Մոսկվան կտրականապես համաձայն չէ Փաշինյանի հետ. Պեսկով
Կրեմլը կտրականապես համաձայն չէ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի գնահատականների հետ, կազմակերպությունը որևէ վտանգ չի ներկայացնում հանրապետության ինքնիշխանությանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք կտրականապես համաձայն չենք պարոն Փաշինյանի հետ։ ՀԱՊԿ–ից որևէ սպառնալիք չի կարող և չի բխում Հայաստանի ինքնիշխանության համար։ Հակառակը, այդ կազմակերպությունը պաշտպանում է անդամ պետությունների ինքնիշխանությունը։ Սակայն մենք այդ դիրքորոշումը համբերատարությամբ կհասցնենք Հայաստանի ղեկավարությանը»,- ասել է նա լրագրողներին։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է նաև, որ ՌԴ–ն շարունակում է և շարունակելու է շփումը Հայաստանի հետ։
«Հայաստանի հետ մենք շարունակում ենք և շարունակելու ենք շփվել։ Անկասկած, այն մեր մոտ գործընկերն է», – ասել է նա լրագրողներին` պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվան և Երևանը կշարունակեն շփվել։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀԱՊԿ-ը սպառնալիք է ՀՀ գոյության համար։ «ՀԱՊԿ-ում մեր անդամակցությունը սառեցրել ենք ոչ միայն այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը չի ապահովում Հայաստանի նկատմամբ իր ունեցած անվտանգային պարտավորությունները, այլ այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար»,- ասել է նա։
Փաշինյանը հայտարարել է, որ շատ է քննարկվում այն հարցը՝ արդյոք Հայաստանը փորձելու է կամ մտածում է ՀԱՊԿ վերադառնալու մասին:
«Լիարժեք կվերականգնենք ՀԱՊԿ-ում մեր գործունեությունը միայն այն պարագայում, երբ մեր բարձրացրած հարցերին հնչեն կոնկրետ պատասխաններ։ Մեր շեշտադրումներից անցել է երկու տարի, պատասխաններ ոչ միայն չեն հնչել, այլ արդեն ակնհայտ է, որ չեն հնչելու: Ինչքան այդ պատասխանները չեն հնչում, ամեն րոպեի ու վայրկյանի հետ ՀՀ-ն ավելի է հեռանում ՀԱՊԿ-ից:
Եթե մենք դեռ չենք անցել անդառնալիության կետը, մեծ է հավանականությունը, որ այս իրավիճակի շարունակվելու դեպքում մենք կանցնենք անդառնալիության կետը, և որևէ մեկը մեզ մեղադրելու լեգիտիմ առիթ ու պատճառ չի ունենա»,-ընդգծել է Փաշինյանը: