Բաժիններ՝

Իրավունքների հավասարություն

Կարդում ենք Միացյալ Ազգերի Կազմակերպության www.un.org կայքէջի «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր» գրությունը, որտեղ մարդու իրավունքների մասին հիշված է 30 հոդված: Օրինակ՝ այնտեղ նշված է, որ մարդու իրավունքն է ապահով ապրել (Հոդված 3), ուսանել (Հոդված 26), աշխատել (Հոդված 23), ամուսնանալ (Հոդված 16), հանգստանալ (Հոդված 24), տեղափոխվել իր երկրի մեջ կամ ճամփորդել այլ երկիր (Հոդված 13), քվեարկել (Հոդված 21) և այլն:

Գիտակից անձը ոչ միայն լավ ճանաչում է իր մարդկային իրավունքները, այլ նաև միշտ իր մտքում հիշում է մարդկանց իրավունքները: Նա արդար դատավորի նման կշեռքի երկու բաժինների վրա դնում է իր և մարդկանց իրավունքները:

Այս հոդվածի նպատակն է խոսել մարդկային իրավունքների մասին, ներկայացնել որոշ օրինակներ, որպեսզի դրանց միջոցով մեր համար հստակ լինի, որ ոչ միայն մենք ունենք իրավունքներ, այլ նաև մարդիկ՝ մեզ շրջապատող կամ ոչ, ծանոթ կամ անծանոթ: Ուստի միշտ նկատի առնենք մարդկանց իրավունքները մեր ամենօրյա կյանքում:

Մարդ և կին: Երբ Եվան մեղանչեց՝ ճաշակեց արգելված ծառից՝ բարու և չարի գիտության ծառից․ «Եվ կինը տեսավ, որ ծառի պտուղը լավ է ուտելու համար, հաճելի աչքերին՝ նայելու համար և գրավիչ՝ տեսնելու համար, վերցրեց նրա պտղից, կերավ և տվեց իր ամուսնուն, որ իր հետ էր, և կերան» (Ծննդ. 3:6), Աստված նրան դատապարտեց՝ 1. ցավերով զավակներ ծնել՝ ծննդաբերությունը ցավերով անցկացնել, 2. հնազանդ լինել իր ամուսնուն՝ Ադամին, 3. իր ամուսնու իշխանությանը ենթարկվել. «Իսկ կնոջն ասաց. «Պիտի անչափ բազմացնեմ քո ցավերն ու քո հառաչանքները։ Ցավերով պիտի զավակներ ծնես, քո ամուսնուն պիտի հնազանդվես, և նա պիտի իշխի քեզ վրա» (Ծննդ. 3:16)։ Պողոս առաքյալը կորնթացիներին ուղղված առաջին նամակում ասում է, որ կնոջ գլուխը տղամարդն է. «Ուզում եմ, որ դուք գիտենաք, որ ամեն տղամարդու գլուխը Քրիստոսն է, կնոջ գլուխը՝ տղամարդը» (Ա. Կորնթ. 11:3)։

Կարդացեք նաև

Հստակ է, որ տղամարդը կնոջ գլուխն է, իշխանություն ունի նրա վրա, ուստի կինը պետք է հնազանդվի իր ամուսնուն: Սակայն իշխանություն ունենալ չի նշանակում բռնակալության իրավասություն ձեռք բերել, կնոջ մարդկային իրավունքները ոտնահարել կամ անտեսել, բոլոր հրահանգների, նույնիսկ սխալ բնույթ ունեցող հրահանգների գործադրումը պահանջել:

Եթե կնոջ վրա իշխանություն ունենալը պիտի համարվի Աստծո կողմից տղամարդուն տրված իրավունք, ապա կնոջ իրավունքն է սիրված և հարգված լինել իր ամուսնու կողմից․ «Ամուսիննե՛ր, սիրե՛ք ձեր կանանց այնպես, ինչպես Քրիստոսը սիրեց եկեղեցին և իր անձը մատնեց նրա համար» (Եփես. 5:25), «Տղամարդի՛կ, սիրե՛ք ձեր կանանց և մի՛ դառնացրեք նրանց» (Կող. 3:19): Տեղին է նշել, որ ցանկացած տեսակի հնազանդություն պետք է համապատասխանի Աստծո պատվիրաններին, որովհետև գրված է. «Պետք է առավել Աստծուն հնազանդվել, քան մարդկանց» (Գործք 5:29)։

Ուստի ամուսինը և կինն ունեն իրավունքներ և պարտավորություններ: Անարդար է խոսել նրանցից մեկի իրավունքի մասին և անտեսել երկրորդի իրավունքը:

Մայր և մանուկ: Կարդում ենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության www.who.int/news կայքի 2024-ի մայիսի  17-ի տեղեկատվության մեջ․ «Ամեն տարի աշխարհում տեղի է ունենում մոտ 73 միլիոն աբորտ»:

Զարմանալի է, որ կան կանայք, որոնք շեշտում և պնդում են, որ վիժումը մարդկային իրավունք է՝ ունեն վիժում անելու բացարձակ իրավունք անկախ պատճառից, որովհետև մարմինը իրենց մարմինն է, իրենք են հղի, իրենք են հանդուրժելու հղացման և ծննդաբերության ցավերը, իրենք են տարիներով խնամելու որովայնից լույս աշխարհ եկող մանկանը:

Այո, կնոջ իրավունքն է հղիանալ և մայր դառնալ, բայց նաև արգանդում գտնվող նորակազմ մանկան իրավունքն է լույս աշխարհ գալ, ապրել, մեծանալ, ուսանել, աշխատել, սիրել, ընտանիք կազմել, ճամփորդել և այլն: Չի կարելի վիժումը որպես մարդասպանություն չընդունել, այլ ընդունել որպես կնոջ իրավունք՝ անկախ պատճառից, և անտեսել արգանդում գտնվող նորակազմ մանկան ապրելու իրավունքը:

Ուսուցիչ և աշակերտ: Այո՛, աշակերտի իրավունքն է հարգված լինել ուսուցչի կողմից՝ չլսել նրանից արհամարհական և սպառնալի խոսքեր, լավ և գրավիչ մեթոդներով ընդունել դասերը, բայց նաև ուսուցիչը ունի իրավունքներ՝ հարգված լինել աշակերտի կողմից, այսինքն՝ վերջինս դասի ժամանակ լինի զուսպ՝ չկատարի կողմնակի խոսակցություններ, չծիծաղի, չտարվի հեռախոսով և այլն:

Արդար չի լինի, եթե ամեն տարի ուսումնական տարեշրջանի սկզբում ծածանվի աշակերտների իրավունքների դրոշը, մինչդեռ քիչ խոսքեր հնչվեն ուսուցիչների իրավունքների մասին:

Գործատու և գործավոր: Գործատուն և գործավորը ունեն պարտավորություններ և իրավունքներ: Երբեմն որոշ գործատուներ փորձում են ապօրինի ձևով ընդարձակել իրենց իրավունքների շրջանակը: Օրինակ՝ աշխատանքով ծանրաբեռնված օրվա ավարտին գործատուն իրավունք չունի պահանջել իր գործավորից, որ մնա աշխատավայրում և հավելյալ ժամեր աշխատի: Նա իրավունք չունի, որովհետև գործավորը ամբողջ օրը աշխատեց, և նրա իրավունքն է տուն գնալ և հանգստանալ:

Մեկ այլ օրինակ․ COVID-19 համաճարակի ժամանակ որոշ կազմակերպություններ, ընկերություններ, ցավոք, պարտադրեցին իրենց աշխատակիցներին, որ պատվաստում ստանան, մերժեցին թեստավորումը, ինչը որ աշխատակիցների իրավունքն էր, ու ժամանակի ընթացքում սկսեցին երևան գալ այդ պատվաստումների բացասական ազդեցությունները:

Անձ և հարևան: Կան անձեր, որոնք բարձրաձայն խոսում են իրենց մարդկային իրավունքների մասին, բայց նույն մարդիկ քարի պես լուռ են, երբ թեման իրենց շրջապատող մարդկանց իրավունքներն է: Մի պարզ օրինակ՝ մարդը, եթե ուզում է շուն պահել իր տան մեջ, իր իրավունքն է, բայց մյուս կողմից՝ կա հարևանների իրավունքը՝ գիշերը հանգիստ քնելը՝ չլսելը պատշգամում շոգին և ցրտին կապված խեղճ շան անընդհատ հաչոցը: Տակավին կա շան իրավունքը՝ բնական, առողջ պայմաններում ապրելը։ Չի կարելի մի իրավունքով մյուս երկու իրավունքները ոտնակոխել կամ անտեսել։  Աստվածաշունչը ասում է հարևանի մասին. «Մոտիկ հարևանը հեռու եղբորից լավ է» (Առակ. 27:10):

Տակավին կարելի է խոսել կղերականի և աշխարհականի, բժշկի և հիվանդի, բանտապետի և բանտարկյալի, ծերի և փոքրի, պաշտոնյայի և սովորական քաղաքացու իրավունքների և պարտավորությունների մասին:

Թեմային առնչվող զանազան իմաստուն խոսքեր:

  • «Յուրաքանչյուր իրավունք ունի համապատասխան պարտականություն: Դու իրավունք ունես, որ Հայրենիքը աշխատի քեզ համար։ Քո պարտքն է աշխատել հանուն Հայրենիքի» (Շենուդա Գ պատրիարք)։
  • «Նրանք, որոնք հանրության դեմ որևէ պարտավորություն չունենալու գաղափարը ունեն, ողորմելի եսամոլներ են, աննշան և անօգուտ մարդիկ» (Գրիգոր Զոհրապ)։
  • «Վատ ուսուցիչը՝ մի դպրոցի մեջ՝ աշակերտի խորթ ծնողն է» (Իվան Աթայան)։
  • «Ով ինձ տառ սովորեցրեց, նա իմ հայրն է ցմահ» (Չինական ասացվածք)։

Գևորգ սրկ. Նալբանդյան

Աստվածաբանական գիտությունների դոկտոր

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս