Խաղաղության համաձայնագի՞ր, թե՞ ՀՀ-ից նոր զիջումներ կորզելու գործընթաց. Բաքուն գործընթացը մտցնում է փակուղի

44-օրյա պատերազմից հետո բանակցվող Երևան-Բաքու, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը փակուղի է մտել։ Մինչ ՀՀ իշխանություններն ամեն հնարավոր և անհնար առիթով հայտարարում են, թե առկա տեքստը գրեթե համաձայնեցված է և պատրաստ ստորագրելուն, Բաքուն Երևանի առջև բարձրացնում է ՀՀ Սահմանադրության փոփոխության, ինչպես նաև Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի հարցը, որը նրանք որակում են «միջանցք», կամ պահանջում են սահմանել անխոչընդոտ ռեժիմ։

ՀՀ իշխանությունները նշում են, որ կարող են ստորագրել արդեն իսկ համաձայնեցված տեքստը, որը ներառում է նաև դիվանագիտական հարաբերությունների հաստատում, հետագայի բանակցություններին թողնելով մնացած հարցերը, նաև նշելով, թե մեկ փաստաթղթով հնարավոր չէ լուծում տալ բոլոր բարդ հարցերին։ Բաքուն ԱԳՆ մակարդակով նաև հայտարարում է ռազմագերիներին չվերադարձնելու մասին՝ նրանց անվանելով «պատերազմական հանցագործներ»։ Ըստ էության, ՀՀ իշխանությունները բախվել են նրան, ինչ զգուշացնում էր հայաստանյան ընդդիմությունը տևական ժամանակ, որ Ադրբեջանը խաղաղության չի ձգտում, այլ այդ իմիտացիոն գործընթացի միջոցով փորձում է նորանոր պահանջներ դնել Հայաստանի առջև։

Սրան զուգահեռ՝ պահպանվում է անորոշությունը հարցի վերաբերյալ, թե որտեղ համաձայնության դեպքում Երևանն ու Բաքուն կարող են ստորագրել համաձայնագիրը։ Արևմտյան հարթակում բանակցային վերջին փուլի տապալման ֆոնին կողմերին իրենց միջնորդական ծառայություններն են առաջարկում Ռուսաստանը, մինչև անգամ ՀՀ-ի հետ վերջերս դիվանագիտական հարաբերություններ հաստատած Հունգարիան, առաջարկելով Բուդապեշտը դիտարկել՝ որպես համաձայնագրի ստորագրման վայր։ Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն օրերս Երևանում, ինչպես նաև իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Բուդապեշտը պատրաստ է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար հարթակ տրամադրել»։

«Կովկասի ժողովուրդը նույնպես պետք է ստանա խաղաղ ապրելու իր իրավունքը, ուստի Բուդապեշտը պատրաստ է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար հարթակ տրամադրել»,- գրել էր Սիյարտոն։

Կարդացեք նաև

Հարկ է այստեղ հիշեցնել, որ Հունգարիան, որն այսօր հանդես է գալիս խաղաղասիրության դիրքերից, 2012թ. Ադրբեջանին արտահանձնեց 2004-ին Հունգարիայում հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովին, որն Ադրբեջան վերադառնալուց անմիջապես հետո հայտնվեց ազատության մեջ և պետական պարգևների արժանացավ, հերոսացվեց։ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը Հունգարիայի քայլն անվանել էր աններելի։

Այն ժամանակ Հունգարիայի ընդդիմությունը պնդում էր, որ վարչապետ Վիկտոր Օրբանն էր առանցքային դեր խաղացել Սաֆարովի էքստրադիցիայի հետ կապված ադրբեջանական իշխանությունների հետ կնքված գործարքում: Գաղտնիք չէ, որ Օրբանն առանձնահատուկ մտերմություն ունի Էրդողանի և Ալիևի հետ։ Ուստի միայն պետք է հուսալ, որ ՀՀ իշխանությունները նույնիսկ Ադրբեջանի համաձայնության դեպքում չեն ընդունի Հունգարիայի առաջարկը, ինչպես Արևմուտքը չընդունեց Օրբանի հենց վերջերս նախաձեռնած ջանքերը՝ դառնալ Ուկրաինայի հակամարտության միջնորդ, հայտարարելով, որ Օրբանը չի գործում Արևմուտքի «անունից»։

Բացի այս ամենից, վերջին օրերին ռեգիոնալ կապուղիների ապաշրջափակման թեմայի վերաբերյալ և մասնավորապես թուրք-ադրբեջանական «Զանգեզուրի միջանցք» պրոյեկտի անթույլատրելիության վերաբերյալ տարբեր մակարդակներում սուր հայտարարություններ է անում Իրանը։ Հայտնի դարձավ նաև այն, որ Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու BRICS-ի անդամ երկրների անվտանգության հարցերով բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը, ինչպես նաև քննարկելու տվյալ թեման։

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ իր երկիրը հավատարիմ է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ Իրանի հետ նախկին պայմանավորվածություններին։ Mehr-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է Սանկտ Պետերբուրգում Ալի Աքբար Ահմադիանի հետ հանդիպմանը։ «ՌԴ-ն հավատարիմ է Զանգեզուրի հետ կապված Թեհրանի հետ նախկին պայմանավորվածություններին, Մոսկվայի քաղաքականությունն այս հարցում ընդհանրապես չի փոխվել»,- ասել է նա։ Նա հավելել է, որ ՌԴ-ն աջակցում է Իրանի Իսլամական Հանրապետության ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը Պարսից ծոցում գտնվող երկրի եռյակ կղզիների նկատմամբ:

