Հայաստանն ունի մեկ խնդիր, և այդ մեկ խնդիրը դու ես
«Բնակավայրի խնդիրների ռեյտինգավորումը կնպաստի դրանց արդյունավետ լուծմանը. իմ խնդրանքը բնակավայրերի բնակիչներին»,- այսպես է վերնագրել Նիկոլ Փաշինյանը հեծանվավազքից ազատ ժամերին նկարահանված իր հերթական տեսանյութը, որում մարդկանց բացատրում է՝ քանի որ հնարավոր չէ բոլոր խնդիրները լուծել միաժամանակ, անհրաժեշտ է ռեյտինգավորել դրանք, առանձնացնել առաջին, երկրորդ, երրորդ խնդիրները՝ մնացած չորրորդ, հինգերորդ պրոբլեմները թողնելով մի կողմ։
Խնդիրն այն չէ, որ Փաշինյանը պետության ղեկավարի իր կարգավիճակն օգտագործում է տափակ թեմաներով դատողությունների, տվյալ դեպքում՝ իր համար միայն նոր բացահայտված կառավարչական, կազմակերպական տարրական կանոնների տարածման համար․ ինֆանտիլիզմի հասնող նրա պարզունակությունը վաղուց արդեն նորություն չէ։ Ավելի հետաքրքիր է, որ գիտակցելով, թե ոչ՝ Նիկոլ Փաշինյանն իր այդ ուղերձով հասարակությանը խնդրում է իրեն օր առաջ հեռացնել վարչապետի պաշտոնից։
Թեև Փաշինյանը խոսում է առանձին բնակավայրերի խնդիրների արդյունավետ լուծման մասին, բայց այդ մոտեցումը միանգամայն կիրառելի է նաև համապետական մասշտաբով։ Այսինքն՝ եթե արդյունավետ է մարզի կամ համայնքի խնդիրների լուծման համար ռեյտինգավորել դրանք, ապա նույն կերպ խիստ էֆեկտիվ է դասակարգել պետության առջև ծառացած խնդիրները և դրանք լուծել՝ ըստ առաջնահերթության։ Ահա այդ դեպքում, ցանկացած մեղսունակ քաղաքացի համապետական խնդիրների ռեյտինգավորման խնդրանքին ի պատասխան՝ առաջինը կնշի Նիկոլ Փաշինյանի անունը։ Հայաստանի բոլոր կենսական, գոյաբանական խնդիրները պայմանավորված են հենց նրա վարած քաղաքականությամբ, որոնք իշխանությունը փորձում է փոխհատուցել պայմանական ասֆալտով։
Հարցն այն չէ, որ ասֆալտապատումը կարևոր չէ քաղաքացիների համար, ոչ էլ անգամ այն, որ իշխանությունն առհասարակ որևէ դրական քայլ չի կատարում։ Բայց հենց խնդիրների ռեյտինգավորման, ընդ որում, դրանց նշանակության ու կարևորության ռեյտինգավորման տրամաբանությամբ, Նիկոլ Փաշինյանի գոյությունն ինքնին ՀՀ վարչապետի պաշտոնում իր նշանակությամբ այնքան մեծ խնդիր է, որը չի կարող մեղմվել, եթե ասֆալտապատվեն նույնիսկ երկրագնդի բոլոր մայրուղիներն ու արահետները։
Հայաստանը, իհարկե, ունի բազմաթիվ, հարյուրավոր խնդիրներ, բայց դրանք մանրուքներ են այն անվտանգային, գոյաբանական մարտահրավերների համեմատությամբ, որոնք ծառացած են պետության առջև՝ առավելապես Նիկոլ Փաշինյանի պատճառով։ Այդ մասին ամենալավը գիտի ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, դրա համար էլ հասարակությանը զբաղեցնում է ամենայն աղբով, խնդիրների իմիտացիաներով. սկսած պոկվող կախիչից՝ մինչև ձնամաքրման հարցեր։
Նիկոլ Փաշինյանն ամենատարբեր խնդիրներ քննարկելիս այդքան իջնում է իր կարգավիճակից, որպեսզի հանկարծ հասարակությունը չբարձրացնի իր միտքն ու հայացքը՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ խնդիրները ռեյտինգավորելու խնդրանքի, նրա իսկ ոճով չձևակերպի՝ «ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒՆԻ ՄԵԿ ԽՆԴԻՐ, ԵՎ ԱՅԴ ՄԵԿ ԽՆԴԻՐԸ ԴՈՒ ԵՍ»։
Հարություն Ավետիսյան