Ո՞վ և ինչո՞ւ ակտիվացրեց նոյեմբերի 9-ի փաստաթուղթը և, այսպես կոչված, միջանցքի թեման
Այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք պրոյեկտը» կամ 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետը ռեգիոնալ մասշտաբի տարաձայնությունների պատճառ է դարձել։
Ուշագրավն այն է, որ վերջերս հայտնի դարձավ, թե Խաղաղության համաձայնագիրը կկնքվի, կողմերը եկել են համաձայնության, որ այդ հարցը կթողնվի հետագա քննարկումներին, սակայն կարճ ժամանակ անց հաղորդակցությունների ապաշրջափակման թեման վերադարձավ ակտիվ օրակարգ, և այդ մասին խոսեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ցավոք, Հայաստանի Սյունիքի տարածքով հաղորդակցության հարցում հենց Հայաստանի ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում պայմանավորվածությունը, որի տակ դրված է վարչապետ Փաշինյանի ստորագրությունը: Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը։ Եռակողմ հանդիպումների և փաստաթղթերի շրջանակում դրված հիմքն ամբողջովին պահպանում է իր արդիականությունը»,- օգոստոսի 19-ին Բաքվում Պուտին-Ալիև հանդիպումից հետո Ռուսաստանի Առաջին ալիքի հետ զրույցում ասել էր Լավրովը, որին հաջորդեցին մեկնաբանություններ Երևանից, ապա՝ Թեհրանից։
Իրանցի քաղաքական գործիչներ, ԱԳՆ ներկայացուցիչներ խոսեցին, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի անթույլատրելիության մասին, ընդգծելով ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը։
Դիվանագիտական հայտարարություններն Իրանից այնքան սրվեցին, որ Իրանի ԱԳՆ հրավիրվեց ՌԴ դեսպանը, ապա Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը մեկնեց Սանկտ Պետերբուրգ ԲՐԻԿՍ-ին առնչվող մի միջոցառման՝ քննարկելու համար նաև, այսպես կոչված, միջանցքի հարցն իր ռուս գործընկերների հետ։
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն նախօրեին հայտարարել է, որ իր երկիրը հավատարիմ է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ Իրանի հետ նախկին պայմանավորվածություններին։ «Ռուսաստանը հավատարիմ է Զանգեզուրի հետ կապված Թեհրանի հետ նախկին պայմանավորվածություններին, Մոսկվայի քաղաքականությունն այս հարցում ընդհանրապես չի փոխվել»,- ասել է նա։ Նա հավելել է, որ ՌԴ-ն աջակցում է Իրանի Իսլամական Հանրապետության ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը Պարսից ծոցում գտնվող երկրի եռյակ կղզիների նկատմամբ: Իր հերթին՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նախօրեին պնդեց, որ Իրանը պարզաբանումներ է խնդրել ու ստացել, Իրանի ու ՌԴ-ի միջև այդ հարցով չկան տարաձայնություններ, պարզապես թեման շատ է մանիպուլացվում, ասաց նա, ընթերցելով նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետը։
Բացի այդ, նա հայտարարեց, որ Ռուսաստանը Հայաստանից պաշտոնական հայտարարություններ չի ստացել Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների դենոնսացիայի ցանկության մասին։
«Մենք նման ցանկության մասին չենք լսել։ Այդ մասին չի հայտարարվել ոչ դիվանագիտական խողովակներով, ոչ էլ հասարակական դաշտում։ Ես նման բան չեմ տեսել։ Մենք երբեք նման բանի չենք հանդիպել»,- ասաց Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում հետ կանչել ստորագրությունը հայտարարությունից։
Զախարովան նաև նշել է, որ ՌԴ ԱԳՆ-ն նկատում է՝ ինչպես առկա փաստաթղթերը, այնպես էլ՝ դրանց դրույթները շահարկելու փորձեր։
«Ի վերջո, խոսքը միջազգային իրավունքի մասին է, փաստաթղթերի մասին, որոնք ստորագրված են կողմերի կողմից, և որոնց կողմերը պարբերաբար հղում են կատարում։ Եվ ոչ միայն դա, նրանք խոսում են փաստաթղթերի մասին և մեջբերում փաստաթղթեր, որոնք իրագործվում են ոչ թե կախարդական փայտիկի թափահարումով, այլ իրենց ներդրումն ունեցող մարդկանց միջոցով, ովքեր զոհաբերում են ոչ միայն իրենց ժամանակը, այլ երբեմն իրենց կյանքը, որպեսզի գրվածն իրականություն դառնա»,- ասել է Զախարովան՝ հավելելով, որ «անհնար է փաստաթղթերի մեջբերումներին այդքան անլուրջ վերաբերվել, եթե ոչ՝ անպատասխանատու»:
Ակնհայտ է, որ ռուսական կողմն իր միջնորդական ջանքերին զուգահեռ՝ ակտիվացրեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի իրականացման թեման, դրանով իսկ փորձելով Բաքվին ներքաշել ռուսական հարթակ՝ ամենևին ուշադրություն չդարձնելով այդ հայտարարության՝ Ադրբեջանի չիրականացրած այլ կետերի վրա։ Գուցե սրա պատճառը ՀՀ իշխանությունների արատավոր արտաքին քաղաքականությունն է, սակայն ռուսական քաղաքականությունը ևս խնդրահարույց է, հաշվի առնելով հանգամանքը, թե ինչպիսի խոշոր շահեր են ներկայումս կապում Ռուսաստանին ու Ադրբեջանին։
Ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Ռուսաստանը որևէ նոր բան չի հայտարարում, այս ֆոնին զարմանալի են այն հայտարարությունները, որոնք հնչում են թե ՀՀ-ից, թե Իրանից։
Նա հիշեցրեց, որ չնայած բանակցային գործընթացի անկայունությանը, Արևմուտքից Ռուսաստան տեղափոխվելուն, և հակառակը, ՌԴ-ն մշտապես հավատարիմ է մնացել նոյեմբերի 9-ի հայտարարության կետերին և հայտարարել, որ կարգավորման հիմքը ՌԴ-ի տեսանկյունից հենց այդ փաստաթուղթն է, որը կանգնեցրել է պատերազմը Հայաստանի ու Ադրբեջանի ցանկությամբ։
«Ռուսաստանի որևէ դիրքորոշում այս մասով չի փոխվել և, կարծում եմ՝ պետք է որ Իրանի համար ևս սա խնդիր չլինի, քանի որ Իրանը ծանոթ է այս փաստաթղթերին, և չեմ կարծում, որ դեմ է ռուս սահմանապահների վերահսկողական գործառույթներին, որոնց մանրամասները, ինչպես հասկանում եմ, պետք է քննարկվեն եռակողմ հանձնաժողովի ընթացքում։
Միանշանակ է, որ Իրանն այս տարբերակին ավելի կողմ է, քան արևմտյան որևէ տեսակի ներկայության ՀՀ-ում և ռեգիոնում։ Պարզապես, ըստ իս, թերըմբռնում է եղել Իրանի մոտ, և նախաձեռնված շփումները պետք է որ չեզոքացնեն առկա հարցերը։ Իրանի համար այս ամենը նորություն չէ։ Այլ հարց է, որ ՀՀ-ն է իսկապես դիմադրում ռուսական ներկայությանը ՀՀ-ում, քանի որ մտադիր է առկա ներկայությունն էլ դուրս բերել, առավել ևս՝ չավելացնել այն»,- ասաց վերլուծաբանը։
Նրա խոսքով, ՀՀ իշխանությունները գուցե փոքր-ինչ փոխել են իրենց հռետորաբանությունը ՌԴ իշխանությունների նկատմամբ, սակայն իրական, խորքային մոտեցումը, ինչպես տեսնում ենք, չի փոխվել։ «Դա երևում է հենց նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեկնաբանումից։ Ամենայն հավանականությամբ, ՀՀ իշխանությունները ցանկանում էին երկկողմ բանակցություններով այլ պայմանավորվածություն ունենալ Ադրբեջանի հետ, սակայն ես բացառում եմ, որ թեկուզ երկկողմ ձևաչափով Երևանը կարողանալու է իր օրակարգն առաջ մղել»,- ասաց նա։
Վրացի քաղաքական վերլուծաբան Իրակլի Մենաղարիշվիլին մեզ հետ զրույցում, անդրադառնալով թեմային, ասաց, որ, բնականաբար, գուցե կողմերն ինչ-որ փուլում համաձայնության էին եկել այս հարցին անդրադառնալ համաձայնագրի ստորագրումից հետո, սակայն ՌԴ-ն, որն առաջարկում է դառնալ համաձայնագրի կնքման միջնորդ, ստիպված է կողմերին ինչ-որ ծառայություն մատուցել։ «Այլապես ինչո՞ւ է կողմերին հարկավոր ՌԴ մասնակցությունը գործընթացին։
Ուստի նոյեմբերի 9-ի հայտարարությունն է քննարկվում՝ որպես բանակցային հիմք։ Այստեղ անհասկանալի է Իրանի դիրքորոշումը, որն ակնհայտորեն արձագանքում է ոչ պատահականորեն։ Հաշվի առնելով իրանական դիվանագիտության ավանդույթները, նրանք նման հայտարարություններ անում են, երբ կան իսկապես ռիսկեր։ Սակայն ներկայումս բարդ է ասել, թե կոնկրետ ինչ դիմակայություն է ընթանում։ Խնդիրն այն է, որ գուցե երկկողմ մակարդակում ևս կողմերը չկարողանան համաձայնության գալ այս և այլ հարցերի շուրջ։ Եվ տպավորություն է, որ բավականին խճճված պրոցես է ընթանում»,- ասաց նա։