հիմա՝ հատկապես, չունեցան տեսլական այդ մարդկանց պահելու, ուստի դժվար թե Հայաստան գալու մասին մտածեն, ուստի Լիբանանը լքող հայերի համար, դժբախտաբար, գնալու առաջին երկիրը Հայաստանը չի լինելու»,- եզրափակեց Սևակ Հակոբյանը։

Տեսանյութեր

Լրահոս