Երևանն ու Բաքուն հեռանում են Խաղաղության համաձայնագրի ստորագրման հանգրվանից․ Տարասով

Այսօր Երևանում կազմակերպված «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի բացման ելույթում Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ վերահաստատեց՝ ՀՀ իշխանությունները պատրաստ են Ադրբեջանի հետ ստորագրել այն տեքստը, որն արդեն իսկ համաձայնեցված է՝ 13+3 սկզբունքով։

Նա նաև բացահայտեց, որ համաձայնեցված դրույթներից մեկով նախատեսվում է Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատում։

Ըստ Փաշինյանի, Խաղաղության պայմանագրի նախագծի այս պահի դրությամբ առկա արդյունքներով՝ 13 հոդվածներ և նախագծի նախաբանն ամբողջությամբ համաձայնեցված են, ևս 3 հոդվածներ, որոնք բաղկացած են հիմնականում 2 նախադասությունից, մասնակի համաձայնեցված են։ Նրա պարզաբանմամբ, եթե ավելի առարկայական, ապա այդ հոդվածների նախադասություններից 1-ը համաձայնեցված է, մյուսը՝ համաձայնեցված չէ:

«Մենք առաջարկում ենք վերցնել այս պահին այն, ինչ համաձայնեցված է, ստորագրել, ունենալ հիմնարար փաստաթուղթ, որից հետո շարունակել քննարկումները մնացած հարցերի վերաբերյալ, մանավանդ, որ հենց խաղաղության պայմանագրի համաձայնեցված հոդվածներից մեկում նախատեսված է մեխանիզմ, որը երկու կողմերին՝ Հայաստանի Հանրապետությանը և Ադրբեջանի Հանրապետությանը, հնարավորություն կտա համատեղ մեխանիզմի միջոցով շարունակել քննարկումները: Եվ հետևաբար, մենք կարող ենք գնալ նման լուծումների և այդ առաջարկն արել ենք հրապարակային և պաշտոնապես: Եվ ես ուզում եմ վերահաստատել մեր պատրաստակամությունը, իմ պատրաստակամությունը՝ ստորագրել առաջիկա հնարավոր ժամկետում, ահա համաձայնեցված տեքստը խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի»,- նշեց Փաշինյանը։

Կարդացեք նաև

Խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումից նախօրեին Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասել էր նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, նշելով, որ այն լիովին համաձայնեցված է և կարող է ստորագրվել։ Եվ Նիկոլ Փաշինյանն այսօր, և Արարատ Միրզոյանը նախօրեին ասացին, որ անհնար է մեկ փաստաթղթով լուծել բոլոր հարցերը, և կան հարցեր, որոնք կմնան հետագա բանակցություններին։

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն նախօրեին արձագանքելով մասնավորապես Միրզոյանի դիտարկումներին, ասել է՝ Բաքուն անընդունելի է համարում ոչ ամբողջությամբ համաձայնեցված խաղաղության պայմանագրի ստորագրումը: Հաջիզադեն պնդել է՝ «երկու երկրների միջև խնդրահարույց հարցերը մի շարք ուղղություններով պետք է հստակեցվեն»։

«Համաձայնագրի նախագիծը ստորագրելու համար, առաջին հերթին, Հայաստանը պետք է համապատասխան փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ, որը մեր երկրի նկատմամբ տարածքային պահանջներ ունի»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը՝ հավելելով, որ Հայաստանն իր ապաշրջափակման պարտավորությունները իբր թե չի կատարել։

Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Երևանը փորձում է ամեն կերպ առաջ մղել Արևմուտքի հետ համաձայնեցված իր օրակարգը, սակայն ներկայումս առանց Արևմուտքի՝ այլ երկկողմ ձևաչափով։

Ըստ նրա, մի կողմից՝ ՀՀ իշխանությունները նշում են, թե միջնորդներ հարկավոր չեն, նկատի ունենալով Ռուսաստանին, մյուս կողմից՝ առաջարկում են ստորագրել համաձայնագիրն ըստ էության առանց միջնորդների, թույլ չտալով ՌԴ-ին մոտենալ բանակցային գործընթացին։

«Երևանը, իհարկե, չի բացառում, որ միջնորդներ կարող են լինել, սակայն ներկայումս առաջ է մղում իր օրակարգը, փորձելով չկատարել Բաքվի օրակարգ բերած նոր և հին պահանջները՝ խոսքը Սահմանադրության փոփոխության և Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի մասին է։ Բաքուն չի շտապում, թեև մի որոշ ժամանակ առաջարկում էր ստորագրել համաձայագիրը նոյեմբերին նախատեսվող միջազգային համաժողովի շրջանակներում։ Երևանի տեսլականն է ստորագրել պայմանագիրը առանց ՌԴ ներկայության, ազդեցության, իսկ հետագա պայմանավորվածություններում գուցե կցել նաև Արևմուտքին։

Արևմուտքի ցանկությունը հենց սա էր, որպեսզի կամ կողմերը բանակցեն ուղիղ, կամ բանակցեն Արևմուտքում, բայց ոչ մի պարագայում չբանակցեն ՌԴ միջնորդությամբ»,- նշեց Ստանիսլավ Տարասովը։

Ըստ Տարասովի, լիովին հասկանալի չէ նաև, թե կոնկրետ ինչ է նախապատրաստվում դիվանագիտական հարթակում անել Ադրբեջանը՝ ցանկանո՞ւմ է այս հարցով աշխատել Ռուսաստանի հետ, թե՞ ոչ։

«Չի բացառվում, որ իր դիրքորոշումներից չհրաժարվելու դեպքում Ադրբեջանը փորձի ամեն դեպքում Ռուսաստանին ներգրավել բանակցային գործընթաց։ Այս ընթացքով գնալու դեպքում շուտ ստորագրում սպասելը հնարավոր չէ։

Իհարկե, ես գտնում եմ, որ կարելի էր գնալ հեշտացված ճանապարհով, սակայն կարծես ինչ-որ բաներ ընթացքում փոխվում են, ինչը կանխատեսել ենք՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքականությունն ու ռեգիոնալ վերադասավորումների բարդությունը։ Առանձին խնդիրներ են նշմարվում ռուս-իրանական տիրույթում, այստեղ ուղիղ ՌԴ-Իրան բանակցություններ են սպասվում, ինչն ավելի լավ է, քան պարզապես դիվանագիտական հայտարարություններով փոխանակվելը։

Մի քանի ուղղությամբ անորոշությունները թույլ են տալիս ենթադրել, որ բանակցությունները մի քանի ուղղությքամբ կշարունակվեն, և գուցե ԲՐԻԿՍ-ի հարթակում հանդիպումներ նախաձեռնվեն հոկտեմբեր ամսին»,- նկատեց նա։

Տեսանյութեր

Լրահոս