Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների ստորագրած կանոնակարգի ամփոփաթերթում բացակայում է ուժային կառույցների և ՏԿԵ-ի կարծիքը, ինչո՞ւ

Ապրիլի 22-ին ՀՀ կառավարության e-gov.am կայքում հրապարակվել էր Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խմբի ձևավորման մասին:

Աշխատանքային խմբի կազմում ՊՆ-ն և ԳՇ-ն ներկայացուցիչներ ունեն՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյան, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյան, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ Սերգեյ Պետրոսյան:

Այստեղ ներկայացված է նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը՝ ի դեմս ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Էդգար Հունանյանի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետ (աշխատանքների կազմակերպման համակարգող) Դավիթ Սանամյանի:

Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խմբում ներգրավված են նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը, ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Գրիգորյանը:

Կարդացեք նաև

 

Դեռ օրեր առաջ հրապարակված և ՀՀ կառավարության սեպտեմբերի 5-ի նիստի օրակարգում ընդգրկված Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների ստորագրած կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագծի ամփոփաթերթից ենթադրում ենք, որ կանոնակարգն ուղարկվել է 3 գերատեսչության.

ՀՀ արդարադատության նախարարության գնահատականն այն է, որ Կանոնակարգը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր, իհարկե, ենթակա է ՀՀ սահմանադրության կողմից վավերացման,

ՀՀ ֆինանսների նախարարությունից էլ նշել են, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովն իր աշխատանքներում ներգրավում է փորձագետների և մասնագետների, կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացմանը: Ծախսերի չափը դեռ հնարավոր չի եղել նշել,

ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից էլ ասել են, որ Կանոնակարգով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

Այսինքն, կարևոր գերատեսչությունների պաշտոնական կարծիքը կամ գնահատականը, այդ թվում՝ ուժային, որոնք, ըստ էության, ինչ-որ առումով մասնակից են գործընթացին, գոնե վերը նշված տարբերակով բացակայում է, թեպետ հարցն անվտանգային է, և նրանց վրա բավականին պատասխանատվություն կա: Նույնը կարելի է ասել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության դեպքում:

Ինչո՞ւ է այսպես որոշվել, արդյո՞ք նրանց չի ուղարկվել Կանոնակարգն այս նպատակով, թե՞, օրինակ, ուժայիններին՝ ՊՆ, ԱԱԾ, միանգամայն ձեռնտու է, որ ամփոփաթերթում չերևա նրանց որոշակի գնահատականը, ժամանակը ցույց կտա:

Ի վերջո, գնահատական տալը ևս ենթադրում է պատասխանատվություն, և գոնե ՀՀ պաշտպանության նախարարությունը, նախարար Սուրեն Պապիկյանը՝ մասնակից լինելով Տավուշում սահմանազատման գործընթացին, բանակի հետքաշման, դիրքային փոփոխությունների վերաբերյալ պարզաբանումների և գնահատականների առումով աշխատել են պատասխանատվությունը դնել Նիկոլ Փաշինյանի վրա՝ հղում անելով նրա կողմից հնչած հայտարարություններին՝ «տրվել են պաշտոնական պարզաբանումներ և մեկնաբանություններ, որից զատ, ներկայումս հավելյալ տեղեկություն չենք կարող տրամադրել»:

Հավելենք, որ մի քանի օր է՝ Հայաստանը հրապարակել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների ստորագրած կանոնակարգը, դրա բովանդակությունը, սակայն ադրբեջանական կողմը՝ ոչ, թեպետ պետք է դա արվեր սինխրոն։ Ինչո՞ւ՝ հայտնի չէ:

Տեսանյութեր

Լրահոս