Բացի այդ, Զախարովան նախօրեին հայտարարեց, որ ՌԴ-ն այդ հարցում հավատարիմ է նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետին։ Նա ընթերցեց այն, որում խոսք է գնում այն մասին, որ ՀՀ-ն երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով, իսկ տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները:

Զախարովան ընդգծեց, որ ոչ Երևանը, ոչ Բաքուն իրենց ստորագրությունները չեն վերցրել այս հայտարարությունից, ակնարկելով, որ սա է դիտարկում ՌԴ-ն։ Ուշագրավ է, որ նա չկիրառեց իր արդեն ավանդական որակումը, որ ՌԴ իշխանությունները չեն գործածում «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը։ Ն.Փաշինյանն էլ իր հերթին հայտարարում է, թե երրորդ կողմերը չեն կարող ՀՀ տարածքում վերահսկողություն իրականացնել։

«168 Ժամ»-ի հետ զրույցում իրանցի վերլուծաբան Ալի Սալամին ասաց, որ Երևանն ու Բաքուն բանակցային երկար ճանապարհ են անցել, շատ հարցերի շուրջ համաձայնության են հասել, սակայն իրական վստահության մթնոլորտ կողմերի միջև չկա։ Նրա խոսքով, այդ մթնոլորտը հնարավոր է անկեղծ դիրքորոշումների պարագայում, որն էլ կարող է հանգեցնել իրական խաղաղության համաձայնագրի։

«Երբ կողմերը պարզապես բանակցում են, սակայն հետապնդում են միմիայն սեփական օրակարգը, ապա գործընթացը հենց նման հունով էլ ընթանում է։ Պակաս չէր նաև արտաքին՝ երրորդ ուժերի դերակատարությունը, որոնք 44-օրյա պատերազմից հետո այս ռեգիոն ներթափանցելու և այստեղ ազդեցության ոլորտներ փոփոխելու հարցն են փորձում լուծել՝ ռեգիոնալ երկրների շահերի հաշվին, առաջ մղելով սեփական՝ աշխարհաքաղաքական շահերը։ Իսկ Իրանը, հետապնդելով իր շահերը, որոնք էապես համընկնում են ՀՀ անվտանգային շահերին, նպաստում է ռեգիոնի կայունությանը և ոչ ընդհակառակը»,- մեկնաբանեց վերլուծաբանը։

Նրա խոսքով, պետք էր ենթադրել, որ նման անկայունության փուլում այս բարդ բանակցությունները չեն կարող ավարտին հասնել առանց խնդիրների։ «Կարծում եմ՝ այս իրավիճակը կշարունակվի այնքան, քանի դեռ աշխարհաքաղաքական իրավիճակը չի հանդարտվել և բազմաբևեռ աշխարհակարգը չի հաստատվել»,- ասաց նա։

Նրա տպավորությամբ, կողմերն այդ փաստաթուղթը գոնե ներկայումս և մոտ ապագայում չեն ստորագրելու, ինչը թույլ է տալիս կանխատեսել լարվածություն կողմերի միջև տարբեր ոլորտներում։ «Այս բանակցությունների հետ մեկտեղ՝ Իրանի դիրքորոշումները ճանապարհների վերաբերյալ կարևոր են, քանի որ դրանց քննարկման փուլում Իրանի դիրքորոշումները չեն կարող անտեսվել։ Եվ այս հայտարարություններով, ինչպես նաև այցով ՌԴ, Իրանն այդ խնդիրն է լուծում, ինչպես նաև փորձում Իրանի ու ՌԴ-ի դիրքորոշումները մերձեցնել այս հարցերի շուրջ, եթե դրանք տարբեր են»,- նկատեց նա։

Իր հերթին՝ ռուս վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը գտնում է, որ օգտվելով պատերազմի ծանր հետևանքներից՝ կողմերից մեկը փորձում է գնալ մաքսիմալիստական ճանապարհով։ Ըստ նրա, ընտրված այս ուղին ենթադրում է երկու ճանապարհ՝ կամ առճակատման շարունակություն, կամ կողմերից որևէ մեկի նահանջ իր դիրքերից։

«Երկրորդը պատկերացնելը բարդ է թե Բաքվի, թե Երևանի դեպքում, ուստի, կարծում եմ, իրավիճակը կշարունակվի ճնշումների բաղադրիչներով՝ թե դիվանագիտական, թե քաղաքական, և թե գուցե անվտանգային, որոնք կառավարելի կլինեն, առավելապես կզսպվեն Իրանի կողմից։ Սա ռիսկերով լի ժամանակաշրջան է, որքան փորձ է արվում դրանք նվազեցնել, նոր ռիսկեր ու մարտահրավերներ են ի հայտ գալիս, սա ինչպես քաղաքականության, հակամարտության բնույթի, այնպես էլ՝ ժամանակաշրջանի առանձնահատկությունն է»,- ասաց վերլուծաբանը։

Նրա կարծիքով, ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ կողմերն առանց միջնորդների չեն կարողանում համաձայնության գալ, թեև ՀՀ իշխանությունները գտնում են, թե դա հնարավոր է։

«Տեսնում եք, թե խնդիրների ինչպիսի քանակի հետ գործ ունի այս հակամարտությունը՝ աշխարհաքաղաքական ներկայիս վիճակ, փոփոխվող աշխարհ, ՌԴ ազդեցության փոփոխություն, ՌԴ երկկողմ հարաբերություններ կողմերի հետ, Արևմուտքի քաղաքականության փոփոխություն Հարավային Կովկասում, Իրան, Թուրքիա, Չինաստան, ԲՐԻԿՍ։ Ինչպես տեսնում ենք, այս փուլում լուծումները գրեթե չկան տարբեր ուղղություններով, այլ կա միայն անորոշության, տուրբուլենտության խորացում»,- նկատեց նա։

Տեսանյութեր

Լրահոս