Փոսի դպրոցի խնդրով ՄԻՊ-ում ուսումնասիրություն է սկսվել. Կպահանջվեն պարզաբանումներ
Երեկ 168.am-ն ահազանգել էր Արաբկիր համայնքի Մարշալ Բաղրամյան պողոտայի թիվ 57/3 հասցեում գտնվող Հակոբ Օշականի անվան թիվ 172 դպրոցի՝ (Փոսի դպրոց.- Գ.Ս.) անմիջական հարևանությամբ 35 հարկանի շենքերի կառուցման պատճառով հեռավար ուսուցման անցնելու մասին:
Նշել էինք, որ այն, ինչ հիմա տեղի է ունենում թիվ 172 դպրոցում, մեծագույն խայտառակություն է, և եթե նման բան տեղի ունենար, ասենք, նախկին իշխանությունների օրոք, երբեմնի քաղհասարակություն ու իրավապաշտպաններ կոչվածներն իրենց երևի Հանրապետության հրապարակում կհրկիզեին, բայց նախ՝ պահանջելով ողջակիզել ողջ կառավարությանն ու քաղաքապետին հատկապես:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթվա վերջում այնպիսի դղրդոց է եղել հավանաբար պայթեցման աշխատանքների ժամանակ, որ դպրոցում մտածել են՝ երկրաշարժ է, ու սկսվել է դպրոցի աշակերտների տարհանումը:
Քիչ թե շատ նորմալ ցանկացած երկրում շինարարությունն անհապաղ կդադարեցնեին, սակայն դպրոցին հրահանգում են ծնողներին տեղյակ պահել, որ «Վաղը դպրոցում դաս չի լինի հարակից տարածքում կատարվող շինարարական աշխատանքների պատճառով։ Երկուշաբթի կտրվի լրացուցիչ տեղեկատվություն դասապրոցեսի կազմակերպման մասին։ Խնդրում եմ արագ արձագանքել»:
Այսինքն՝ փոխանակ անհապաղ շինարարությունը դադարեցնեն, ընդհատվում են դպրոցի դասերը, խաթարվում է երեխաների կրթության իրավունքը, իսկ որևէ պատկան մարմնի արձագանք, բնականաբար, չկա:
Բայց սա դեռ ամենը չէ: Երեկ տեղեկացանք, որ Քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտա Խաչատրյանը դպրոցի տնօրեն Գայանե Մկրտչյանին շրջաբերական է ուղարկել, որում հրահանգել է անցնել հեռավար ուսուցման:
«ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի՝ Երևանի քաղաքապետին ուղղված 2024թ. սեպտեմբերի 6-ի գրությամբ տեղեկացվել է, որ սույն թվականի սեպտեմբերի 6-ին «Երևանի Հ. Օշականի անվան հ. 172 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում արձանագրված ցնցումների պատճառները պարզելու համար անհրաժեշտ է մասնագիտացված կազմակերպությունների կողմից իրականացնել ինժեներաերկրաբանական հետազոտություններ՝ տարածքի գրունտի կառուցվածքը և շինարարական աշխատանքների ու շենքի ցնցումների միջև կապը պարզելու համար, ինչպես նաև անցկացնել շենքի սեյսմակայունության ուսումնասիրություններ»,- մասնավորապես գրված էր Քաղաքապետարանից դպրոց ուղարկված գրության մեջ:
Մեր հրապարակումից հետո Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակն արձագանքել է խնդրին:
Նախ մեզ ասացին, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մեր կողմից բարձրացված հարցի վերաբերյալ դիմում-բողոք չի ստացվել:
«Միևնույն ժամանակ, տեղեկացնում ենք, որ հաշվի առնելով լրատվամիջոցի հրապարակումը՝ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմում անհապաղ սկսվել է ուսումնասիրության ընթացակարգ: Համապատասխան պարզաբանումներ կպահանջվեն իրավասու պետական մարմիններից»,- ասացին ՄԻՊ աշխատակազմից: