Հիմա պատմեմ, թե ինչ է ասել Կարեն Կարապետյանը
Նոյեմբերի 7-ին ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը «Իմնեմնիմի» պոդքասթի ձևաչափով տված ծավալուն հարցազրույցում ասել էր, որ Նիկոլ Փաշինյանը 2018-ի շարժման ժամանակ ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին ասել է, որ իրեն առաջարկել են փոխվարչապետի պաշտոն, եթե ինքը փողոցը հանդարտեցնի։
Նոյեմբերի 12-ին լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն արձագանքեց այս հայտարարությանը՝ նշելով, թե հեղափոխությունը հրապարակային է եղել, և ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, որպես այդպիսին, հանդիպում չի եղել, ուստիև «թավշյա հեղափոխության» օրերին այն ուղիղ եթերի ձևաչափով չի ցուցադրվել:
Սակայն Փաշինյանին լրագրողները հիշեցրել են, որ Կարեն Կարապետյանի հետ ոչ հրապարակային հանդիպում ունեցել է ինքը:
«Այո, Կարեն Կարապետյանի հետ հանդիպում է եղել մեկուսարանում, կներեք, մոռացել էի: Երկրորդը՝ խոսվում է դեսպանների մասին, ես հատուկ այդ թեմայով դեսպանների հետ հանդիպում եմ արել հեղափոխության ժամանակ: Իրենք հանդիպում են ուզել ինձնից: Այդ հանդիպման նպատակը եղել է, որ իրենք ասել են՝ կարող են օգնել, աջակցել ինձ, ես ասել եմ՝ անընդունելի է ինձ համար, ես ՀՀ ներսում օտարերկրյա դեսպանների միջնորդության կարիքը չունեմ, որ մեր քաղաքական օրակարգն առաջ մղենք:
Այսինքն՝ ցանկացած թեմա, որ ինչ-որ մի դեսպանի միջոցով ինչ-որ մի առաջարկ է արվել, դա ի սկզբանե սուտ է։
Իսկ Կարեն Կարապետյանի հետ բանտում հանդիպումը…, հիմա շատ լավ առիթ է, որ պատմեմ, թե ինչ է եղել բանտում Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ։ Կարեն Կարապետյանը եկել է և խոսել է Սերժ Սարգսյանի անունից։ Փորձ է արել նենց անել, որ իրենք ինձ ազատում են, և հեղափոխական պրոցեսը չի շարունակվում, ես ասել եմ՝ ոչ։
Իսկ փոխվարչապետի պաշտոնի մասին ընդհանրապես որևէ մեկի հետ որևէ ակնարկ կամ խոսակցություն տեղի չի ունեցել։ Ընդհանրապես որևէ պաշտոնի մասին խոսակցություն չի եղել, ես թույլ չէի տա, որ նման խոսակցություն լիներ: Ես բացառում եմ, որ ուրիշ փաստ, ձայնագրություն լինի: Ես բացառում եմ, որ որևէ ձայնագրություն կլինի, որն իրենց ասած և իմ կողմից հերքված որևէ նյուանս կապացուցի»,- մանրամասնեց Փաշինյանը:
Նա շեշտեց՝ Կարեն Կարապետյանն իր առաջարկն ուղիղ չի արել, այլ ակնարկել է, ուստի եթե նա հերքի դա, Փաշինյանը կհասկանա։
«Ակնարկել է ենթատեքստերով, որ իրենք ինձ, մեզ ազատեն, հեղափոխությունը դուրս գա օրակարգից, և Կարեն Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել, որ ինքը՝ որպես բոլորի կողմից ընդունելի թեկնածու, ստանձնի իշխանությունը։ Ես ասել եմ՝ դա ընդունելի չէ ինձ համար, Սերժ Սարգսյանը պետք է հեռանա։ Կարեն Կարապետյանը հեռացել է, հետո վերադարձել է և ասել է, որ Սերժ Սարգսյանն ասել է` պատրաստ է հրաժարական տալ, բայց առաջարկում է, որ դա տեղի ունենա Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից հետո։ Ես ասել եմ, որ դա անընդունելի է»,- հայտարարեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Կարեն Կարապետյանն այդ անգամ էլ է հեռացել, հետո վերադարձել (Փաշինյանը ենթադրում է՝ գնում էր, Սերժ Սարգսյանի հետո խորհրդակցում) և ասել, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է հրաժարական տալ հունիսին։ Սրան ևս Փաշինյանը չի համաձայնել, պնդել է` պետք է հրաժարական տա այսօր, վաղը, մաքսիմում՝ մյուս օրը։
«Դրանից հետո ինքը գնացել է, եկել ու ասել՝ ընդունելի է այդ տարբերակը»,- ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում

