««Զանգեզուրի միջանցքը» պատրաստ է. ՌԴ-ի, ԵՄ-ի և Թուրքիայի միջև կա համաձայնություն. Իրանը ոչինչ չի կարող անել». Արմինե Ադիբեկյան
«Փաշինյանը պատրաստվում է 2026 թվականի ընտրություններին. արտաքին խաղացողների հետ արդեն ձեռք է բերել պայմանավորվածություն, որ մինչև 2026թ. լինելու է իշխանության: Արտաքին աշխարհը Եվրոպա, Ռուսաստան, Թուրքիա ընկերակցությունն է, որ նրանք չեն աջակցելու որևէ ընդդիմադիր, հականիկոլական շարժման, թույլ են տալու Փաշինյանին մինչև 2026 թվականը մնալ իշխանության և մասնակցել 2026թ. ընտրություններին: Հետևաբար, Փաշինյանն ուզում է 2026թ. ընտրություններին իր ընտրազանգվածին վաճառել, որ՝ ես ձեզ խաղաղություն եմ բերել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը:
Ըստ նրա՝ իրականում «խաղաղություն» գրված է լինելու միայն թղթի վրա. «Եթե Փաշինյանի ընտրազանգվածն առ այսօր վստահ է, որ 2020թ. պատերազմի պարտությունն իրականում հաղթանակ է, և Փաշինյանը 5000 զոհ տալով՝ փրկել է 25.000 մարդու, ապա բնական է, որ ցանկացած թուղթ, որի վրա գրված է՝ «խաղաղության պայմանագիր», հաշվի չառնելով՝ ինչ է ներառում այդ փաստաթուղթը, բնական է, որ նրանք ուտելու են և մարսելու են խաղաղության գաղափարը: Անգամ, եթե սահմանում շարունակելու են մարդիկ սպանվել, անգամ, եթե Ադրբեջանը շարունակելու է իր զավթողական ծրագրերը, անգամ, եթե Սևանը լինելու է սահմանամերձ և կիսված Հայաստանի և Ադրբեջանի միջև, անգամ, եթե Հայաստանի քարտեզը կորցնելու է մի քանի հազար քառակուսի կիլոմետր տարածք՝ թղթի վրա գրված է, որ Փաշինյանը խաղաղություն է բերել»:
Ադիբեկյանի խոսքով՝ Փաշինյանը չունի տեսլական, պատկերացումներ՝ հարցի հանգուցալուծման և, առավել ևս, հայ ժողովրդի ապագայի վերաբերյալ. «Նա 6 տարի է՝ կատարում է այն, ինչ նրան թելադրում են, առանց մտածելու հետևանքների մասին: Առանց միջնորդների բանակցությունները Ադրբեջանի հնավուրց թեզն է. մոտ 15 տարի առաջ այդ թեզը հնչել է, որ՝ մեզ պետք չեն միջնորդներ, մենք Հայաստանի հետ կարող ենք նստել, բանակցել և գալ ընդհանուր հայտարարի, ինչը նախորդ իշխանությունները կտրականապես մերժում էին, շատ լավ հասկանալով, որ Ադրբեջանն այն պետությունը չէ, որի հետ կարելի է ինչ-որ մի բանի մասին պայմանավորվել: Ալիևը երեկոյան փաստաթուղթ է ստորագրում առ այն, որ հրաժարվում է ուժի կիրառումից, առավոտյան մեր սահմանում հարձակում է տեղի ունենում և զինվոր է զոհվում: Ադրբեջանը խոսում է խաղաղ հանգուցալուծումից և դրանից երկու շաբաթ հետո հարձակվում Արցախի վրա: Դրա համար Ադրբեջանին պետք չէին միջնորդներ, որովհետև նրանք բավականին լուրջ, հեղինակավոր վկաներ են, որոնք կարող են արտաքին աշխարհում Ադրբեջանի համար լուրջ խնդիրներ ստեղծել:
Ադրբեջանին պետք էր լինել Հայաստանի հետ դեմ առ դեմ, որ իր ծրագիրն իրականացնի: Նախկին իշխանությունները դա շատ լավ հասկանում էին, որովհետև ունեին մասնագետների մի ամբողջ բանակ, որոնք այդ ուսումնասիրությունները կատարում էին, դրանց հիման վրա կատարում վերլուծական աշխատանքներ և տրամադրում երկրի առաջին դեմքերին, և նրանք շատ լավ պատկերացնում էին՝ ինչի մասին է խոսքը: Իսկ մի քանի շաբաթ առաջ, երբ Ալեն Սիմոնյանին ասացին՝ Ալիևը այսպիսի բան է ասել, ասաց՝ ես չգիտեմ, Ալիև չեմ կարդում, չեմ լսում: Դա անընդունելի է, դու չես կարող չիմանալ՝ քո թշնամի կամ, ինչպես դու ես ասում՝ եղբայրական երկրի առաջնորդն ինչ է խոսում քո երկրի և քո ժողովրդի ապագայի մասին: Հիմա Փաշինյանն անում է այն, ինչ ասում է Ալիևը. Ալիևն ասո՞ւմ է՝ մեզ միջնորդ պետք չէ, Փաշինյանն ասում է՝ մեզ միջնորդ պետք չէ, Ալիևն ասո՞ւմ է, որ պետք է Սևանի կեսը տաս, Փաշինյանը համոզում է, որ Սևանի կեսը պետք է տալ»:
Դիտարկմանը՝ ՀՀ իշխանությունները պնդում են՝ որևէ մեկը չի կարող իրենց պահանջներ ներկայացնել, նա արձագանքեց. «Սո՛ւտ: Կիրանցը ձեզ օրինակ, ամռանն արդեն սկսել են Վարդենիսի բնակչության հաշվեհամար անել, այսինքն՝ պետք է հասկանան՝ ինչքան մարդ են տեղահան անելու, որ այդ տարածաշրջանը զիջեն Ադրբեջանին, Տիգրանաշենն արդեն պատրաստ է, «Զանգեզուրի միջանցքն» արդեն պատրաստ է, որովհետև քննարկումը հասել է այն փուլին, թե ով է կառավարելու այդ միջանցքը: Այսինքն՝ միջանցքի ոչ թե նախնական, այլ հիմնական պայմանավորվածությունները ձեռք են բերվել, կան ստանձնված պարտավորվածություններ»:
Անդրադառնալով ՌԴ կողմից նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի վկայակոչմանը, Արմինե Ադիբեկյանը հետևյալն ասաց. «Ռուսաստանն իր նոյեմբերի 9-ի փաստաթղթով կարող է գնալ շատ հեռու և ընդմիշտ: Երբ Ռուսաստանն իր խաղաղապահ զորքերով չկարողացավ պաշտպանել Արցախը և մատը մատին չխփեց, երբ դա մտնում էր ՌԴ պատասխանատվության տակ: Ես չեմ հանում ՀՀ իշխանությունների պատասխանատվությունը, որովհետև թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, բայց եկեք հիշենք՝ այդ փաստաթղթի հիման վրա ՌԴ պարտավորությունները՝ անվտանգություն, միջանցք՝ Հայաստան-Արցախ և պաշտպանություն: Էլի կետեր կային, բայց հիմա Արցախի մասին ենք խոսում: Ո՞ւր է Արցախը, ո՞ւր է միջանցքը, ո՞ւր են ռուս խաղաղապահները: ՀՀ իշխանությունների «հանճարեղ» քաղաքականության հետևանքով Ռուսաստանը հիմա Ադրբեջանի հետ է համագործակցում, այսինքն՝ այն դերը, որը ժամանակին կատարում էր Հայաստանը, հիմա շատ մեծ հաջողությամբ իրականացնում է Ադրբեջանը: Ռուսաստանը «Զանգեզուրի միջանցք»-ի գաղափարն իրականացնում է՝ հօգուտ Ադրբեջանի, որովհետև դա բխում է ոչ միայն Ադրբեջանի և Թուրքիայի, այլ նաև՝ ՌԴ շահերից»:
Նա ընդգծեց՝ «Զանգեզուրի միջանցք»-ի իրականացումը ձեռնտու է բոլորին՝ բացի Հայաստանից և Իրանից. «Դա պետք չէ Հայաստանին, որովհետև Հայաստանն իր տարածքում չի վերահսկելու զգալի հատված: Ռուսաստանի, Թուրքիայի և Եվրոպայի միջև կա համաձայնություն, որ Փաշինյանը մնա իշխանության. ««Զանգեզուրի միջանցք»-ի հարցում էլ չկա անհամաձայնություն այդ երեք ուժերի մեջ: Երբ ինչ-որ մի տեղ բախվում են ֆինանսական և տնտեսական շահեր, կարող են պայմանավորվել: Նույն եվրոպական երկրները ՌԴ-ի հետ մեծ հաճույքով առևտուր են անում՝ շրջանցելով սանկցիաները: Մեր միակ դաշնակիցը մենք ենք: Նույն Իրանը երբեք չի մտնի պատերազմի մեջ՝ պաշտպանելով «Զանգեզուրի միջանցքի» չկայանալը: Իրանն անգամ իր սեփական շահերը չի կարողանում պաշտպանել. Նախագահ սպանեցին, գեներալ սպանեցին, Իրանը մատ թափ տվեց, բայց ռադիկալ քայլերի չգնաց, որովհետև հասկանում է, որ կարող է այդ պատերազմի տակից չկարողանա դուրս գալ: Ձեզ ի՞նչ է թվում, «Զանգեզուրի միջանցք»-ի համար պատերա՞զմ է սկսելու»:
Ըստ նրա՝ Ադրբեջանը վաղ թե ուշ պատերազմ է սկսելու՝ Սյունիքը գրավելու համար. «Եթե աշխարհի համար «Զանգեզուրի միջանցք»-ը տնտեսական իմաստ է կրում, Ադրբեջանի համար դա առաջին քայլն է՝ Սյունիքն օտարելու, կտրելու Հայաստան-Իրան սահմանը: Հայաստանը պետք է այնքան պատրաստված լինի այդ պատերազմին, որ այն շուռ տա Ադրբեջանի դեմ և վերականգնի այն սահմանները, որոնք եղել են 2018թ.: Թղթով խաղաղությունը մի բան է, կերտված և ապահով խաղաղությունը՝ բոլորովին այլ: Եթե քո երկիր թշնամի է մտնում և տարածք է զավթում, դու կարող ես այն զիջել, ինչպես զիջեցիր Արցախը, Տավուշը, հիմա զիջելու ես Գեղարքունիքը, Արարատի մարզը և Սյունիքը, դու պետք է պայքարես և պաշտպանես այն, ինչ ունես, և վերականգնես այն, ինչ կորցրել ես վերջին 6 տարիների ընթացքում: Ճշմարտությունը սա է, իսկ պոպուլյար է այն, ինչ Փաշինյանն է լցնում իր ընտրազանգվածի ականջներին: Ճշմարտությունը միշտ լինում է տհաճ, և ավելի լավ է՝ այդ տհաճ ճշմարտությունն իմանաս՝ պատրաստվես և կարողանաս կանխել այդ տհաճ ապագան, կամ ընդունես այն, ինչ քեզ մատուցել են այս քայլող թյուրիմացությունները»:
Ադիբեկյանի գնահատմամբ՝ Փաշինյանն անհանգստանալու ոչինչ չի տեսնում այն ամենում, ինչ կապված է Հայաստանի և հայ ժողովրդի ոչնչացման հետ. «Փաշինյանի համար գոյություն ունի մի հայ ժողովուրդ՝ իր քայլող ոհմակը և ընտանիքի անդամները: Եթե նրանք կուշտ են, ուրախ են և կարող են իրենց թույլ տալ այս ծանր իրավիճակում, լուրջ միջազգային ընդվզումների պարագայում գնան՝ հանգստանան, հեծանիվ քշեն, ֆիթնես ակումբներում ճարպ հալեցնեն, իհարկե, անհանգստանալու բան չկա: Չեն կարողանալու խուսափել պատասխանատվությունից»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում