ԱԱԾ-ն կուզի՝ թող լսի, Մայր աթոռը թաքցնելու բան չունի, եկեղեցին մշտապես պետք է ասի իր խոսքը. աղանդները սպառնալիք են ազգային անվտանգությանը. Գևորգ եպիսկոպոս Սարոյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկի Սեյրանյանի հյուրը Հայ Առաքելական եկեղեցու Մասյացոտն թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Թե՛ Մյուռոնօրհնությունը, և թե՛ Մայր տաճարի վերաօծությունը համազգային նշանակության իրադարձություններ են, և համայն հայությունը սրտատրոփ սպասում է դրանց։ Տաճարի հիմնանորոգման աշխատանքները տևել են գրեթե 7 տարի, հետազոտական աշխատանքների հետ միասին՝ 12 տարի։ Մեր ժողովուրդը յուրահատուկ հոգևոր խորը կապվածություն ունի Մայր Տաճարի հետ, և դա էր պատճառը, որ վերջին տարիներին մեզ պատուհասած դժբախտությունները ժողովուրդը կապում էր Տաճարի փակ դռների հետ։ Բայց դա այդպես չէ։ Դա նախապաշարմունք է։ Տաճարը փակ էր բացառապես հիմնանորոգման համար։ Մեր ազգին պատուհասածն օբյեկտիվ պատճառներ ունի։

Կարդացեք նաև

  • Մերօրյա Հայաստանն ունի քաղաքակրթության ինքնության խնդիր։ Տարբեր ուղղվածություն ունեցող խմբեր կան, ու նրանց մեջ լարումն առկա է։ Ես չգիտեմ՝ ով էր Տաճարի խաչը սղոցելու փորձ անողը՝ այդ խմբերի անդա՞մ էր, թե՞ խելագար։ Մեր հասարակությունն ունի նաև հանրային համակեցության խնդիր։ Քաղաքական բևեռացումը հասել է նաև հանրային համակեցությանը։ Պետք է վերականգնել դա։ Մենք հիմնական շեշտը դնում ենք մյուռոնի՝ ազգը համախմբող իմաստի վրա։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հեղափոխությունից օրեր անց՝ ապրիլի 29-ին, մի մարդ, բարձրանալով Մայր տաճարի վրա, փորձել էր տաճարի խաչը սղոցել՝ խաչի փոխարեն երկաթյա վարդ տեղադրելու նպատակով:

  • Մայր աթոռն ամեն ինչ թափանցիկ է անում, ԱԱԾ-ն կուզի՝ թող լսի։ Մենք մեր առաքելության մեջ ենք։
  • Տաճարի վերաօծման արարողությանն իշխանություններին հրավիրելու մեջ ես վատ բան չեմ տեսնում։ Ընդհակառակը, ես այստեղ տեսնում եմ մեր եկեղեցու լայնախոհությունը։ Թող բոլոր հայ մարդիկ, ովքեր իրենց ճակատին մյուռոն են կրում, ներկա լինեն։ Հայ ժողովրդին պառակտողները մյուռոնին էլ են դեմ։ Եկեղեցու՝ բոլորին հրավիրելու քայլը պետք է ազդակ լինի բոլորին։ Արդյո՞ք մենք ցանկանում ենք համախմբվել, թե՞ ցանկանում ենք շարունակել պառակտվել։ Այդ հրավերը թաքուն չի եղել։ Մայր աթոռը թաքցնելու բան չունի։
  • Այո՛, կան եկեղեցի-պետություն անհամաձայնություններ։ Իշխանություններին այդ միջոցառումներին հրավիրելը դեռ չի նշանակում, որ այդ անհամաձայնությունները հարթվել են։ Իհարկե, շատ կուզենք, որ հարթվեն, միմյանց միջև չարությունը, մերժողական տրամադրությունները մարեն։
  • Եկեղեցին չի որոշում՝ իշխանությունը կմնա՞, թե՞ կգնա։ Դա ժողովուրդն է որոշում։ Ես չեմ կարծում, որ հայ եկեղեցուն պետք է իջեցնել այն մակարդակին, որ ներկայացվի, թե հայ եկեղեցին ազդեցություն ունի քաղաքական գործընթացների վրա։ Հայ եկեղեցու առաքելությունն Ավետարան քարոզելն է, բայց եթե հայ եկեղեցին մտածում է, որ մեզ վտանգ է սպառնում, պետք է ասի այդ մասին։ Մեր եկեղեցին մշտապես իր խոսքը, ճշմարտությունը պիտի ասի։
  • Սկզբում աղոթում են նրանց համար, ում շատ են սիրում, և աղոթում են նաև չարերի համար, որ դարձի գան չար ճանապարհից։ Աղոթում ենք անգամ եկեղեցին քարկոծողների, մեր սրբություններն անարգողների համար։ Եկեղեցին ոչինչ չի պարտադրում, եկեղեցին քարոզում է, հորդորում։

