Փաշինյանի օրոք հարամ են եղել բոլոր սգո և տոնական օրերը. Արմեն Աշոտյան
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը հերթական դատական նիստից հետո ավանդաբար պատասխանեց 168․am-ի հարցադրումներին։
168․am-ն ընդդիմադիր գործչից մասնավորապես հետաքրքրվում էր, թե ինչու էին նախօրեին լռել իշխանական խոսափողները։
– Արցախի կորստից մեկ տարի անց Նիկոլ Փաշինյանը խոսում է ամեն ինչից՝ ծխից, ասֆալտից ու ճանապարհներից, բացի Արցախից։ Ինչո՞ւ։
– Ես նայեցի նաև Հայաստան-Սփյուռք ֆորումի իր ելույթը․ համաշխարհային քաղաքականության պատմության մեջ «նոու-հաու» էր Փաշինյանի կողմից հերթական։ Այսինքն՝ ազատվենք Արցախից, որ լավ ապրենք։ Ինձ թվում է՝ ԱՄՆ-ը, օրինակ, պետք է այդ օրինակը վերցնի, մանավանդ՝ ոնց որ հավանում է Նիկոլի քաղաքականությունը․ ազատվի Տեխասից, նվիրի Մեքսիկային, որ լավ ապրի։ ՌԴ-ն կարող է վերցնել՝ իր տարածքները նվիրի աշխարհով մեկ, լավ ապրի․․․
«Նոու-հաու»-ներին վերաբերող էլի մի բան հիշեցի․ ասում է՝ պարզվում է, մեր հայրենասիրության կայսերական մոդել է եղել, ես չգիտեի, որ այդ մոդելի կայսերական լինելուն (ըստ ամենայնի՝ Կրեմլից) ժամանակին մասնակից է եղել Մովսես Խորենացին, Մեսրոպ Մաշտոցը, Եղիշեն․․․ Այսինքն՝ Մոսկվան՝ Կրեմլը, դեռ չի եղել, բայց տակից՝ մ.թ.ա.-ից, միջնադարից հայրենասիրություն է քարոզել։
Հիշեցնեմ ընդամենը մի բան՝ Հայոց ցեղասպանության առաջին միջազգային ճանաչումը 1965 թվականին Ուրուգվայն է եղել․ դժվար Սովետը ստիպեր, որ Ուրուգվայը ճանաչեր Ցեղասպանություն՝ հանուն գեոպոլիտիկ խաղերի։
Ի դեպ, Արցախը Հայաստանի մաս առաջին անգամ ճանաչել է Եվրախորհրդարանը՝ 1988 թվականին, ու գրված է՝ Մոսկվան «քըխ» է, հայերը ճիշտ են, Արցախը պետք է միանա Հայաստանին։
Սա է իրականությունը․ մնացածը սուտ է՝ մանիպուլյացիայով փաթեթավորված, վրան էլ կեղծիքով բանտիկ է արված:
– Վաղը Անկախության օրն է․․․
– Նիկոլի օրոք հարամ են եղել բոլոր տոնական և հիշատակի օրերը․ ոչ մի տոնական օր այլևս տոնական չէ, ոչ մի սգո և հիշատակի օր վաղուց սգո և հիշատակի չեն․ սգո և հիշատակի օրերը վաղուց պղծված են, տոնական օրերը վաղուց արժեզրկված են։
Սեպտեմբերի 21-ից զատ՝ հիշեք, որ հարամ են արվել Հունվարի 28-ը, Մայիսի 8-ն ու 9-ը, Մայիսի 28-ը, և այլն։
Մանրամասները՝ տեսանյութում