  • Այս տարիների ընթացքում եղել են անարժապատիվ ձևակերպումներ ու խոսքեր։ Չեմ ուզում մասնավորեցնել, որ շատ չքաղաքականացվի, եղել են այդպիսի բաներ, բայց հայ եկեղեցին անձերին չի նայում, իրականությանն ավելի լայն հայացքով է նայում։
  • Կան խորհրդանիշներ, որոնք համազգային նշանակության են, որ դրանց չպետք է կպչել։ Թույլ են տրվել բաներ, որ հայ մշակույթին, հայ քաղաքակրթական ինքնությանը բնորոշ չեն։ Հայոց եկեղեցին Մյուռոնօրհնության արարողությամբ օրինակ է տալիս միմյանց ներելու։ Ազգի ոգին պետք է միաբանվի։ Պառակտված վիճակը կործանարար է։ Հրավիրել ենք բոլորին, այդ թվում՝ Հայաստանի նախկին բոլոր նախագահներին։
  • Հայոց եկեղեցին երբեք ազգի զավակներին իրար դեմ չի հանել, միշտ փորձել է համերաշխություն հաստատել նրանց միջև։ Հայոց եկեղեցին Խորհրդային պետություն է տեսել ու հաղթահարել։
  • Այլ եկեղեցիներում մյուռոնն օգտագործվում է սոսկ մկրտության համար։ Մեզ մոտ այն ավելի լայն նշանակություն ու կիրառելիություն ունի։
  • Տաճարի հիմնանորոգման ժամանակ պարզվեց, որ Ագաթանգեղոսի մոտ հիշատակված վարկածը, որ Տաճարն ի սկզբանե խաչաձև է եղել, իրականություն է։
  • Այո՛, Եհովայի վկաները շատ հետևողական են ու իրենց դեմ պայքարողներին դատի են տալիս։ Մինչդեռ նրանք հոգեորսությամբ են զբաղվում։ Երբ ՌԴ-ում արգելվեց այդ կազմակերպությունը, նրանց մի մասը եկավ Հայաստան։ Ես մեր իրավապահների հետ էլ եմ խոսել։ Նրանց մոտ բռնության մի քանի տեսակ կա՝ սկսած հոգևոր բռնությունից, ավարտած ֆիզիկական բռնությամբ։ Բացի դրանից, աղանդավորներին ստիպում են տասանորդ տալ։ Շատերին համոզում են, որ իրենց ունեցվածքը կտակեն իրենց։ Մարդիկ ենթարկվում են հոգևոր թրաֆիքինգի, ոմանք հոգեկան շեղումներ են ստանում… Ո՞վ պետք է զբաղվի այդ մարդկանց իրավունքների պաշտպանությամբ։ Եհովայի վկաների համար չկա հայրենիք, մերժում են բանակում ծառայելը… Այդ մարդիկ, նման կազմակերպությունները սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը։ Մեկ օր շուտ նրանց դեմը պետք է առնել։ «Եհովայի վկա» աղանդն անգամ արգելված է եվրոպական որոշ երկրներում, որովհետև նրանք մերժում են, օրինակ, արյան փոխներարկումը։ Էլ չեմ ասում այն մասին, որ այս մարդիկ ազատված են բանակում ծառայությունից։ Սա համապետական կարևորության հարց է։

  • Ժողովրդի մեջ արթնացում է տեղի ունեցել։ Մեր հովիվներն աշխատանք են տանում։ Բայց սա համազգային, պետական խնդիր է։ Շատ եմ վերջերս լսում, որ մեր հովիվները պատմում են՝ այսօր եհովականի կամ հոգեգալստականի պսակեցինք…
  • Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) ուշադրությունը մի քանի անգամ հրավիրել ենք աղանդավորների հետ կապված մարդու իրավունքների խախտումների խնդիրների վրա։ Ոչ մի պատասխան չենք ստացել։
  • Շարժման վերաբերյալ ինչ մտածում եմ, Բագրատ սրբազանին ասել եմ։ Չեմ ուզում հիմա բարձրաձայնել, որպեսզի իմ մեկնաբանությունը չծառայի որևէ կողմի քաղաքական նպատակներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս